Nare Hovhannisyan

Օրացույցիս թերթերը և «լավ չէ»-ներիս ցուցակը

Վերջին անձրևի կաթիլն էլ թափվեց, ծորեց ու կորավ։ Վերջին քամու նշույլն էլ թաքուն դիպավ դեղձի ծաղիկներին և իր հետ տարավ գարնան վերջին հուշը։ Թեթև կայծակ խփեց ու տանիքներից այն կողմ արևն անհետացավ։ Պատուհանները ուժեղ հարվածով չրխկացին ու տաք ծածկոցի շրշյուն լսվեց տան տարբեր անկյուններից։ Տատս տաք շալով պարուրեց սառած մեջքն ու վայելեց տաք ուրցի վերջին ումպը։ Ես բացեցի խունացած գրքիս էջերը ու անցած աշնան տերևները տեսնելով՝ մի կեղծ ժպիտ թողեցի, հետո անցած գարնանից մնացած դեղձի ծաղիկները գտա ու հասկացա, որ մեկ տարի անցել է… Մեկ կլոր ու քառակուսի, կեղծ ու շիտակ, գեղեցիկ ու տգեղ, խառն ու պարզ, ուրախ ու տխուր տարի։ Թվաց, թե օրացույցի՝ այդ սևաներկ թվերը նոր-նոր են մտել կյանք, ու դեռ մեկ տարեկան երեխայի պես առաջին քայլերն են անում՝ սկզբում անվստահ, բայց հավատով, իսկ հետո այնքա՜ն արագ անցան, այնքա՜ն արագ մեծացան ու դարձան մեկ կլոր տարեկան։ Ուզում եմ հասկանալ այն մարդկանց տրամաբանությունը, ովքեր իրենց պատի օրացույցի ամեն հաջորդող օրվա թվանշանը հաճույքով ջնջում են. ջնջում եք, որովհետև հոյակապ օր եք ունեցե՞լ, որովհետև մի հոյակապ օր էլ մեռցրի՞ք, որովհետև ևս մեկ անգամ բողոքեցիք ու անիծեցի՞ք այս կյանքը։ Անցած տարվա օրացույցս մի քանի տեղերում կարմրաներկով ընդգծել եմ, չէ՜ իմ դեպքն այլ է, ես այդ օրերին իսկապես երջանիկ էի։ Այս տարի այդ կարմրաներկից էլ չունեմ՝ վերջացել է։ Վերջացել է այնպես, ինչպես կյանքիս այդ ուրախ օրերն են վերջացել։ Չէ՜, չհավատաս, կատակում եմ, զուտ այդ սովորությունս կորցրել եմ։
Հիմա, երբ օրացույցիս թերթերը խունացել են, իսկ տատիս ուրցն արդեն վերջացել է, ու գարունն էլ նոր է բացվել, կասեմ, որ հեչ լավ չէ տան պատուհանից 19-րդ գարնանը հետևելը, ով արդեն բոլորում է իր երկրորդ ամիսը։ Լավ չէ, երբ արևի ջերմությունը կլանում և ընկալում ես վարագույրի շերտերից այս կողմ և լավ չէ, իսկապես լավ չէ, երբ միակ լույսը, որը լուսավորում է և՛ սենյակդ և՛ կյանքդ, արհեստական է կամ էլ էլեկտրական։ Լավ չէ նաև այն, որ մի բնության երևույթ էլ սկսեցիր սիրել… անձրևը։ Լավ չէ նաև այն, որ մտքերդ ու հայացքներդ կիսում են սենյակիդ չորս սառը պատերը, որոնք անգամ արհամարհում են քեզ, իսկ դու ընկերացել ես հետները։ Լավ չէ, որ սեղանին գոյացած սուրճի ու թեյի բաժակները խոհանոց չեն հասել, չնայած, եթե մայրդ չի տեսել, ուրեմն այս կետը համարենք դրական։ Լավ չէ, որ ողերդ անտանելի ցավում են, իսկ աչքերդ ուռել են։ Լավ չէ, ու նաև անտանելի է, որ միակ պատկերը, որը տեսնում ես պատուհանից երկու կիսապատուհան տներն են և երեկոյան՝ համապատասխան երկար լուսացույցը։ Եվ նաև լավ չէ, որ արդեն մեկ ժամ է այդ մաստակը ատամերիդ հետ սերտ կապի մեջ է մտել, նկատի ունեմ՝ հանի՛ր վերջապես, հոգնեցի այդ միանվագ ձայնից։