Anushik Mkrtchyan

Քամու բերած նամակը

Երբ փոքր էի, շատ բաների վրա էի ուրախանում: Դրանցից մեկը խատուտիկ էր: Երբ տեսնում էի խատուտիկի բմբուլը օդում, ասում էի, որ ինչ-որ մեկն ինձ նամակ է ուղարկել: Խատուտիկն օդում ճախրում էր, իսկ ես փորձում էի բռնել և տալիս էի մեկի անունը և փչելով հետ ուղարկում: Մտածում էի, որ նամակս կհասնի հասցեատիրոջը: Ես հավատում էի, որ բամբակի նման թեթև իմ փետուրը քամին ուր ասես, կարող է տանել:

Երբ տալիս էի մեկի անունը և ուղարկում, նայում էի, թե ինչպես է խատուտիկս օդ բարձրանում ու քամու թևին պարելով հետզհետե հեռանում ինձնից: Մտածում էի, որ եթե այդպես բարձրանում է օդ ու հեռանում, ուրեմն հաստատ գնում է հասցեատիրոջ մոտ:

Քիչ առաջ խատուտիկի մի փոքրիկ փետուր դիմացովս անցավ: Երբ քամին քիչ մեղմացավ, այն դանդաղ իջավ ներքև: Ես էլ ձեռքս պարզեցի, և խատուտիկն ընկավ ուղիղ ափիս մեջ: Խատուտիկ, քեզ նորից ուղարկե՞մ հեռու երկրներ: Ափիս մեջ պահած նայում էի, հանկարծ առաջվա պես պինդ հավատացի, որ գնալու է, իմ նամակը տեղ է հասցնելու… Ծնողներիս անունը տվեցի, «նամակս» շշնջացի նրան:

Խատուտիկների փետուրները՝ սերմերը, տարածվում են հունիս ամսվա սկզբներին: Հիմա ճիշտ ժամանակն է «նամակներ» ուղարկելու: