Սևան մեդիա ճամբար. Օր առաջին. ծանոթություններ

Մի քանի շաբաթ առաջ երկրաչափության դասի էինք, և ամբողջ դասարանը սպասում էր հրաշքի, որ դաս չանի: Քանի մոտենում էինք դասարանին, հրաշքի սպասումը մարում էր: Մտանք դասարան և պատրաստվում էինք դասին, երբ մտավ ուսմասվարը և ասաց, որ դպրոց են եկել «Մանանա» կենտրոնից, ու որ դաս չենք անելու, այլ գնում ենք հանդիպման մասնակցելու: Նրանք մեզ պատմեցին «Մանանայի» մասին, իսկ հետո մի կին մեզ անընդհատ հարցեր էր տալիս: Ես փորձում էի անմիջապես պատասխանել. կարծեմ՝ ստացվում էր: Նրանք մեզ ասացին, որ եթե հանձնարարությունները ժամանակին կատարենք, ապա կմասնակցենք դասընթացի և կդառնանք 17.am-ի թղթակից: 

Ես շատ ոգևորված էի ու շատ էի ուզում մասնակցել, բայց, ցավոք, չհասցրի կատարել հանձնարարությունը:

Երկու օր առաջ տանը նստած գիրք էի կարդում, երբ հեռախոսս զանգեց. Իշխան հորեղբայրն էր:

-Բարև՛, Նվե՛ր: Էսօր «Մանանա» կենտրոնից էին եկել: «Ծովասարում» մեդիա ճամբար է լինելու: Ժամը երկուսին կգաս:

Ես ուրախությունից «բրեյք դանս» էի պարում…

Հաջորդ օրն անհամբերությունից երկու ժամ շուտ էի եկել: Երեխաները քիչ-քիչ հավաքվում էին: Վերջապես եկան նաև Երևանի ուղղությունից եկող ավտոբուսները, ու մենք գնացինք ճաշելու: Ճաշի գնալու ճանապարհին տիկին Ռուզանին պատմեցի, որ ասմունքի մրցույթի էի մասնակցել, իսկ նա ասաց, որ արտասանեմ նրանց համար: Դե, չէի կարող հրաժարվել, բայց… Ես դարձա Նապոլեոն Բոնապարտը. միանգամից մի քանի գործողություն էի անում՝ մտքումս արտասանում, հաց էի ուտում, մասնակիցների հետ ծանոթանում և youtube-ով վերհիշում բանաստեղծությունս: Իրականում անիմաստ էր, քանի որ այնքան հուզված էի (դե, հասկանում եք՝ մեծ պատասխանատվություն էր ինձ համար), որ մոռացա ընթացքում:

Ճաշից հետո մասնակիցներն իրենց ներկայացրին, հետո ներկայացրեցին ճամբարի գրաֆիկը:

Դե, հասկանում եք, սկսում ենք ճամբարը: