seda harutynyan-2

Քունս չի տանում

00:26. պառկել եմ: Քունս ինչպես միշտ, չի տանում: Է՜հ, ինչ անեմ: Գնացի, վերցրի հեռախոսս ու նորից պառկեցի: Ոչ մեկը չի գրել, ոչ մի նորություն չկա: Անջատեցի: Պատուհանից մի փոքր լույս էր ընկել անկողնուս վրա: Մատներս բարձրացրի ու տարա դեպի լույսը: Ի՜նչ նուրբ ես շոյում մատներս, ստվեր: Արի՛ խաղանք: Ինքս իմ մտքերի վրա քմծիծաղեցի: Աչքերս փակեցի: «Ի՞նչ լավ բան եմ արել այսօր»,- մտածեցի ես ու սկսեցի հիշել: Իսկ ի՞նչ չեմ արել, որ պետք է անեի: Օ՜հ, ինչ մեծ ցուցակ է: Հանկարծ որոշեցի նստել պատուհանի մոտ ու սկսել հաշվել աստղերը: Մանկուց եկած սովորություն է: Մեկ աստղ, երկու աստղ, երեք աստղ, թե՞ հաշվել էի էս մեկը: Ի՜նչ սիրուն ես, լուսին: Եթե ինչ-որ մեկը հիմա դիմացս կանգնած նայեր աչքերիս, աչքերիս մեջ կիսալուսիններ կտեսներ: Հիանալի է:

Հանկարծ մուտքի կողմից մեկը դուրս եկավ ու նայեց հենց մեր տան պատուհաններին: Հենց այնտեղ, որտեղ ես էի նստած: Վախեցա, գլուխս թեթև իջեցրի ներքև՝ իբրև թաքնվելու համար: Սիրտս սկսեց շատ արագ խփել, իսկ հարազատ լուսինը խանգարում էր տեսնել իմ կողմ նայողի դեմքը: Ես միայն սև ուրվագիծն էի տեսնում: Բայց այնքան ծանոթ ու հարազատ թվաց ինձ այդ ուրվագիծը: Նա մի քայլ առաջ եկավ, ու ես տեսա՜, տեսա այդ աչքերը, որ շատ էի կարոտել: Գլխով հասկացրեց, որ իր մոտ իջնեմ: Արագ հագնվեցի ու իջա: Ու նայեցի այդ աչքերին ավելի մոտիկից, ինչպես շաբաթներ առաջ էի նայում, ու նայելու ընթացքում էլ արդեն կարոտում էի: Հիշում եմ, որ երազում էի նրա հետ ճոպանուղի նստել: Նա ասաց, որ հենց այնտեղ էլ գնում ենք: Չնայած ուշ ժամին՝ ճոպանուղին բաց էր: Նստեցինք, ու զգացի, թե ինչպես եմ բարձրանում, ու ինչպես է վայրկյան առ վայրկյան գետինը հեռանում ինձնից: Այնպիսի տպավորություն էր, կարծես թևեր լինեին մեջքիս հետևում, բայց այդ թևերս իրականում հենց դու ես: Նորից նայեցի կապույտ աչքերին: Ու կորա աչքերի մեջ: Օվկիանոսներ են աչքերդ ինձ համար, անսահման օվկիանոսներ, որոնց նայելով՝ ես ինձ մի նավաստի եմ զգում, որ մոլորվել է ու ափ է փնտրում: Քամի փչեց: Կողքի դատարկ ճոպանները սկսեցին քամուց ճռռալ: Վախենում եմ: Շատ եմ վախենում: Ու ճոպանները կանգ առան: Աստված իմ, ի՞նչ անել: Ճոպանը տատանվում է: Մեր ճոպանը հիմա կպոկվի, մենք կընկնենք:

-Մի վախե…
Խոսքը կիսատ մնաց: Մենք ընկանք: Երբ աչքերս բացեցի, տեսա ինձ հարազատ լուսինը, իմ հաշված աստղերը: Ու ես նստած էի պատուհանի մոտ, ձեռքերս՝ ծալած պատուհանագոգին դրած, գլուխս էլ՝ ձեռքերիս վրա: Իսկ ո՞ւր ես դու: Սա ուղղակի երազ էր, հերթական երազը, որի իրականացման համար ամեն ինչ կտայի: Աչքերս լցվեցին: Նորից կորցրի քեզ, կապուտաչյա ստվեր: Դու նորից կորար: Միգուցե հանդիպենք հաջորդ երազում, կամ իմ, կամ էլ քո: