Դիլիջանյան մեդիա ճամբար. Ֆոտոարշավ դեպի Գետիկ գյուղ

Վերջապես հասավ իմ կողմից այսքան երկար սպասված    ֆոտոարշավի օրը: Մենք  շարժվեցինք Գետիկ գյուղի ուղղությամբ:  Անկեղծ ասած, սկզբում, երբ  իջանք  մեքենաներից,  չէի  պատկերացնում,  թե  ինչ  է  հնարավոր այնտեղ  լուսանկարել,  մանավանդ, երբ  փնտրում  ես  այնպիսի  բան,  որը  շարժի  դիտորդի  հետաքրքրությունը:

Ու հիմա  ես  ապշած եմ,  որովհետև հասկացա,  որ  անգամ  հասարակ  ծաղկի  միջոցով  կարելի  է  հրաշալի  լուսանկար  ստեղծել  (իմ  դեպքում  այդ  ծաղկի  լուսանկարը  դարձավ  իմ  ամենասիրելին):

Արշավի  ժամանակ  մենք  այցելեցինք  գյուղի`  մեր  ճանապարհին  հանդիպած  տներից  մի  քանիսը:  Այնտեղի  բնակիչները  շատ  հյուրընկալ  էին.  մեզ  շատ  լավ  ընդունեցին:  Գյուղի տներից  մեկում  մենք  հանդիպեցինք  գյուղի  պատանի  բնակիչներից  մեկին,  ով  առաջարկեց  ուղեկցել  մեզ:  Մենք,  իհարկե,  դեմ  չէինք.  այդ  օգնությունը  մեզ  շատ  էր  պետք:

Ամբողջ  ընթացքում  բոլորիս  տրամադրությունը  շատ  լավ  էր,  չնայած  շոգին,  ծարավին  ու  հոգնածությանը:  Բոլորս  արդեն  ճանաչում  էինք  իրար,  որը  շատ  էր  օգնում  մեր  աշխատանքի  ընթացքին.  մեզնից  ոմանք  դառնում  էին  մյուսի  լուսանկարի  հերոսը:

Այսօր  ես  ինձ  համար  բացահայտում  կատարեցի.  ես  լուսանկարել  շա՜տ  եմ  սիրում:

Վանուհի Հարությունյան
***

Երրորդ օրը ես նստած եմ բարձր-բարձր ծառի տակ, փորձում  եմ հավաքել մտքերս ու գրել: Դե, գրելը լավագույն զբաղմունքն է, չնայած պատմվածք գրել չի ստացվում, փոխարենը` հերթական էսսեն գրվեց, որը շուտով կկարդաք նաև դուք:

Ֆոտոարշավից վերադարձած առաջին խմբի աշխատանքը շարունակեցինք մենք՝ ուղևորվելով Աղավնավանք: Սկզբում փոքր-ինչ սրտնեղեցինք. գյուղ էր, որտեղ գրեթե տներ չէին երևում և խցկված էր լեռների արանքում:

Մարդկանց ժպիտներով է սկսվում գյուղը: Ու բացվում է քո առաջ նրանց հյուրընկալ տրամադրությամբ: Տրամադրությունը փոխանցվում է, ժպիտները վարակիչ են: Առաջին հանդիպած տանը մեզ ընդունում են զարմանքով, հետաքրքրասիրությամբ ու ծիծաղով:  Ամենակարևորը՝  գրեթե ոչ ոք չէր փախչում ֆոտոխցիկներից ու աղմկոտ խմբից:DSC_0447

Գյուղի տղաներից մեկը, ով ներկայացավ որպես Խաչո, ուղեկցեց մեզ, խոսեց գյուղի առօրյայից, առաջարկեց հանդիպել այս կամ այն մարդուն:

Երրորդ օրվա լուսավոր կետերից մեկը՝ Միրան պապիկը, ապրում էր Աղավնավանք գյուղի ծայրին: Նա բոլորիս ձեռքով ողջունեց ու գրկեց վերադառնալիս…

Աղավնավանքը բարի էր, ժպիտով կհիշեմ Աղավնավանքը:

Անահիտ Ղազախեցյան