Փախուստ քաղաքից դեպի չքնաղ Դիլիջան

Ինչպես բոլոր երևանցիները, այդպես էլ ես, սիրում եմ հարազատ քաղաքս, իր վարդագույն շենքերով, փողոցում ծաղիկ վաճառող տատիկներով, թունդ սիրահարված զույգերով, զանազան ավտոմեքենաներով և անմոռանալի հիշողություններով:

Ճիշտ է, Երևանում շարժը լիքն է, մարդիկ բարի և կամեցող, բայց սկսեցի մի պահ ինձ հանգիստ և ներդաշնակ չզգալ:

Բայց շատ հաճախ առօրյա հոգեկան անհանգստությունը երբեմն ուզում ես փոխարինել այլ գործողություններով, որոնք ամեն օր կրկնվող կյանքիցդ ծայրահեղ տարբերվում են։

Միգուցե խնդիրը նաև այն էր, որ երբ ինչ-որ բան շատ երկար է տևում, սկսում եմ դրանից էներգիա չստանալ, միայն իմ էներգիան սպառել։ Փոփոխության կարիք կար, որպեսզի ես թարմանայի: Ու այդ ժամանակ հասկացա, որ միակ լուծումը դա փախուստն է քաղաքից, առօրյայից: Իսկ թե դեպի ուր` դժվար էր մտածել, քանի որ Հայաստանում փախուստի վայրերը բազմաթիվ են, բայց մեկը սիրտս գրավել է ու միշտ կանչում էր իր գիրկը՝ Տավուշի մարզը, որը բնության սիրահարների համար ճամփորդության իդեալական վայր է:

Դիլիջանը Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից է, որտեղ կարելի է պարզապես քայլել գեղեցիկ փողոցներով, վայելել Դիլիջանի գեղեցկությունը, շնչել մաքուր օդ՝ անցկացնելով անմոռանալի հանգիստ։ Այստեղ կարող ես մի քանի օր անցկացնել՝ վայելելով քաղաքի և անտառների գեղեցկությունը, մի քաղաք, որն ի վիճակի է կրկին ու կրկին զարմացնել, գունեղ քաղաք, որը գրավում է ճանապարհորդների սրտերը և ստիպում է վերադառնալ:

Դիլիջանում մարդն ու բնությունը մեկ ընդհանրություն են դառնում: Ինչպես մարդիկ են կախված բնությունից, այնպես էլ բնությունը՝ մարդկանցից։ Կարևոր է այդ հարաբերություններում ներդաշնակության հասնելը ու պահելը:

Ինչպես ասում են. «Ամեն բան, առավել ևս ամեն լավ բան, ունի իր ավարտը…» կամ` «ամեն ավարտ ինչ-որ նոր բանի սկիզբ է»:

Ինչևէ, Դիլիջանը մեզ հրաժեշտ տվեց, բայց մենք խոստացանք վերադառնալ, որովհետև այստեղ ենք թողել բազմաթիվ խենթ և անմոռանալի հիշողություններ, անավարտ պատմություններ, որոնք պարտադիր պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին:

Հ.Գ. Իսկ մի ուրիշ անգամ, երբ Դիլիջանին ու ընկերներիս չխանդեմ ձեզ հետ, պարտադիր կպատմեմ, թե ինչպես մութն ընկնելուն պես բարձրանալ Դիլիջանի ամենաբարձր կետը և վայելել գիշերային տեսարանը, որը բացվում է այնտեղից…