Օրը, երբ արևն ամենաերկարն է շողում…

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Այսօր տարվա ամենաերկար օրն է: Նշանակում է՝ այսօր արևն ամենաերկարն ու գուցե նաև ամենապայծառն է շողալու: Գիտե՞ք, երբ փոքր էի, այս օրն առանձնահատուկ ջերմությամբ էի սիրում ու չեմ էլ հիշում, թե ինչու: Հիմա մտածում եմ՝ պատճառը հավանաբար այն էր, որ այս օրը դրսում շատ երկար էր լույս լինում, ինչը նշանակում էր, որ երկար կարող եմ մնալ բակում ու խաղալ ընկերներիս հետ:

Հիմա ամենայն հավանականությամբ արդեն էլ փոքր չեմ (թե՞ եմ), և դրսի մթնելն ու չմթնելն այնքան էլ կապ չունեն տուն վերադառնալուս հետ, բայց առանձնահատուկ ու գուցե նաև տարօրինակ սերս տարվա ամենաերկար օրվա հանդեպ ոչ մի տեղ չի անհետացել:  Դե՜, սերը որն է, ուղղակի իմ աչքերում մի տեսակ ուրիշ է տարվա ամենաերկար օրը: Մի տեսակ քայլերս էլ են այդ օրը երկարում, մտքերս էլ քայլերիս նման շատանում ու խճճվում են, իսկ հայացքս սովորականից ավելի շատ է դեպի երկինք հառվում: Երևի տրամաբանական է, ի վերջո, երկնքի ամենապայծառ լուսատուն այդ օրը սովորականից  ավելի երկար է լույս արձակում: Իսկ չէ՞ որ լույսերը մեր կյանքում չափազանց կարևոր են: Չէ՞ որ մեր կյանքի լուսավոր կետերն են մեզ ապրեցնում հենց՝ անկախ նրանից՝ դրանք հարազատ մարդի՞կ են, սպասված իրադարձություննե՞ր, թե՞ երբևէ չմոռացվող հիշողություններ: Մեր կյանքի լուսավոր կետերը մեզ ապրեցնում են, քանի որ խավարում երկար գոյատևելն անտանելի է ու անմարդկային: Խավարում դեպի լույս տանող դռները փնտրելն ու գտնելն է անգամ անհնար, մինչդեռ այդ դռները մեզ օդի ու ջրի նման են պետք:

Մեզ դեպի լուսավոր ճանապարհներ տանող դռներ են պետք, որպեսզի լուսավոր կետեր դառնանք մեկս մյուսիս կյանքում ու ապրեցնենք իրար՝ շարունակ խամրեցնելու փոխարեն… Եվ ուրեմն, թո՛ղ տարվա ամենաերկար օրը դեպի լույս տանող ճանապարհներ բացի յուրաքանչյուրիս կյանքում՝ անվերադարձ փակելով բոլոր էն դռները, որոնցից այն կողմ անտանելի ու անմարդկային խավարն է …