Ֆրանսիական օրագիր, մաս 6

Գիտեի՞ք, որ Նյու Յորքը ժամանակին Նոր Ամստերդամ են անվանել։ Ես էլ չգիտեի ու չէի էլ իմանա, եթե արագ հոլանդերեն խոսող նավաստու խոսքը չթարգմաներ ոչ այդքան արագ խոսող հորեղբայրս։ Բայց լավ, շատ առաջ չընկնեմ։

Սկսվեց մեր փարիզյան հերթական շաբաթը՝ վեցերորդը։ Սկսվեց սովորականի նման տրամվայ-RER-մետրո-մետրո-ոտք կոմբինացիայով, բայց այս անգամ նույն ձևով չշարունակվեց։

-Լա՞վ անցավ դեսպանի հետ հադիպումը,- հարցրեց բնիկ ֆրանսիացի Պասկալը։

-Դեսպանը չէր, համալսարանի ռեկտորն էր,- շարունակում էի ուղղել նրան։ -Բայց մի քիչ մոտ եք՝ վաղը դեսպանատուն եմ այցելելու։

-Օ՜, ինչ հայտնի ես այստեղ։ Դեսպանն անձամբ հրավիրել է դեսպանատուն։

-Երբեք դեսպանի չեմ հանդիպել,- ավելացրեց Վեղոնիկը։

-Էլի զգեստ ես հագնելու, չէ՞։

-Դե սա ավելի օպաշտոնական հանդիպում է։ Զգեստ չեմ հագնի այս անգամ։

-Էդ ինչու՞։ Ռեկտորի համար կհագնես, իսկ դեսպանի` ոչ։

Բարեբախտաբար հեռախոսը զանգեց, և հաշվապահն իր օգնականի հետ ստիպված էին շեղել իրենց ուշադրությունը դեպի ավելի «հետաքրքիր» թեմա։

Ինչպես արդեն հասկացաք, այս երեքշաբթի հրավիրված էինք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատուն, որտեղ մեզ դիմավորեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Տոլմաջյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ պարոն Գևորգյանը։ Ջերմ զրույցներ, տպավորություններ աշխատավայրերից, համեղ քաղցրավենիք և ֆոտո դրոշի մոտ։ Կարճ ժամանակով մեզ տանը զգացինք։ Հաճելի էր, ինչ խոսք։

-Հը՞, ո՞նց անցավ երեկվա հանդիպումը,-Պասկալը կրկին չէր կարողանում հետաքրքրությունը թաքցնել։

-Լա՞վն էր դեսպանը։

-Քանի՞ հոգով էիք։

Այս երկուսի հարցերի շարանն ավարտ չունի։ Սակայն բախտս միշտ բերում է, ու կամ հեռախոսը կամ էլ արտահանման բաժինն ինձ փրկում են։ Երևի դրա համար եմ այդքան սիրում այդ երկուսին, հատկապես երկրորդին։

Ամենասկզբում երևի մտածեցիք՝ էլի Ամստերդամ ենք գնացել։ Լավ կլիներ, իհարկե, ավելի լավ եղանակով տեսնել այդ քաղաքը։ Տեսնել, ոչ թե վազել մինչև մոտակա ծածկը։ Սակայն այս շաբաթ ոչ ես, ոչ Մարիամը, ոչ էլ Անուշը միասին չէինք հանգստյան օրերին։

Մարիամի պլանների մեջ էր` հասցնել Ռոդենի և Պիկասոյի թանգարաններ, իսկ ես ու Անուշը հանգստյան օրերը նվիրեցինք ընտանիքին։ Անուշի՝ ջրահարսի հուշարձանի նկարներից կհասկանաք, թե որ քաղաք է այցելել (դե բոլորիս հայտնի Անդերսենի քաղաքը՝ Կոպենհագեն)։

Իսկ ես առավոտյան ուսապարկիս ծանրությունից մի կերպ հավասարակշռություն պահելով հասա կայարան։ Գնացք, պատուհանի մոտ տեղ ու 2,5 ժամ ու 2 րոպե ճանապարհ։ Հասա Անտվերպենի կայարան, որը նման չէր իմ տեսած և ոչ մի կայարանի։ Փարիզում նման մի կայարան պատկերասրահի են վերածել։ Իսկ այստեղ սա իսկապես գործող շենք է, 5 հարկ և ավել, որտեղից ամեն ժամ և րոպե գնացքներն ուղևորներ են տեղափոխում մի երկրից մյուսը։ Աննկարագրելի է։ Բայց գեղեցկությամբ հիանալու ժամանակ չկար․ պետք էր մի կերպ դուրս գալ այստեղից։ Եվ հենց այդ պահին ես հակացա, որ գտնվում եմ Բելգիայի հոլանդական մասում։ Լիովին անծանոթ մի լեզու, որը նույնիսկ մոտավոր չեմ հասկանում։ Հասա ինֆո կենտրոն, կոտրտած ֆրանսերեն բելգիական ոճով, և ահա ելքը։ Հայացք աջ, հայացք ձախ։ Մի հատ էլ հայացք աջ․ տեսա ինձ այդքան հեռու, բայց միաժամանակ այնքան մոտ երեքին: Հենց այս երեքն էին այսքան անհամբեր սպասել այս պահին։ Եվ հենց այս երեքն էլ երեք օրից այս նույն վայրից ինձ կասեն «Աստված քեզ հետ, մինչ նոր հանդիպում»։