Փոստատար-ատաղձագործը

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Մեր փոքրիկ համայնքում յուրաքանչյուրն ունի իր ձեռքի հմուտ աշխատանքը: Նրանցից մեկը մեր գյուղի փոստատարն է` Արմեն Հարությունյանը: Մասնագիտությանը զուգահեռ փայտից գեղեցիկ իրեր է պատրաստում՝ գդալներ, շերեփներ: Մեր դպրոցի ցուցափայտերն ու կավճամանները նույնպես պատրաստվել են նրա հմուտ ձեռքերով, բայց շատ ափսոս, որ չի կարողանում վաճառել դրանք: Ամռանը հաճախ հովեկներ են գալիս մեզ մոտ հանգստանալու: Թե կարողանում է, ամռան ամիսներին որոշ իրեր վաճառում է, մնացածը այդպես էլ չի վաճառվում:
Նրա ընտանեկան կյանքը այնքան էլ լավ չի դասավորվել. միայնակ երեք երեխա է մեծացրել՝ աղջիկը արդեն ամուսնացել է և ունի երկու երեխա: Տղան բանակում է, պահում է հայրենիքի սահմանները, իսկ մյուս տղան դեռ սովորում է դպրոցում` հինգերորդ դասարանում: Ունի նաև հիվանդ մայր, ում խնամք է հարկավոր: Տան պայմանները այնքան էլ բարենպաստ չեն: Եվ ինչպես բոլորս գիտենք, հնարավոր չէ սովորական փոստատարի աշխատանքով պահել հիվանդ մորն ու դպրոցական երեխային: Ու այստեղ նույնիսկ չեն կարող օգնել հմուտ ձեռքերը: