Տատիկիս տան դարպասներից ներս

Իմ հայրենի գյուղը Աղավնաձորն է: Այնտեղ ամեն ինչ այնքան հանգիստ ու խաղաղ է, և դա միգուցե գալիս է անունից, քանի որ աղավնին խաղաղության խորհրդանիշն է: Կյանքիս առաջին տարիները այնտեղ եմ անցկացրել: Չնայած նրան, որ հետագայում մենք տեղափոխվել ենք քաղաք, սակայն դրանից հետո էլ այն շարունակել է մնալ շատ հարազատ: Դա գալիս է նաև նրանից, որ հայրս երբեք էլ թույլ չի տվել, որ մենք հեռանանք մեր արմատներից: Այնտեղ ամեն ինչ ինձ հիշեցնում է իմ մանկությունը: Ամեն անգամ, երբ գնում ենք տատիկիս տուն և դարպասներից ներս ենք մտնում, ես հիշում եմ, թե ինչպես էի փոքր ժամանակ բոլորից գաղտնի թաքնվում դրանց ետևում, որ երբ տատիկս դուրս գար ինչ-որ տեղ գնալու, նրա հետ գնայի. նա ինձ չէր կարողանում մերժել: Իսկ պապիկիս արդեն բավականին ծեր բեռնատար մեքենան ինձ հիշեցնում է, թե ինչպես էր մեր մեծ ընտանիքը բարձրանում դրա թափքը և խոսելով ու ծիծաղելով սար բարձրանում: Երբ մտնում եմ տատիկիս մառանը, ինձ թվում է, լսում եմ հին օրերից ինձ հասնող այդ ծիծաղը, երգը, ուրախ ճիչերը:  Այն ժամանակ մեր տանը բոլորը երջանիկ էին: