hayk mantashyan

Փոթերականները

Արդեն 21 տարի է, ինչ անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի ստեղծած Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը գրավում է նորանոր երկրպագուների սրտեր: Այն չի շրջանցել նաև Հայաստանը: Հայ թարգմանչուհի Ալվարդ Ջիվանյանը հայերեն է թարգմանում ողջ վիպաշարը: Առաջին երեք գրքերը արդեն առկա են երկրի գրադարաններում և գրախանութներում: Այդուհանդերձ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն երեք տարի է գործում է Harry Potters World (Armenia) փակ խումբը, որտեղ իրենց հաճելի ժամանցն են անցկացնում Հարրի Փոթերով հետաքրքրված իրար նման, բայց միաժամանակ և իրարից շատ տարբեր մարդիկ: Ես՝ հանդիսանալով խմբի ակտիվ մասնակիցներից մեկը, զրուցել եմ խմբի ադմինիստրատորներ Արեգ Միրզոյանի, Մանուշակ Միքայելյանի և Արամ Ամիրբեկյանի հետ:

Իմ առաջին հարցին, թե ինչպես և ինչ հանգամանքներում են առաջին անգամ ծանոթացել Ջ.Ք. Ռոուլինգի ստեղծած կախարդական աշխարհին, Մանուշակը, Արամն ու Արեգը պատասխանել են, որ հեռուստացույցով են առաջին անգամ տեսել փոթերյան առաջին ֆիլմը: Արեգը երկրպագու է արդեն 16 տարի, իսկ Արամը ամբողջ ֆիլմաշարը դիտել է 2015թ.-ին:

-Չնայած, որ գրքերում գերակշռում է պատմությունն այն կախարդանքի մասին, որը ամեն օր չես կարող տեսնել, ինձ ամենաշատը գրավել է այն կախարդանքը, որն ամենօրյա իրականության մեջ է՝ ընկերների հետ կապը, մոր սերը, բարությունը, Հարրիի անմեղ միամտությունն ու մշտապես հիացմունքը կախարդական աշխարհի հանդեպ,- պատասխանել է Մանուշակը՝ ինչն է Հարրի Փոթերի պատմության մեջ ամենակարևորն ու ամենակախարդականը հարցին:

Հետաքրքրական է, որ Արեգը կերպարներից իրեն ամենահոգեհարազատն ու նմանը համարում է Ալբուս Դամբլդորին: Նրանք երկուսն էլ միշտ փորձում են օգնել ում կարող են ու տարածել «լույս», որքանով որ հաջողվի: Իսկ Մանուշակը կարծում է, որ Հերմայոնիի ու Լունայի խառնուրդն է: Նա Հերմայոնիի պես սիրում է սովորել ու քննություններ հանձնել և Լունայի պես չի դատապարտում մյուսներին՝ ակնկալելով չլինել դատապարտված: Արամն էլ կարծում է, որ իր ու Սեվերուս Սնեյփի կյանքերը նման են իրար:

Գրեթե բոլորն էլ, բացի սիրելի կերպարներից, ունեն այնպիսիք, ում հանդեպ հակակրանք են տածում: Արեգի համար այդպիսի կերպար է եղել ժամանակին Սնեյփը, իսկ Մանուշակն ու Արամը մինչև այժմ էլ տանել չեն կարողանում Դոլորես Ամբրիջի կերպարին, ում համարում են նույնիսկ ավելի դաժան, քան պատմության գլխավոր բացասական հերոսին՝ Վոլդեմորին:
Այն հարցին, թե կուզենայի՞ն արդյոք նրանք ապրել փոթերյան կախարդական աշխարհում, Արամն ու Մանուշակը դրական պատասխան են տվել: Արամը իր պատասխանը պատճառաբանել է նրանով, որ, ունենալով մոգական ուժ, ավելի հեշտ կլիներ արդարություն հաստատել: Իսկ Մանուշակն ասել է.
-Բնականաբար, այո։ Ամեն ինչ կտայի կախարդական դպրոցում սովորելու համար։ Երբեք չեմ հասկանա, ինչու էին Հարրին ու Ռոնը միշտ դժգոհ իրենց դասերից: Ես ամբողջ ժամանակ էյֆորիայի մեջ կուլ կտայի ստացած ինֆորմացիան ու Հերմայոնիի պես հիմնական ժամանակս կանցկացնեի գրադարանը քրքրելով։
Միայն Արեգն է, որ չէր ուզենա լինել փոթերյան աշխարհի բնակիչ, քանի որ նա կարծում է, թե մեր աշխարհն արդեն իսկ լի է յուրահատուկ կախարդանքներով, որոնցից ամենամեծն իր համար ապրումակցումն է:

Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ: Դուք հանդիպել եք լեգենդար, տասնմեկամյա Հարրի Փոթերին և ունեք ընդամենը հինգ րոպե: Ի՞նչ կասեիք նրան: Այ, օրինակ, Արեգը կասեր, որ ինչ անում է՝ ճիշտ է անում, բայց թող գոնե Հերմայոնիի պես շատ գրքեր կարդա: Գոնե կիսով չափ: Իսկ Մանուշակն այս առիթով ասել է.
-Հինգ րոպեից երեքը երևի ուժեղ կգրկեի պուճուրին ու կվստահեցնեի, որ ամեն ինչ լավ է լինելու, որ նա սիրված է ու միշտ լավ մարդկանցով է շրջապատված լինելու։ Իսկ եթե մոտերքում Պետունիան երևար, կոշիկովս գլխին կտայի, հա՛մ Հարրին մի քիչ կծիծաղեր, հա՛մ էլ իմ սիրտը կհովանար։

Իմ հարցազրույցի հերոսները Հարրի Փոթերի միջոցով ձեռք են բերել բազում ընկերներ, նոր շրջապատ, անսպասելի հանդիպումներ և անգամ՝ գործնական առաջարկներ: Եվ որ ամենակարևորներից է, նրանք ձեռք են բերել մի վիրտուալ միջավայր, որտեղ ամեն օր հաճույք են ստանում հոգեհարազատ մարդկանց հետ շփվելուց:
-Դեռ չեմ հանդիպել այնպիսի մարդ, ով կարդացած լինի ու ձեռք բերած չլինի ավելի լայն աշխարհայացք, ավելի ըմբռնող չլինի իրենից տարբերվող մարդկանց հանդեպ, ավելի հասկացող չլինի,- ասում է Մանուշակը:

Այն հարցին, թե որն է հեղինակի հիմնական ուղերձն ընթերցողին, Արեգն ասել է.
- Ինչ ուզում է լինի, զբաղվիր ինքնակրթությամբ, եղիր լավ ընկեր, բարձրացրու ձայնդ անարդարության ու պայքարիր այն ամենի համար, ինչը կարևորում ես: Դու ես քո կյանքի կախարդը:

Արամը կարծում է, որ հիմնական ուղերձը մարդկանց՝ տարբերությունների հիման վրա չդատելն է:

Մանուշակն էլ պնդում է.
-Մոգությունն ամենուր է: Ուղղակի պետք է կարողանալ զգալ ու օգտագործել այն ճիշտ։ Քեզ համար մի մանրուք կարող է տակնուվրա անել դիմացինիդ կյանքը։ Պետք է հասկանալ, թե ինչքան կարևոր է սիրող ու ընդունող մարդ լինել ու երբեք պետք չի դատել ինչ-որ մեկին այն պատճառով, որ նա տարբերվում է քեզնից։

Եզրափակելով հարցազրույցը, Արեգը, Մանուշակը ու Արամը Հարրի Փոթերի պատմությանը դեռ անծանոթ մարդկանց ասում են, որ եթե ուզում եք փախչել ձեր կարծրացած մտքերից, ընդլայնել ձեր երևակայությունը, վերապրել մանկական կախարդական ցանկություններով լի արկածները, ձեռք բերել նոր ու հետաքրքիր ծանոթություններ, ուրեմն այս գիրքը Ձեզ համար է:
- Հենց կարդաք ու հավանեք, ֆեյսբուքյան մեր խումբը սպասում է ձեզ,- ասել է Արեգը: