Նարե Շարմազանովա

Վեր կաց, եղբայր իմ, երգս կիսեմ քեզ հետ…

Երբ փոքր էի, ծնողներս պատմում էին մեր զինվորների, նրանց սխրանքների մասին: Ասում էին, որ ինչքան էլ ցավոտ լինի ֆիզիկական բաժանումը և կարոտը, պետք է հպարտանալ նրանով և հասկանալ, որ նա զոհվել է այն հույսով, որ կփայփայենք մեր հայրենիքը: Միշտ ցավել եմ դիրքերում մահացող ամեն մի զինվորի համար, բայց երբեք չեմ պատկերացրել` ինչ են զգում նրանց հարազատները:  

Համացանցը փորփրելիս գտա կրկին հերոս Ադամի մասին պատմող նյութերը, որը ընդամենը քսաներկու տարեկան հասակում զոհվել էր հանուն հայրենիքի:

Նայում էի նրա նկարին և ինչքան շատ էի նայում, այնքան ավելի էի սուզվում նրա վառ ցայտուն աչքերի և անմեղ, բարի ժպիտի մեջ: Կարծես իմ ու Ադամի մեջ ինչ-որ կապ կար, և մենք կարողանում էինք հաղորդակցվել, չնայած նրան, որ ինքը արդեն չկար: Տարօրինակ է հնչում, չափազանց տարօրինակ…

Ինչքան անբացատրելի էր ինձ համար այն կորստի զգացումը, որը ապրում էին նրա հարազատները, նույնչափ անբացատրելի էր նրա կերպարը: Ներկայիս իրականության մեջ, դաժան իրականության մեջ,  մարդիկ գոյատևում են իրար դավաճանելով, մեկը մյուսին վատություն անելով և դրանից շահ գտնելով:

Ինձ համար լիովին անհասկանալի էր, հարցը պտտվում էր գլխիս մեջ և հանգիստ չէր տալիս: Ինչպե՞ս կարող է մարդը զոհել իր կյանքը, իր անկատար թողնել երազանքները, նպատակները, հանուն իր ազգի:

Ես ուղղակի կարկամել եմ: Ադամի և նրա նման հերոսները զոհվում են, որպեսզի մենք գնահատենք այն, ինչ ունենք: Գնահատենք այն խաղաղ Հայաստանը, որտեղ ապրում ենք: Գնահատենք Հայաստանի ամեն մի մասնիկը, և հասկանանք, որ դա ուղղակի հող չէ կամ ուղղակի հայրենիք չէ: Մենք դարերով պայքարել ենք և շարունակում ենք պայքարել մեր երկրի անդորրի համար, և Ադամի նման քաջերը շարունակում են զոհել իրենց կյանքը հուսալով, որ մենք կգնահատենք մեր հայրենիքի ամեն մի ոստը, ամեն մի շյուղը…

Եվ երբ այդ ամենը հասկացա, կրկին մի անըմբռնելի զգացմունք արթնացավ մեջս: Որևէ կապ չունենալով Ադամի հետ, սկսեցի սիրել նրան և հպարտանալ նրանով: Այնպես, ինչպես ոչ մեկով չէի հպարտացել: Սակայն դա տևեց գեթ մի պահ և ես կրկին հիշեցի, որ Ադամը այլևս չկա…

Այդ պահին մայրիկս մտավ սենյակ և առանց որևէ նախաբանի ասաց.

-Նա երկնքում է և Հիսուսի մոտ է: Վայելում է իր փառքը, նա անմահացել է…

-Անմահացե՞լ է…

Այդ պահին ակամայից հիշեցի Վարդան Մամիկոնյանի վսեմ խոսքը.

«Մահ չիմացյալ` մահ, մահ իմացյալ` անմահություն…»

 

Աչքիս առջև բացվեց մի տեսարան: Տեսնում եմ Ադամին. նա իր վառ ցայտուն աչքերով և անմեղ բարի ժպիտով նայում է ինձ:  Մենք հանդիպում ենք երկնքում: Իսկ ես,  ինչքան հնարավոր է, ամուր գրկում եմ նրան և բաց չեմ թողնում…

«Վեր կաց, եղբայր իմ, նոր օրն է արթնացել…

Վեր կաց, եղբայր իմ, նոր կյանքն է շունչ առել…»