Տարբերվող միանման մարդիկ

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Այս մասին որոշեցի գրել, երբ ուսուցիչներից մեկն ասաց, որ մենք` աշակերտներս, բոլորս նույնն ենք իր համար: Ցավալի է, որ լսեցի այս խոսքերն ուսուցչից, ով աշխատել է և դեռ պիտի աշխատի հարյուրավոր աշակերտների հետ, վստահեցնելով, որ նրանք նման են, որ նրանք բոլորը նույնն են:

Իսկ արդյո՞ք նման են մարդիկ:

Կենսաբանության ու բժշկության մեջ բոլորը նույնն են, տարբերվում են միայն հիվանդությունները, որոնք տանջում են հերթով բոլորին:

Ըստ իս, դա ամենևին էլ ճիշտ չէ:

Միգուցե այս մարդու մոտ շաքարախտ է, որովհետեւ փոքր ժամանակ նա չի զգացել մոր սերը և այդ մայրական քաղցրության պակասը լրացնելու համար շատ շաքար է օգտագործել, և միգուցե բուժվելն էլ ամենևին անհնար է, քանի որ մայրը վաղուց մեռած է: Իսկ մյուսի մոտ հակառակը` շաքարի պակաս է, քանի որ մոր այդ քաղցր սիրուց հետո, որ այս քառասունամյա տղամարդը զգացել է տարիներ առաջ, այժմ ոչինչ չի կարող փոխարինել, և անգամ ամենաքաղցր կոնֆետը նրա կոկորդը դառնությամբ է լցնում:

Իսկ այ, ալբինիզմը, գիտե՞ք ինչու է առաջանում: Չէ ~, չէ, էլի սխալ եք մտածում: Էլի արթնացավ ձեր ներքին կեսաբանը: Լռեցրե’ք նրան, նա ստում է: Ուզո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը: Պարզից էլ պարզ է: Ուղղակի մայրը շատ է սիրել սպիտակ գույնը, իսկ փոքրիկը, ինչպես բոլոր փոքրիկները, ամեն ինչ արել է, որ մայրն իրեն սիրի, անգամ ծնվել է սպիտակ մաշկով:

Համոզվեցի՞ք: Ինչևէ, ես գիտեմ, մենք տարբեր ենք, քանի որ ուղղակի չեմ հավատում, որ կարող ես գտնել մեկին, ով կլինի իմ հոգու ճիշտ արտացոլանքը: Համոզված եմ, չես կարող գտնել անգամ քո հոգու կրկնօրինակին:

Եվ վերջապես, ինչ անհետաքրքիր կլիներ կյանքը, երբ մեզ շրջապատեին «մենք»: «Մենք» խոսեինք մեզ հետ, ու «մենք» խորհուրդներ տային մեզ: Ինչպե՞ս կարող էինք մենք սիրել «մեզ»: Չէ որ մենք սիրում ենք նրանց, ովքեր լրացնում են մեր հոգու դատարկությունը: Երևի թե լսել եք, ոնց են սիրահարներն իրար «կես» անվանում: Իսկ երբ սիրենք «մեզ», մյուս մասը փուչ կմնա: Սարսափում եմ պատկերացնել:

Մենք տարբեր ենք: Միանման տարբերվող մարդիկ: Նման ենք, երբ փորձում ենք տարբերվել ներկելով մեր մազերն ու գնում ենք մոդայիկ հագուստ` չգիտակցելով, որ դա կոտրում է մեր անհատականությունը, դարձնում մեզ այն տարբերվող նմաններից մեկը: Մենք բոլորս նույնն ենք, տարբերվում են միայն մեր փորձերը՝ դառնալ տարբերվող: