elada petrosyan

Տասնյոթերի շքերթ

Դժվար այսպիսի համընկնում լինի երբևէ, երբ 2017 թվականի օգոստոսի 17-ին դառնում ես 17 տարեկան ու 17.am-ի թղթակից ես: Այ, սա իսկապես «գոլդ» է և կրկնակի տոն ինձ համար, քանի որ ուղիղ մեկ տարի առաջ էր, երբ անսպասելի ներխուժեցի 17.am-ի ներաշխարհ: Վախվորած աչքերով նայում էի «Մանանա» կենտրոնի տնօրենին, քանի որ ինձ թվում էր, որ նա էլ բոլոր տնօրենների նման պետք է ջղայն լինի: Բայց երբ սկսեց զրուցել ինձ հետ, կարծես մի փոքր թեթևացա, սիրտս ընկավ տեղը, աչքերս փայլեցին և մտածեցի, որ վերջ՝ արդեն ես այս ընտանիքի անդամ եմ:

Վախեր կային. դեռ չգիտեի, թե ինչ է լրագրությունը: Այդ հարցում ինձ օգնեց Շուշանը: Նա մանրակրկիտ բացատրում էր ինձ լրագրությանը վերաբերող բոլոր մանրամասնությունները: Դե, ես էլ խելոք լսողի դերում էի: Պատկերացնո՞ւմ եք՝ այնքան էր խոսել Շուշանը, որ կոկորդը չորացել էր, չէր կարողանում այլևս խոսել: Այդ դասերից հետո, բնականաբար, մենք բաժանվեցինք իրարից, բայց ես պարտաճանաչ կերպով նյութեր էի գրում, հարցազրույցներ անում, գնալով ավելի ու ավելի էի հմտանում և խորանում այս բնագավառում: Այսպես, մի շարք նյութեր գրելուց հետո՝ ես անսպասելի կերպով հայտնվեցի 100 լավագույն պատանի թղթակիցների շարքում: Դրանից հետո էլ ավելի մեծ ոգևորությամբ սկսեցի աշխատել… Այս ամենի հետ էլ որոշում էի, թե ապագայում ինչ պետք է դառնամ: Կողքից մարդիկ ինձ ասում էին. «Միանգամից լրագրող դարձիր, պրծնենք, գնա», «Հիմա ինչ անում ես՝ արա, բայց հանկարծ լրագրող չդառնաս, շատ վտանգավոր գործ ա»:

Այս երկու տարբեր կարծիքներն ինձ շփոթության մեջ էին գցում, և կատակով ասում էի՝ անգամ ես իմ մեռնելու օրը գիտեմ, բայց մոտավոր չգիտեմ, թե ինչ մասնագիտություն եմ ընտրելու, և արդեն ամեն կարծիքից և մտքից հոգնած՝ ծնողներիս հետ որոշեցի՝ վե՛րջ, ես պետք է լրագրող դառնամ, և դա ընդհանրապես վտանգավոր գործ չէ: Բացի դա էլ՝ ես լրագրության բոլոր գործընթացները կատարում եմ սիրով, 17.am-ի շնորհիվ էլ դարձել եմ էլ ավելի զրուցասեր և հետաքրքրասեր, կարող եմ վստահ ասել, որ իմ բնավորությունը փոխվել է 180 աստիճանով: Առաջ խուսափում էի մարդկանց հետ զրույցի բռնվելուց և չէի էլ կարող պատկերացնել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում, մտքիս ծայրով էլ չէր անցնում, որ այսօր կարող եմ ցանկություն հայտնել լրագրող դառնալ: Շնորհակալ եմ, «Մանանա» թիմ: