Alla Virabyan

Տեր Աբելը

Երկար ժամանակ է, ինչ չեմ գրել: Այնպես չէ, որ գրելու բան չկար: Ուղղակի դժվար է գրել Տեր Աբելի մասին: Մոտ վեց տարի առաջ նա եկավ մեր գյուղ՝ որպես Մովսեսի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ, եկավ՝ իր հետ բերելով լույս: Այսօրվա նման հիշում եմ, թե ինչպիսի հայրական ջերմությամբ առաջին անգամ օրհնեց մեզ, թե ինչպես էինք ամեն դասամիջոցի դասասենյակի պատուհանից հետևում, թե արդյո՞ք նա կերևա եկեղեցու բակում: Տեսնելուն պես դուրս էինք ցատկում մեծ և փոքր․

-Օրհնեցե՛ք, Տեր հայր։

-Աստված օրհնի։

Այնքան լայն ու սիրառատ էր ժպտում: Այդ օրհնանքում այնքան ջերմություն կար և հիմա էլ կա և օրեցօր ավելի է մեծանում: Այնքան պինդ էր գրկում մեզ, կարծես իր երեխաները լինեինք, որոնց մանկուց ծնկներին էր մեծացրել:

Տարիների ընթացքում շատ բաներ եղան: Դե, ինչպես գիտեք, գյուղ եկավ ընկեր Մանուկյանը՝ կնքահայրս, որի մասին խոսել եմ արդեն: Տեր Աբելի և իր գլխավորությամբ գյուղում համայնքային լավ ծրագրեր իրականացրինք: Ասեմ, որ դրանք վարակիչ եղան հարակից գյուղերի համար:

Քահանաները Աստծո կողմից ուղարկված մարդիկ են, ովքեր մեզ են փոխանցում նրա խոսքը, բայց առաջին անգամ եմ տեսնում, որ որևէ հոգևոր սպասավոր այսպես նվիրումով ծառայի նաև համայնքի զարգացման գործերին, իր շուրջը հավաքի մեծերին,  փոքրերին, ջահելներին, ալևորներին:

Դեռ վերջերս մասնակցեցի մի երգի մրցույթի և ունեցա շատ մեծ ձեռքբերում: Ամեն անգամ մրցույթի հերթական փուլից առաջ զանգահարում էի Տեր Աբելին և խնդրում օրհնել: Նրա խոսքերը քաջալերում էին ինձ, օգնում հասնել նպատակիս: Բոլոր մասնակիցները զարմանում էին, թե ամեն անգամ այդ ում հետ եմ խոսում, որ սկսում եմ ժպտալ և մեկ-մեկ էլ բարձրաձայն ծիծաղել: Նա օգնում էր ինձ ոչ միայն խորհուրդներով, այլ նաև պատրաստում էր մրցույթին, պարապում էր ինձ հետ: Արդեն մրցույթի հանրապետական փուլին, երբ ինձ թվում էր՝ ձայնս ուր որ է կկտրվի, և չեմ կարողանա երգել, հիշեցի, որ մի կարևոր բան չեմ արել․ չեմ զանգահարել Տեր Աբելին, հեռախոսը շտապ վերցրի ու…

-Օրհնեցե՛ք, Տեր Աբել ջան,- խոսքիս վրա տեսա, թե ինչպես բոլոր մասնակիցները թեքվեցին իմ ուղղությամբ, ես ուղղակի ժպտացի։

-Աստված օրհնի, Ալլա ջան, ո՞նց ես տրամադրված մրցույթին։

-Ես շատ եմ հուզվում. անհանգիստ եմ։

-Բալիկս, եթե անհանգստություն չլինի, չես կարող, երգերիդ մեջ ազնվություն չի լինի։ Հիշիր, որ պարտությունից ավելի շատ բան ենք սովորում, քան հաղթանակից:

Ես չհաղթեցի, բայց ուրախ եմ դրա համար, որովհետև շատ բաներ սովորեցի: Իրականում ես հաղթել եմ, քանի որ իմ ճանապարհին Տեր Աբելի խորհուրդներով և օրհնանքով եմ շարժվել:

Գիտեք՝ կյանքում կարևորը հաղթանակները չեն, կարևորը պարտության աչքերին նայելն է, և այն ուրախությունը, ոգեշնչող ուժը, որ ունես կողքիդ: Հասկացա, որ հաղթել եմ այն ժամանակ, երբ ուրախացել եմ մրցակից ընկերներիս հաղթանակով:

Տեր Աբելի խորհրդով սկսեցի երգել Պատարագներին, հանգստանալ դրանց մեջ: Ճանաչել Աստծուն, սիրել նրան: Պաշտել Պատարագներին խնկարկվող խունկի հոտը, հոգևոր երգի հնչյունները: Քիչ-քիչ էլ հասկանալ արարողակարգի խորհուրդը, սկսեցի հանգստանալ դրա մեջ: Աննկարագրելի է այն սերը և հարգանքը, որը տածում եմ Տեր Աբելի հանդեպ: Աստված նրան ուղարկեց, որ սովորենք սիրել, սովորենք ներել, հասկանալ, ժպտալ անգամ այն ժամանակ, երբ մեզ շատ վատ ենք զգում:

Անկեղծ ասած, մինչ այսօր էլ դասամիջոցներին փնտրում եմ նրան եկեղեցու բակում, ճանապարհին, ամենուր: Ուզում եմ դուրս վազել ու պինդ-պինդ գրկել նրան: Կորցնել Տեր Աբելի՞ն․ անգամ վատ երազում չեմ ուզում տեսնել, զգալ:

Ուզում եմ միշտ տեսնել նրան և ասել՝ օրհնեցե՛ք, Տեր հայր։