Ֆրանսիական օրագիր, մաս 4 Հետհաշվարկը սկսվեց

Մնաց 18 օր, կամ էլ ընդամենը 18 գիշեր, որ կքնենք ոչ մեր հարմար անկողիններում, այլ հանրակացարանի բատուտ-բարձերին ու տարօրինակ մատրասներին։ Էդ ամբողջ ընթացքում Մարիամն ու Անետը նորից ու նորից ոտքի տակ են տալու Փարիզը, որովհետև նպատակ ունեն էստեղ տեսնել հնարավորինս շատ բան ու  այցելել հնարավորինս շատ թանգարաններ։ Քանի ասել եմ թանգարան, պատմեմ մի դեպք, որ մաման կարդալուց չասի, թե ես տանն եմ նստում անընդհատ, ու եթե ինքը իմ փոխարեն լիներ Փարիզում, անդադար ման էր գալու։ Թեկուզ հանրակացարանի կողքի փողոցներով, թեկուզ «էդ կեղտոտ թաղամասերով», քանի որ․

-Մաքուր փողոց գտե՛ք, էդտեղ քայլե՛ք։

Մի խոսքով՝ գնացի թանգարան։ Երևի ֆրանսերենս թանգարաններում ու խանութներում դրամարկղի մոտ ավելի շատ է բացվում, քան աշխատանքի տեղը, ուր պիտի պարտադիր ֆրանսերեն խոսենք։ Հիմնականում ոչ մի խնդիր չի առաջանում, բայց վերջին գնալուցս փաստաթուղթ ուզեցին, ավելի կոնկրետ՝ վիզաս։ Բախտներս բերեց, որ ոչ մի բան չկար մոտներս, թե չէ եթե ցույց տայինք, լրիվ փաթեթն առնել էր տալու՝ որպես ոչ ԵՄ երկրի ներկայացուցիչների։ Հիմա էլ ասացին, որ վճարենք, եթե նկար չունենք։ Բայց երևի շատ խեղճ տեսք ունեինք ես ու Մերին, կամ էլ աշխատողը 20 ու 15 եվրոյից առանձին երկու հատ 12 չէր կարողանում ստանալ, էսպես երկար նայեց, ասաց` ձրի մտեք, լավ։ Էդ անգամը գնում էինք Նապոլեոնի գերեզմանը տեսնելու, ուր համատեղությամբ նաև զենքերի ու համաշխարհային պատերազմների թանգարաններն են։ 2-րդ համաշխարհայինով անցնելիս անընդհատ սպասում էի 1945 թիվը գա, որ ասեմ «45 թիվն էր, մտանք Բեռլին», ու սենյակը իրոք նվիրված էր հենց Բեռլինին։ Ամեն սենյակ նվիրված էր մոտ 2-3 տարվա, ու ամենուր դրված էին այդ ժամանակների զինվորների ու գեներալների հագուստները, անձնական իրերը։ 1943-ի մոտ էր կարծեմ, որ Կոկա-կոլայի շիշ գտանք ամերիկացի զինվորի անձնական իրերի մեջ, ու Մերին կատակով ասաց․ «Ընդմիշտ Կոկա-կոլա»։ Իրոք որ, շիշը չէր էլ փոխվել գրեթե։

Հետաքրքիր դեպքերից մեկ էլ այսօրվա Վերսալի քամին էր։ Այնպիսի փոթորիկ էր բարձրացել, որ թագավորական այգիները փակել էին, արգելում էին ներս մտնել։ Ման եկանք միայն շենքի ներսում։ Վերսալի պալատը, ճիշտ է, Եվրոպայի ամենամեծ պալատն է համարվում, բայց չեք պատկերացնի, թե ինչքան քիչ հատված է բաց հասարակության համար։ Էսօր ամեն ինչը ռեստավրացիայի էին տարել թարսի պես։ Մենք դե աուդիո գիդի հետ ենք քայլում (սենց հեռախոսատիպ բան է, որ համարը հավաքես, դնես ականջիդ, ինքը նախընտրածդ լեզվով պատմի ամեն ինչը քեզ տվյալ համարի տակ եղած առարկայի, սենյակի, հոլովակի մասին), ու էս գիդը իրենից գոհ պատմում է սենյակում դրված թույն կահույքի մասին, որը, ի դեպ, էդ սենյակինը չէր, բայց իրենք բերել հավաքել են, որ հին ժամանակների շունչը զգանք։ Ու հիմա գիդս խոսում է, թե Լյուդովիկոս 14-րդի կինը ինչ խնջույքներ էր կազմակերպում էդ հիանալի սեղանի, աթոռների ու մնացածի շուրջ, ես նայում եմ կողքերս, սենյակը դատարկ է։ Սովորաբար նշումներ են լինում, որ կահույքը տարված է վերանորոգման, բայց էսօր տեղյակ չէին պահում մեզ։

Տպավորիչ բաներից երևի մեկ էլ պիտի խոսեմ Նուբար Փաշայի հիմնած գրադարանի մասին, որը Փարիզի կենտրոնին մոտ մասում է, կարելի է ասել սրտում (սիրտն էլ ուղիղ մեջտեղը չի, դե)։ Ներկայիս տնօրենի անունն ու ազգանունը չեմ հիշում, չնայած հատուկ հարցրել էի։ Շատ հետաքրքիր մարդ էր, երևի իդեալական էր իր գործի համար։ էնքան կյանք կար էդ մարդու մեջ, էնքան էր հպարտանում իր պահած գրադարանով։ Պատմեց գրադարանի սենյակների կառուցվածքից, ասաց, թե ոնց են գիրքը գտնում իր «հասցեով», ցույց տվեց արխիվից նկարներ, լուռ հանդուրժեց, երբ մենք չտեսների պես թերթում էինք պատահած ամեն մի գիրք, օրաթերթ, օրագիր։ Ամեն ինչին կպել ենք, ամեն դարակ քաշել ենք, ամեն նկարի նայել ենք, հանգի՛ստ եղեք։

Առօրյայից էլ հետաքրքիր բան ասեմ։ Գնում էի խոհանոց, որ ուտելիք սարքենք, միջանցքի կեսից հնդկաձավարի (գրեչկայի) հոտ եմ զգում։ Մտածեցի՝ խառնում եմ մի բանի հետ, հնարավոր չի, էն էլ պարզվեց, որ մեր կուրսեցիներն են Հայաստանից բերած գրեչկան խաշում։ Շա՜տ անուշ հոտ էր գալիս։ Մա՛մ, եթե դու սա կարդում ես, խնդրում եմ, գրեչկա սարքի ամսի 29-ի համար։ Իսկ ես գնամ օրերս հաշվելու։ Սպասե՛ք նոր նկարների Անետից, նոր նյութերի բոլորիցս ու սպասե՛ք մեզ Հայաստանում։