Տաշած քարը գետնին չի մնա

Լուսանկարը՝ Հասմիկ Դոդոռյանի

-Սասունցի Դավիթ,- պատասխանեց նա խորին հպարտությամբ՝ հազիվ կարողանալով արտասանել այդ բառերը:

Մեր երկրում այդպիսի հարցեր տալ կարելի է նաև մեկ տարեկան երեխային: Զարմանալի է, բայց դա լիովին բնական է համարվում: Մենք՝ հայերս, սովոր ենք ավելի շուտ կողմնորոշել մեր երեխաներին մասնագիտության ընտրության հարցում: Դրանում համոզվելու համար բավական է հիշել մեր հին հայկական ավանդույթներից մեկը՝ ատամհատիկը: Մեր՝ հայերիս շրջանում այս սովորույթը բավականին սիրելի է: Չկա մի հայ երեխա, ում ատամհատիկ չեն արել, և այդ կարևորագույն իրադարձության ժամանակ իր շուրջ գտնվող փողերը հարազատներից մեկը ձեռքը չի խցկել, որպեսզի նա հետո հարուստ դառնա:

Երբ երեխան հանում է իր առաջին ատամը, հավաքվում են ամբողջ գերդաստանով, բազմաթիվ ընդեղեններից խաշած խառնուրդը լցնում փոքրիկի գլխին, կողքին բազմաթիվ մասնագիտություններին վերաբերող իրեր շարում  և  անհամբերությամբ սպասում, թե երեխան ո՞րը կընտրի: Համաձայն ավանդույթի՝ այն իրը, որին առաջինը կդիպչի փոքրիկը, դա կդառնա իր ապագա մասնագիտական գործիքը: Դրա համար փոքրիկի ծնողները, տատիկներն ու պապիկները, հորաքույրներն ու մորաքույրները, քեռիներն ու հորեղբայրները, հարևաններն ու հարևանների բարեկամները անպայման հոգում են, որ փոքրիկի դիմաց դրվեն միայն, այդ ժամանակ նրա համար բավականին անհետաքրքիր, «կանաչ թղթեր»,  գրիչ, տետր և վերջապես այդքան սարսափելի ներարկիչը: Տատիկս պատմել է, որ հին ժամանակներում այդ շարքը լրացրել են մկրատը, բահը, ուրագը, իսկ այդ արարողության համար մի քանի կտոր թուղթ ճարելու նպատակով դիմել են գյուղի փոստատարին կամ դպրոցի «դիրեկտորին»: Դե իհարկե, դրա համար կարելի էր մեծ զոհողության գնալ: Չէ՞ որ դրանով երեխայի ճակատագիրն էր որոշվում…

Ատամհատիկի «որոշումից» հետո անցնում են տարիներ, և ամեն տարվա հետ երազանքներն ու ցանկությունները փոխվում են: Սկզբից բոլոր երեխաներն ապրում են երազներով: Մեր օրերում 1-12 տարեկան երեխաների մեծ մասը երազում է դառնալ դերասան, երգիչ, մոդել, ֆուտբոլիստ կամ որևէ այլ հայտնի մարդ, իսկ այ, օրինակ, սովետական ժամանակներում՝ օդաչու, ուսուցիչ և այլն: Ասածս ապացուցելու համար բավական է հիշել հայտնի սովետական բանաստեղծությունը.

Կուզեմ դառնամ օդաչու,

Ամպերի մեջ սլանամ,

Սովետական աշխարհի

Անվախ հերոս կդառնամ…

Այս տողերը ժամանակին կարելի էր լսել յուրաքանչյուր երեխայի բերանից, ով ուներ իսկական սովետական դաստիարակություն: Բայց երբեմն երազանքները չեն իրականանում: Փոքրիկ օդաչուները դառնում են շինարարներ, դերասանները՝ հաշվապահներ, բժիշկները՝ մսագործներ և այլն…

Փոխվում են ժամանակները, փոխվում են ցանկությունները, փոխվում են մասնագիտություններն ու, վերջապես, մարդիկ: Որոշ մասնագիտություններ դառնում են հին ու ոչ արդիական, ինչպես օրինակ, մեքենագրուհին, որը բավականին պահանջված էր սրանից մի քանի տարի առաջ, բայց հիմա իմ սերնդակիցներից  քչերը գիտեն, որ այդպիսին նույնիսկ եղել է: Կան նաև մասնագիտություններ, որոնք այդքան էլ նորաձև չեն համարվում: Այդպիսիք են հիմնականում բնական գիտություններին և գյուղատնտեսությանը վերաբերվող ցանկացած մասնագիտություն: Դրան հակառակ, մեր հասարակության մեջ լավ մոդայիկ են համարվում տնտեսագիտությունը, իրավագիտությունը, դիվանագիտությունը և վերջապես լեզվաբանությունը, որոնց մասնագետների կտրուկ աճի շնորհիվ առաջարկը գերազանցում է պահանջարկին: Արդյունքում, աճում է գործազրկությունը: Այսպիսով, աղջիկների փայլփլուն դիպլոմները դառնում են իրենց օժիտի ամենակարևոր մասը, իսկ տղաները դրանք թողնում  են փոշոտ դարակների մի անկյունում և մեկնում արտագնա աշխատանքի: Իսկ ո՞վ է դրա համար մեղավոր… Արդյո՞ք դա սխալ կողմնորոշման արդյունք չէ…Իսկ ո՞վ պիտի լինի այդ ճիշտ կողմնորոշողը…

Մասնագիտությունների մասին խոսելուց չպետք է մոռանալ նաև մեր օրերում բուռն ծաղկում ապրող և համեմատաբար նոր  սոցիոլոգիայի, կիրառական մաթեմատիկայի և նման մի քանիսի մասին: Եթե դու ստեղծագործող, ճկուն միտք ունեցող և աշխատասեր անհատ ես, ուրեմն այս մասնագիտությունները հենց քեզ համար են:

Եթե սրանից հիսուն-վաթսուն տարի առաջ գյուղում ապրող երիտասարդի միակ հնարավորությունը կոլխոզնիկ դառնալն էր, ապա հիմա ընտրության հնարավորությունները բազմազան են: Դու կարող ես ընտրել ցանկացած մասնագիտություն, սովորել աշխարհի ցանկացած համալսարանում, կախված իհարկե քո գիտելիքների պաշարից, գործադրած ջանքերից, ինչու չէ, նաև փողից ու ծանոթից:

Մի խոսքով, առաջարկը շատ է, ընտրությունը՝բարդ, քանի որ կյանքում մի անգամ ես մասնագիտություն ընտրում, բացառությամբ որոշ դեպքերի, և ամբողջ կյանքում այն քեզ հետ է լինելու: Ամեն առավոտ դու նրա ձեռքից բռնելու ես ու տանես աշխատանքի: Առավոտից երեկո քեզ մոտ միայն նրա մասին են խոսելու: Այդ պատճառով դու պետք է համոզված լինես. ուզու՞մ ես նրա հետ ապրել ողջ կյանքդ, թե՞՝ ոչ: Պետք է հիշել նաև, որ մասնագիտությունն ինքնին փող աշխատելու միջոց է, ոչ թե միայն սիրված զբաղմունք, քանի որ, եթե դու սիրում ես քո գործը, բայց այն քո բնակավայրում արդիական չէ, և դու դրանով փող չես աշխատում, ապա մի օր կենցաղը կփաթաթվի վզիդ ու կխեղդի քեզ: Մասնագիտությունը առաջին հերթին սեփական ոտքերի վրա կանգնելու, որպես մարդ, անհատ ձևավորվելու միջոց է:

Այդուհանդերձ, ինչ մասնագիտություն էլ որ ընտրելու լինենք, պետք է հիշենք, որ մեզ մեզնից լավ ոչ ոք չի ճանաչում և չի կարող ճիշտ գնահատել մեր ուժերը: Պետք է ձգտել ու հասնել: Ուրիշ ոչինչ: Այո՛, ուրիշ ոչինչ: Պետք է պարզապես լավ մասնագետ լինել: Ժողովուրդը մի ընդհանուր մասնագիտություն ունի՝ փիլիսոփան, ու դրանից անպայման մի քիչ կա մեր բոլորի մեջ: Ու հենց այդ նույն ժողովուրդը մի օր ասել է. «Տաշած քարը գետնին չի մնա»: Այո՛, հրաշալի է: Ի՜նչ լավ է ասված…