laura sekoyan

Քամուց քշվածները Սոլակում

Մոտ մեկ շաբաթ առաջ էր, երբ Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ սպասվում են ուժգին քամիներ, և հնարավոր է՝ դրանք պատճառեն վնասներ։ Իհարկե, գյուղացիները զբաղված էին այգու գործերով, շատերն աշխատանքի էին, և այդ զբաղվածության պատճառով չէին լսել, կամ, եթե լսել էին, ուշադրություն չէին դարձրել՝ հուսալով, որ մեր սարերը թույլ չեն տա քամին մեզ վնաս պատճառի։ Հիմա լսել, թէ չէին լսել, դա արդեն կարևոր չէ, կարևորն այն է, թե ինչ եղավ։

Սովորական օր էր։ Սկսվել էին գարնանային արձակուրդները, և բացվել էր այգին մաքրելու մեծ ու հաճելի գործը։ Այդ գործով շատերն էին զբաղված։ Կեսօրից հետո սկսվեց սովորականից ավելի ուժեղ քամի, և մարդկանց հավաքած տերևների բուրգերը հավասարվում էին հողին։ Ծառերը կարծես մարտի բռնված լինեին, իրարից բավականին հեռու գտնվող ծառերի ճյուղերը ուժգին քամուց հարվածում էին իրար։ Բոլորն անցան տուն, ով մոմ չուներ տանը, շտապ խանութ էր ուղևորվում՝ մոմ գնելու։ Բոլորը սպասում էին, որ ամեն պահի կարող են հոսանքազրկվել։ Այդ սպասելիքները քամին արդարացրեց։ Վնասվել էին մի շարք անասնագոմերի տանիքներ, կտրվել էին հոսանքի հաղորդալարեր, և դեռ սա ամենը չէր։
Հրազդանից մեքենայով տուն էինք գալիս, երբ հասանք դպրոցի մոտ ու ականատես եղանք, թե ինչպես քամին վերցրեց ու գետին տապալեց դպրոցի տանիքի մեծ մասը։ Սա ամենամեծ վնասն էր, որ քամին պատճառեց Սոլակ գյուղին։
Անցել է արդեն արձակուրդների մեկ շաբաթը, բայց դպրոցի տանիքը դեռ չի վերանորոգվել։ Միայն հավաքել են տանիքից պոկված հատվածները և դասավորել դպրոցի բակի մի կողմում։ Եթե գյուղացիները հստակ իմանային, որ իրենք պետք է վերանորոգեն տանիքը, գուցե արդեն նորոգած լինեին, բայց քանի որ որոշ տեղերից եկել, հետաքրքրվել են դպրոցով, նկարել են ավերված տանիքը և որոշակի օգնություն խոստացել, այդպես էլ տանիքը շարունակում է երեք հարկ զիջել իր տեղը ու մնալ գետնին։

Մեկ շաբաթվա ընթացքում տեղացել են անձրևներ, խոնավացել է երրորդ հարկի դասասենյակների մեծ մասը, և քանի որ դպրոցն այլևս չի ջեռուցվում, խոնավությունը դարձել է ջերմանալու միակ միջոցը։ Այս տանիքային հարցը «տանիքավորները» խոստացել կամ գուցե հույս են տվել, որ կլուծեն, բայց քանի դեռ նրանց տանիքը տեղում է, մենք կվայելենք խոնավության ջերմությունը։ Վիճակը, իհարկե, ծայրահեղ ծանր չէ, բայց մեր գյուղի եղանակային պայմաններում յուրաքանչյուրը պետք է տանիք ունենա։ Գյուղի տղամարդկանցից շատերն արդեն որոշ աշխատանքներ են կատարում և փորձում որևէ կերպ լուծել իրենց գյուղի, իրենց զավակների ու իրենց խնդիրը։ Արթնացեք, «տանիքավորներ»։