monika mamyan

Տատս

«Կյանքս, սիրելիս, անգինս ու թանկագինս»: Մայրս միշտ ասում է, որ պետք չէ նման թանկ բառերն ասել ամեն երկու օրվա ծանոթ-անծանոթին. իմաստազրկվում են բառերը: Վերջապես հասկացա: Գիտե՞ք, ես էս բառերն ուզում եմ ասել մի այնպիսի մեկին, ով իսկապես իմ կյանքի մի մեծ կտորն է, իր սիրով՝ իմ ամենասիրելին, իր ներկայությամբ՝ իմ մանկության հուշը:

Տա՜տ ջան:

Ես երևի աշխարհի ամենաերջանիկներից մեկն եմ, որ իմ կյանքի ամեն դրվագում ես նրան գտնում եմ, կամ էլ ինքն է ինձ թաքուն պահում իր թախտի մեջ. էնտեղ, որտեղ մի ժամանակ մեզ համար ծամոն ու կոնֆետ էր պահում, էն համովներից: «Բիգ-բաբլ»: Հիշո՞ւմ եք: Ես չեմ մոռացել:

Տատիկը՝ բարի էակը, իր գոգնոցի տակ թաքցնում էր, երբ մայրիկին ջղայնացնում էինք: Տատիկների համար մենք ոչ մի անգամ մեղավոր չենք:

Ես միշտ ունեմ նրա կարիքը՝ թեկուզ չունենամ ոչ մի բանի կարիք:

Գժություն է, երբ գալիս քեզ արթնացնում է գարնան էն անուշ մանուշակի բույրով:

-Կյանքս, առավոտ վեցին քեզ համար ծաղիկ եմ քաղել:

-Տա՜տ:

Աշխարհի ամենապինդ գրկախառնությունը հենց էս րոպեի մեջ է: Զգում եմ, որ էս մի փնջով նա բերեց իմ գարունը: Բերել է, ու քանի դեռ ես զգում եմ նրա ձեռքերի ջերմությունը, ես ծաղկում եմ:

Ինձ համար իմ տատիկը աշխարհի լավագույն նկարիչն է. նա էնքան սիրուն ու գունավոր է ստեղծել իմ մանկության պատկերը, որ կա, էլի կա ու միշտ կմնա քայլերիս ու խոսքերիս մեջ:

Փրկվում եմ ամեն ինչից, երբ հեռախոսս զնգում է, ու ես այդ անտանելի ձայնից արդեն քիչ է մնում, որ գրողի ծոցն ուղարկեմ քննության բոլոր նյութերը: Բայց ես պատասխանում եմ. տատիկն է զանգում: Նա այնքան գունավոր է խոսում, որ ես ինձ զգում եմ արդեն քննությունս հանձնած, ու քսանը գրքույկիս մեջ ստորագրած:

Տատս իմ գտնված երազն է: