Shushan nersisyan

Տանիքում

Եթե ինչ-որ բան հիշելու կամ ինչ-որ մեկին կարոտելու կարիք ունես, ապա տանիքն ամենահարմար տեղն է…

Ինչ-որ խորհրդավոր անբացատրելիություն կա տանիքներում, հատկապես` բարձրահարկերի: Եթե դու որոշել ես կտրվել երկրից, դու պիտի սպասես ինչ-որ կարմիր մայրամուտի ու հայտնվես ինչ-որ բարձրահարկի տանիքում: Վե՜րջ, քեզ էլ ոչինչ պետք չէ, մնում է՝ նստես, ձեռքերով գրկես ծնկներդ, աչքերդ փակես ու սկսես ինչ-որ բան հիշել կամ ինչ-որ մեկին կարոտել…

Տանիքներում են հյուսվում մոլորակի ամենագեղեցիկ հեքիաթները, որոնք երբևիցե չեն պատմվում մարդկանց: Տանիքների հեքիաթները հյուսվում են պահի համար ու պահի արագությամբ անհետանում են, խառնվում օդին: Եթե այնպես ստացվի, որ մայրամուտներից մեկի ժամանակ տանիք բարձրանաս ինչ-որ մեկի հետ ու այլևս այդ հեքիաթը կրկնելու հնարավորություն չունենաս, հետո պիտի ինչ-որ կորցրած թանկություն գտնելու հույսով անընդհատ միայնակ բարձրանաս, որովհետև տանիքներն իրենց գիրկը կանչող առեղծվածային հատկություն ունեն: Ու երբ չես գտնի ոչինչ ու կմնաս մենակ, երբ կզգաս, որ մրսում ես, կնստես, ձեռքերով կգրկես ծնկներդ, աչքերդ կփակես ու կսկսես հիշել կամ կարոտել…

Հորիզոնում կարմրին է տալիս մայրամուտը, ու դու որոշում ես կորցրած ինչ-որ թանկություն գտնելու հույսով բարձրանալ տանիք: Չես պատկերացնում՝ ինչ է քեզ այնտեղ սպասվում, որովհետև միայնակ դու երբեք տանիքներ չես բարձրացել: Ու երբ առաջին անգամ միայնակ կհայտնվես այնտեղ, ու երբ կհասկանաս, որ բղավոցներդ անարձագանք են մնալու, ու երբ կզգաս, որ լռությունը խլացնելու է, կսկսես մրսել…

Միայնությունի՜ց:

Դու բարձր ես, շա՜տ բարձր, դու բարձր ես բոլորից ու ամեն ինչից, դու երկնքի՜ն ես մոտ ու եթե ձեռքդ բարձրացնես, կարող ես ձեռքերով աստղերը խառնել: Դու երկնքի ու երկրի սահմանագծում ես, որ թվում է՝ շուտով կլանելու է քեզ, կամ դու ինքնակամ ես կլանվելու: Աստիճանաբար սկսում ես զգալ սրտիդ աշխատանքը, օդդ չի հերիքում, դու երկնքին այդքան մո՞տ: Առաջ չես գնում, որովհետև վախենում ես, չէ՜, որովհետև մենակ ես: Աչքերդ փակում ես, որ բարձրությունը չտեսնես, բայց չի օգնում, որովհետև բարձրությունները զգալու համար են, ու դու անգամ աչքերդ փակ զգում ես այն: Այդ սարսափեցնող բարձրությունը քեզ կանչում է իր գիրկը: Ուզում ես տրվել նրան, դառնալ նրանը, բայց մի ինչ-որ սառը քամի քո ուղղությամբ պտույտներ է անում, մազերդ խառնում ժպիտիդ ու փաթաթվում է քեզ, իսկույն սթափեցնում: Երբ աչքերդ բացում ես, դու քեզ գտնում ես տանիքի եզրին: Քեզ մի՜ քայլ էր մնացել, որ դառնայիր նրանը, բայց քամին ձեզ բաժանեց: Հետ ես գնում, որ… Երևի որ չընկնես…

Աջ ու ձախ ես նայում, որ կորցրածդ գտնես, բայց իզուր: Շրջվում ես, աչքիդ առաջ տեսլանում է քո՝ այդտեղ երբեք չկայացած ընթրիքն ու գինու այն բաժակը, որ ինքնավստահ կնոջը բնորոշ հպարտությամբ երբեք այդպես էլ չդատարկեցիր, այն տաք հագուստը, որ ձեզ տանիքում չմիավորեց ցրտից պաշտպանվելու համար, այն ծաղիկները, որ այդպես էլ երբեք քոնը չդարձան, այն խոսքերը, որ այդպես էլ երբեք չասացիր… Որովհե՜տև, որովհետև, քո հեքիաթը տանիքում կիսատ է մնացել, որովհետև հերոսներից մեկը ժամանակից շուտ է լքել տանիքն ու երկիր վերադարձել:

Հետո, երբ կզգաս, որ փնտրածներդ իրական չեն, տեսիլքներ են, դու կհասկանաս, որ ավելին ես կորցրել: Ու երբ չես գտնի ոչինչ ու կմնաս մենակ, երբ կզգաս, որ մրսում ես, կնստես, ձեռքերով կգրկես ծնկներդ, աչքերդ կփակես ու կսկսես հիշել կամ կարոտել:

Մայրամուտն անհետանում է երկնքի ինչ-որ անկյունում, վերջին կարմիրները դանդաղորեն սուզվում են, ու սկսում է մթնել: Քո բարձունքից գրեթե ոչինչ չի երևում, բացի բարձրահարկերից, որոնց պատուհաններն աստիճանաբար լուսավորվում են: Ամեն լուսավորված պատուհան իր արտացոլումն է գտնում երկնքում՝ աստղերի տեսքով: Գեղեցիկ գիշեր է:

Առաջին անգամ տանիքում մնալով մենակ՝ կհասկանաս, որ քո իմացած աշխարհից դուրս գոյություն ունի այլ աշխարհ, բոլորից հեռու մի տանիքային կյանք, ու գիտակցումը, որ դու արդեն ապրում ես այդ կյանքով, մեջդ տեղավորելու համար երկար ժամանակ է պահանջելու: Առաջին անգամ մնալով տանիքում ինքդ քեզ հետ, կհասկանաս, որ նրանք, ովքեր հիմա միայնակ են մնացել տանիքներում, ժամանակին այնտեղ մենակ չեն եղել: Կհասկանաս նաև, որ երբեմն կորցրածն այնքան թանկ է լինում, որ չի փոխարինվում, այն չեն փոխարինում՝ ո՜չ ժամանակը, ո՜չ մարդիկ, ո՜չ տանիքներն ու ո՜չ էլ կարմիր մայրամուտները:

Դու չես ուզում իջնել, որովհետև նեքևում՝ մարդկանց աշխարհում քեզ չեն հասկանալու, որովհետև այսուհետ դու նրանց նման սովորական կյանքով չես կարողանալու ապրել, քոնը այդ սովորական կյանքի լուսանցքում ստեղծված ու հասունացած տանիքային կյանքն է, որ չի ընդունվելու ներքևում՝ մարդկանց աշխարհում:

Բայց երբ զգաս, որ մենակությունդ աստիճանաբար անտանելի է դառնում, ու որ կորցրածդ թանկությունը տանիքում չես գտնելու, կշտապես իջնել, որ քեզ էլ չկորցնես: Իջնելուց առաջ մի վերջին անգամ կժպտաս, հետո ժպիտդ կթողնես տանիքում, նոր կվերադառնաս երկիր:

Չմոռանա՜ս ժպիտդ թողնել, որովհետև գուցե ինչ-որ մեկն էլ քո ժպիտն է կորցրել, ու մի օր անպայման բարձրանալու է տանիք՝ այն գտնելու անսասան հավատով: