95713653_10222585374447313_3919376507658567680_o

Տնից հեռու

Երբ աչքերս փակում եմ ու մի պահ պատկերացնում Շրի Լանկայի փողոցները, Նոր Գվինեայի բնությունը, Հնդկաստանի համեղ ուտելիքները, մարդակեր ցեղերին, նրանց վարքն ու բարքը, ակամա մտքումս մի անուն է պտտվում՝ Վարդան Սարգսյան՝ ամենաանվախ, ամենաէկզոտիկ ճանապարհորդ-հաղորդավարը: Նա գրեթե առասպելական կերպար ունի: Նրա տպավորիչ ռեզյումեն և պատմության հեռատես զարգացումը հետաքրքրում են բոլորիս:

-Ինչպե՞ս սկսեցիք Ձեր ճանապարհորդությունը: 

-Ես ճանապարհորդել սկսել էի մինչև հեռուստանախագիծը, արդեն ճանապարհորդում էի, շա՜տ-շա՜տ երկրներ էի այցելում, և այն ժամանակ հաճախ երգում էի, գումար էի աշխատում, ու այդ գումարը ծախսում էի հենց ճանապարհորդության վրա: Այնպես որ, այդ սերը եղել է վաղուց, ոչ թե հենց հեռուստանախագծից: Սկզբում, իհարկե, փոքր ճանապարհորդություններ էին, մաքսիմում՝ Եգիպտոս կամ Լիբանան: Հետո սկսեցի ավելի հեռու և հետաքրքիր վայրեր գնալ: Այդպես սկսվեց ամեն ինչ:

-Ո՞րն է Ձեր ամենամեծ անձնական ձեռքբերումը: 

-Ամենամեծ անձնական ձեռքբերումը իմ ընտանիքն է, աշխատանքը, որը ունեմ: Կարծում եմ՝ այո, այսօր երջանկություն է զբաղվել մի գործով, որը սիրում ես, ու ամենակարևորը, որ լավ ես կարողանում կատարել այդ աշխատանքը: Եվ այն, որ երկու հեռուստաընկերութամբ ինձ տեսնում եմ՝ «Armenia TV» և «ATV», դրան գումարած իմ տուրիստական գործակալությունը՝ «Vardan Travell»-ը, դրանք մեծ ձեռքբերում են ինձ համար: Երկուսն էլ կայացած են, ժողովրդի կողմից սիրված և ես մաքսիմալ եմ անում ամեն բան: Ծրագիրը հետաքրքիր է, հեռուստանախագիծը հետաքրքիր է, իսկ ճանապարհորդությունները ինձ հետ ապահով են և կազմակերպված:

-Եթե կարողանաք ժամանակը հետ տալ և երիտասարդ Վարդանին մեկ բան ասել, ապա ի՞նչ կլինի: 

-Կասեի, որ ավելի շատ ժամանակ տանը անցկացներ, քան օտար երկրում: Որովհետև երբ հարազատիդ կորցնում ես, նոր ես սկսում հասկանալ, որ ավելի շատ ժամանակ կարող էիր տանը լինել, շփվել: Չնայած՝ իմ պարագայում ես կարծում եմ, որ ամեն բան հասցրել եմ անել:

92627130_10222289657054563_719787083736023040_o

-Ի՞նչ խորհուրդ կտաք ճանապարհորդությունների ձգտող երիտասարդներին: 

-Խորհուրդ կտամ շատ ճանապարհորդել: Եթե բյուջե կա, կարելի է ոտքով, կարելի է նույնիսկ Երևանին մոտիկ գյուղեր, քաղաքներ գնալ, ուսումնասիրել, հետաքրքիր վայրեր հայտնաբերել, ֆոտոշարքեր ստեղծել ինստագրամում, ֆեյսբուքում կամ այլ ցանցերում: Բլոգեր բացել յութուբում ու գտնել, նկարահանել նույն մարդկանց առօրյան, ինչպես են շփվում, ապրում: Այդ ամենը շատ հետքրքիր է: Ճանապարհորդությունը պարտադիր չէ լինի Բալի կղզում, իսկ եթե այդպես է, շատ ավելի լավ է: Բայց կարելի է սկսել հենց Հայաստանից:

-Ինչպե՞ս սկսվեց ձեր կարիերան: 

-Եթե խոսքը ճանապարհորդության մասին է, առաջին անգամ, երբ այցելեցի Հնդկաստան, իմ ֆեյսբուքյան էջում տեղադրում էի նկարներ, տեսանյութեր անսովոր վայրերից, իրենց ավանդական վայրերից, և մարդիկ անվերջ ասում էին. «Այս ինչ հետաքրքիր է, էլի տեղադրիր»: Կիսվում էին նաև, մեկնաբանություններ, դիտումներ, հետաքրքիր էր ամենը:  Այդպես առաջացավ ցանկություն այդ ամենը ավելի մասսայականորեն ներկայացնել, այսինքն՝ հեռուստատեսությամբ, ու այդպես սկսվեց: Ամեն ինչ իրականում սկսվել է հենց Հնդկաստանից: Ես հետո փորձնական մեկնեցի Եգիպտոս, ATV-ի հեռուստաընկերության համաձայնությունիից հետո, նկարահանումներ արեցի և վերադարձա: Չորս հաղորդում էի նկարել, որոնք ATV-ի պրոդյուսերը շատ հավանեց և ասաց. «Սրանով կարող ենք սկսել այս նախագիծը»: Այդտեղից ամեն բան սկսվեց:

-Որպես ավանդական ճանապարհորդ՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում: 

-Ժամանակին ճանպարհորդությունն ինձ համար հոբբի էր, հետո դարձավ հետաքրքրություն, հետո՝ աշխատանք, այսօր՝ բիզնես: Այսինքն՝ ես ճանապարհորդում եմ և գումար եմ աշխատում: Դա ամենակարևորն է, և դրան հասնելու համար պետք են շատ տարիներ, շատ ջանքեր: Եվ մեծ հարց է՝ կստացվի՞ քեզ մոտ, թե՞ ոչ: Ես կարողացա, ուստի դա իմ ապագան է:

-Ասեք երեք առանձնահատկություն, որ պետք է ունենա ամեն ճանապարհորդ: 

-Նայած՝ ինչ ճանապարհորդ: Եթե մարդ սիրում է ճանապարհորդել, գնալ որևէ քաղաք, ծովի ափին պառկել, հանգստանալ, այդ մարդկանց խորհուրդ կտամ ընտրել մաքսիմալ լավ հյուրանոց և վերջ: Իսկ եթե մարդ իսկապես, օրինակ՝ ինձ նման ճանապարհորդ է, պետք է լինի դիմացկուն, չհոգնի, փնտրի անվերջ ամենահետաքրքիրը, և մի բան տեսնելու համար չալարի 1-2 օր ճանապարհ ընկնել, նույնիսկ դժվարություններով՝ ավտոբուսներով, փնթի տեղերով և այլն: Ես ինքս այդպես եմ անում, մի փոքրիկ դրվագ տեսնելու, նկարելու համար երկու օր ընկնում եմ ճանապարհ՝ մեքենաներով, ավտոբուսներով, գնացքներով և այլն: Բայց հասնում եմ, որ այդ ամենը տեսնեմ: Պետք է լինես աշխատասեր և ջանք չխնայես:

-Ո՞րն է Ձեր սիրած ճամփորդական գիրքը, և ինչո՞ւ: 

-Ճանապարհորդական գիրք չգիտեմ, բայց ես անկեղծ շատ ժամանակ չունեմ գիրք կարդալու: Իմը ավելի համացանցն է, տեսանյութեր դիտելը, ուսումնասիրելը և այլն: Բայց գրքերից շատ եմ հավանում «Շանտառամ»-ը, Հնդկաստանի Մումբայ քաղաքի մասին պատմող գիրք է: Եթե չեք կարդացել, բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ: Իսկ ճանապարհորդներից Միխայիլ Գոժուխովի վարած ծրագիրն եմ շատ հավանել: Մանկությանս տարիքի ծրագրերից է: Ճիշտ է՝ նա հիմա մեծ մարդ է, բայց ես ինստագրամով հաճախ շփվում և խորհուրդ եմ հարցնում նրանից: Ես մանկուց մեծացել եմ նրա ծրագրերը դիտելով, ինձ համար ամենահետաքրքիր նախագծերից էր: Իսկ գրքեր՝ որպես այդպիսին չեմ կարդացել:

96731263_10222680153656734_8999349278589583360_o

-Ո՞րն է Ձեր սիրած վայրը: 

-Եթե երկրի մասին է խոսքը, ես Շրի Լանկան եմ շատ սիրում: Այնտեղ սիրում եմ հանգստանալ, իսկ եթե կոնկրետ տեղ նկատի ունեք, բնականաբար՝ տունս:

-Ինչի՞ց եք ոգեշնչվում։

-Ես սիրում եմ, երբ մարդիկ իմ նախագծերը դիտում են, և դրանով հեռուստատեսային ռեյտինգը բարձրանում է: Սիրում եմ զարմացնել, սիրում եմ գտնվել այնպիսի վայրերում, որոնց մասին մարդիկ նույնիսկ չեն լսել: Դա ինձ ոգևորում է, որ մյուս անգամ ավելին անեմ: Այսինքն՝ դու եթե ինչ-որ հետաքրքիր բան ես անում, հաջորդը չի կարող թույլ լինել, ուստի դա ստիպում է ամեն անգամ էլ ավելի կատարելագործվել: Ես կարծում եմ՝ ամենամեծ հաղթանակը դա է, ես չեմ վախենում խոչընդոտներից, չեմ վախենում դժվարություններից, վտանգներից: Իսկ գումարի համար փորձում եմ նաև հայթայթել, հովանավորներ գտնել և նկարահանել այն, ինչ ուզում եմ:

-Ո՞րն է Ձեր՝ ճանապարհորդ լինելու ամենադժվար մասը:

-Ինձ համար ճանապարհորդության ընթացքում դժվար մաս չկա, եթե դու սիրում ես այդ գործը: Եթե դու հայտնվես վայրի ցեղերի մոտ, քնես անհարմար վայրում կամ չքնես օրերով, շատ դժվար ճանապարհ անցնես, հոգնես, միևնույնն է, դա քեզ հաճույք է պատճառելու: Եթե դու դժվարանաս օրվա ընթացքում կամ քո կյանքի որևէ փուլում, նշանակում է դու ճանապարհորդել չես սիրում: Ուրեմն ընտրիր այլ ճանապարհ, գնա այլ երկիր, որտեղ կարող ես ծովի ափին պառկել, հանգստանալ, վայելել, լողալ ու մի քանի էքսկուրսավար վերցնել քաղաք տեսնելու համար։ Դա իմը չէ:

-Սիրած ավիաընկերությո՞ւնը: 

-Ես բոլոր ավիաընկերությունն էլ սիրում եմ, ճանապարհորդում եմ բոլոր ինքնաթիռներով, որը ավելի հարմար է լինում, և բնականաբար, որի տոմսն ավելի մատչելի է:

-Ի՞նչ տուրիստական գործակալություն եք սիրում՝ բացի Vardan Travell-ից: 

-Ոչ մի տուրիստական գործակալություն ինձ համար սիրված չէ, որովհետև ես ունեմ իմը, ինձ համար իմը լավագույնն է: Ես ճանապարհորդում եմ, կարող եմ ճիշտ խորհուրդ տալ մարդուն, և իմ աշխատակիցները՝ ևս: Ինձ համար իմն է լավը, ինչպես մյուս տուրիսական գործակալությունների տնօրենների համար՝ իրենցը: Դա նորմալ երևույթ է:

-Սիրած քաղա՞քը: 

-Սիրածս քաղաքը, բնականաբար, Երևանն է, դա չի քննարկվում:

-Առավել քիչ սիրած վա՞յրը: 

-Այդպիսի վայր չկա: Անկեղծ լինեմ՝ ես բոլոր վայրերն էլ սիրում եմ, բոլոր պետությունները սիրում եմ: Եվ այս հարցն ինձ համար տարօրինակ է:

-Եթե Դուք կարողանաք ժամանակ անցկացնել ցանկացած վայրում, ո՞ւր կգնաք: 

-Իհարկե, Շրի Լանկա։ Ես պատրաստ եմ ամիսը մեկ թռչել Շրի Լանկա: Այդ կղզում կա հանգստություն, ու հարցը բացարձակ ծովի ափի, ավազի, կամ օվկիանոսի մասին չէ, ուղղակի սիրում եմ այդ կղզին: Այնտեղ հանգստություն կա, չգիտեմ՝ ինչից է, բայց իմ հոգին է այնտեղ հանգստանում: Ես կարող եմ ամիսներով մնալ այնտեղ, փոքր տուն վարձել, ման գալ, շփվել մարդկանց հետ, ովքեր միշտ ժպում են: Շատ եմ սիրում Շրի Լանկան:

-Արդյոք զբաղված է Ձեր սիրտը: 

-Իմ սիրտը զբաղված չէ, ազատ է: Եվ շատ ժամանակ չկա տրամադրելու, ցավոք սրտի:

61850597_10219427377979375_8203750314067623936_o

-Կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժել է զբոսաշրջային ոլորտը, ինչպե՞ս է այն անդրադարձել Ձեր ճամփորդությունների հետագա պլանների վրա: 

-Դե իհարկե, այս պահին չկան թռիչքներ, բայց հուլիս ամսից ունենք արդեն շատ ուղևորություններ, այնպես որ դեռ կհասցնենք ճանապարհորդել, իսկ այս պահին աշխատում ենք տանից, ու պետք է ասեմ՝ զանգերը չեն դադարում:

՞նչ ճակատագիր կունենա Ձեր հաղորդաշարը: 

-Ես մինչև հուլիս ամիս և Armenia TV-ի և ATV-ի համար ունեմ արված նկարահանումներ: Իսկ հաջորդ եթերաշրջանը լինելու է հոկտեմբերին, այնպես որ սեպտեմբերին հաստատ կգտնեմ մի երկիր, որտեղ կկազմակերպեմ նկարահանումները: