Փարիզյան ոչ արձակուրդներ

Լրիվ մոռացել եմ, թե ոնց էի ինչ-որ նոր բան պատմում, թե ոնց էի հենց 17-ում պատմում։ Հիմա հիշում եմ, որ Փարիզում եմ էս պահին, բայց մոռացել եմ, թե ոնց էր պետք ֆրանսերեն խոսել, իրենց հատուկ բոլոր տեսակի բարևներն ու հաջողները, բոլոր «կներեք»-ները։ Մոռացել եմ հարցեր տալն ու ֆրանսերենի ժամանակաձևերը։

 

Ես միշտ վստահ էի, որ երբ ընտրություն կատարելու պահ է գալիս, ու պիտի մի քանի տարբերակից ընտրեմ մեկը, հիմնականում լավ ընտրություն եմ կատարում, անգամ երբ չգիտեմ, թե կոնկրետ ինչ եմ ընտրում։ Ու որ ընտրում էի, թե ինչ գործ կուզեմ անել ստաժավորման ընթացքում, համարյա չիմանալով ընտրեցի մեկը, որը հավանեցի շատ թե քիչ։

Ես 8-րդ թաղամաս եմ գնում աշխատանքի։ Նույն մասերում ամեն օր «աշխատանքի» են նաև Էյֆելյան աշտարակն ու Հաղթանակի կամարը։ Ես իրենցից հեռու եմ 20-30 րոպե ոտքի ճանապարհ։ Ու քանի որ մեր պատմության մեջ ես Մուհամեդն եմ, իսկ իրենք՝ սարը, պիտի հենց ես ընդառաջ գնամ։ Երկու օր դժգոհ դեմքով առավոտ լույսով մետրո նստելուց հետո հասկացա, որ եթե մի կանգառ շուտ իջնեմ, 20 րոպե կունենամ, որ Ելիսեյան դաշտերով քայլեմ ու հետո 10 րոպե էլ քայլեմ աշխատանքիս վայրը։ Ու ստացվեց, որ եթե կես ժամ շուտ դուրս գամ, կհասցնեմ ամեն օր ման գալ Փարիզի սիրուն փողոցներով ու մոտիկ թվացող, բայց իրականում հեռու տեղից հիանալ Էյֆելով։ Մի խոսքով՝ լավ եմ ընտրել, թաղամասից գոհ եմ։

 

Նախորդ տարիներին Ֆրանսիական համալսարանից պրակտիկայի եկած երեխեքն ասում էին, որ շատ զգույշ լինենք․ հեռախոսը՝ միշտ պայուսակում, պայուսակը՝ միշտ փակ ու վերարկուի տակից կախված դիմացի կողմից, ցանկալի է` հաստ կանթերով, փողոցում ականջները՝ միշտ սրած ու առանց ականջակալների, միշտ, միշտ, միշտ․․․ Մենք միշտ էլ զգոն ենք, հա, բայց առանց ֆանատիզմի։ Երգ էլ ենք լսում փողոցում, հեռախոսն էլ ենք հանում պայուսակից, պայուսակն էլ՝ բաճկոնի տակից։  Ու ոչինչ, լավ է ամեն ինչ։ Ոնց կասեն հայերը՝ թու-թու-թու…

Եթե ես ունենայի անձի երկատում, էդ շատ բան կբացատրեր։ Օրինակ՝ որ օրվա որոշ ժամերին Փարիզը սիրո ու սիրուն շենքերի քաղաք է, իսկ մնացած դեպքերում վատ եղանակի, մազերը կեղտոտող քամու ու անալի միս կամ ֆրի սիրողների տեղ։ Բայց իմ մեջ դեռ մենակ մի անձ է ապրում, ու էս ամեն ինչը ինքը բացատրում է մի բառով. կարոտ։

 

Լուսանկարները` Անուշ Դավթյանի, Անետա Բաղդասարյանի և Մարիամ Նալբանդյանի