Օձունի երիտասարդներին հուզող խնդիրները

Լուսանկարը՝ Էրիկ Խեչումյանի

Լուսանկարը՝ Էրիկ Խեչումյանի

Ինձ հուզում է մի աղջիկ, ով ոտքից կաղ է: Նրա ձախ ոտքի ոսկորը ուղղակիորեն չկա, նա շատ դժվարությամբ է քայլում, բայց ինքն իր ոտքով է գնում դպրոց: Նա հանրահայտ նկարիչ է և շատ բարի է:

Աիդա Ասրյան
Այս պահին ինձ ամենահուզող հարցը այն է, թե ինչ է կատարվում մեր սահմաններում, արդյոք խաղաղ է այնտեղ դրությունը: Շատ եմ ուզում մի օր լինեն Հայկական բանակում ծանոթանալ իրավիճակին և լուսաբանել այն: Ինձ հուզում է նաև այն հարցը, թե ինչու Հայաստանում չեն թողնում, որ աղջիկները նույնպես ծառայեն, միթե մտածում են, որ աղջիկները չունեն կամքի ուժ:

Արմինե Կոստանդյան
Մեր դասարանում կան աշակերտներ, ովքեր ֆինանսապես անապահով են և դառնում են ծաղրի առարկա: Կուզենայի փոխել վերաբերմունքը  նման երեխաների հանդեպ:

Գայանե Աբգարյան
Ինձ հուզում է բնության և շրջակա միջավայրի մաքրությունն ու բարեկեցությունը: Անտառների հատումն ու արևի ճառագայթներից այրումը: Սակայն եթե անտառը չհատեն չեն կարող տաքացնել իրենց բնակարանները և քանի որ այստեղ նոյեմբերից կսվում է ձմեռային մեղմ ցուրտ անտառահատումը սկսում են դեռ աշնան սկզբից:

Լյովա Մայիլյան
Շատ գեղեցիկ բնակավայր ունեմ ես: Անկրկնելի բնությունը, որը ոչ ոք չի փորձում պահպանել: Օրեր առաջ մի երիտասարդ պատանի մաքրում և վերանորոգում էր մեր գյուղի պուրկներից մեկը և իմ զարմանքին չափ չկար՝ այն էլ առանց պատճառի:

Հուզող հարցերս՝ ինչու է կյանքն այնքան բարդ, որ մայրս աշխատում է մաքրությունը վայելելու փոխարեն: Ինչու՞ է մեզ ամեն ինչ այսքան դժվար տրվում: Ու՞ր է կորել բարությունը, մաքրությունը, անկեղծությունը: Ինչու՞ փողոցում քայլող մարդկանց դեմքին ժպիտ չկա, ով է գողացել այն, մեր պաշտոնյաները, որոնք մոռացել են, որ գյուղում էլ մարդիկ դեռ ապրում են:

Նելլի Չախկոյան
Ինձ ավելի շատ հետաքրքրում է մեր գյուղի վիճակը, թե որքան պետք է այսպես շարունակվի: Ես ուզում եմ խոսել Օձունի կյանքի մասին: Եթե մենք բացառենք եկեղեցին, ապա ոչ մի վայր չկա, որտեղ մարդիկ կարող են հավքվել, շփվել, և իրենց օրն ավելի հետաքրքիր անցկացնել: Եթե այստեղ ավելի շատ անցկացվեին  միջոցառումներ, լիներ գոնե մեկ սրճարան, վստահ եմ, որ մարդ տնից դուրս գալու ժամանակ իրեն հարց չէր տա թե ուր գնա: Ես կարող եմ ասել, որ այս պահին գյուղը քնած է, և չկա մեկը, որ նրան արթնացնի, ու թե ինքան է սա շարունակվելու՝ չգիտեմ:

Ռուզան Մայիլյան

Մեր գյուղում մաքրության հարցը այնքան էլ չի լուծված: Ճիշտ է աղբահանություն կատարվում է շաբաթը մեկ անգամ, բայց միևնույնն է մայթեզրերին, ճանապարհներին միշտ թափված է պաղպաղակի թղթեր, ծխախոտի տուփեր, պոլիեթիլենի տոպրակներ: Դրա համար կուզենայի, որ յուրաքանչյուր մարդ աղբը նետելուց առաջ գիտակցի իր արարքի տհաճությունը:

Սոնա Թամազյան