narek babayan

Տասը օր վրացիների հետ

Ճամբար էի գնացել, խաղաղության թեմայով։ Մասնակիցներից 30-ը հայ էին, 30-ը՝ վրացի։ Անսովոր էր իհարկե լեզուդ չհասկացող մարդկանց հետ ապրելը, բայց բավականին հետաքրքիր։

Առաջին օրն էր, եկան մեր վրացիները, գնացին սենյակներ, մոտեցա հարևանիս ու ներկայացա.

-Նարեկ, բայց դու մեկ ա՝ մոռանալու ես,- դե, թարգմանած ասացի, ռուսերենով էինք խոսում։

Ռուսերենի, ու առհասարակ, լեզուների մասին։ Այդ հրաշք ազգի ռուսերեն խոսելիս ռուսերենս փակվում էր, մի քանի օրում Վ տառը դարձավ Ու հիշեցնող մի հնչյուն, բոլոր Օ-երի տեղը Ա էի արտասանում և այլն։ Կովկասերեն, այլ կերպ ասած։

Հա, բան հիշեցի։ Վրացերենով հայկական մի քանի բառ վատ իմաստ ունեն, էդ տասը օրվանից հետո խիղճս չի ներում հասարակական վայրերում օգտագործել դրանք։ Ընթացքում մենք սկսեցինք խոսել վրացերեն, նրանք՝ հայերեն։ Անիմաստ բառեր ասելով ման էինք գալիս ողջ օրը։

Մի հետաքրքիր սովորություն ունեին վրացի պատանիները. տղա-աղջիկ կապ չունի, մարդիկ կատակով գնում-նստում էին իրար վրա: Անսովոր էր իհարկե: Բա որ ճաշարանում նստարանի վրայից թռնելով էին նստում։ Էն, որ արդեն կռացել եմ ափսեի վրա, գդալը դեպի բերանս եմ տանում, արդեն լեզվիս ռեցեպտորները պատրաստ են ընկալելու այդ սպասված համը, ու՝ դըըխկ, մի 80կգ վրացական ԴՆԹ ազատ անկում է ապրում կողքս։ Դե իհարկե, ընթացքում որոշակի գլոբալիզացիա տեղի ունեցավ՝ մշակութափոխանակություն, վատ իմաստով։ Հա, մերոնք էլ սկսեցին տենց անել։

Բա ջրոցիի օրը, ուրեմն Վրաստանում նման տոն չկար, ինչքան հասկացա։ Ամսի 23-ի առավոտ, 7:30, դրսում միայնակ ճոճորվում եմ, նայում եմ՝ ոնց են երեխեքը կամաց-կամաց հավաքվում։ Ու մի վրացի, ձեռքերում երկու շիշ H2O, դուրս է գալիս, հպարտ կանգ առնում, 30 թշնամու արյուն խմած Ռեմբոյի հայացքով աջ ու ձախ է անում, վազում հայ աղջիկների հետևից։ Լավ խնդացինք, հետո մենք էլ «անցանք հարձակման»։

8։30-ին բոլորս թրջված նախավարժանք էինք անում, բարկացած, թաց ջոկատավարների խստացված հսկողության ներքո։

Էլ հիշվող բան միտքս չի գալիս, բացի դրանից, որ մի տղա թղթին «տուֆտ» էր ասում, այսպես.

-Дай мне туфт и как это… Ручка как будет?

Դեմքս ոչ ամենաընկերասեր արտահայտությունն էր գտնում այդ պահին։

Ը… Էլ բան չեմ հիշում։ Միշտ է այդպես։ Ինչքան շատ բան ես ուզում պատմել, էդքան մոռանում ես։

Հ.Գ. Վերջաբան չկարողացա հորինել, բավականին բարդ երևույթ է ինձ՝ ամենայն ծույլիս համար։ Ինչ ասեմ, մինչ նոր նյութս։