Արև ա շողեր

Դպրոցներում գարնանային արձակուրդ է։ Այս ժամանակաշրջանը սիրելի է թերևս բոլոր աշակերտների համար։ Իմ աշակերտները բացառություն չեն։ Այո, իմ երազանքի ճանապարհին ես ունեցա իմ առաջին աշակերտներին, որոնց համար ժամանակավոր, բայց նաև վերջին ուսուցիչն եմ, քանի որ նրանք ավարտում են դպրոցը։

Բազում ֆիլմերից, գրքերից ու իրական պատմություններից ոգեշնչված` ես մտա դասարան` ևս մեկ անգամ սեփական օրինակով սովորեցնելու համար, թե ինչ կարևոր է սիրելը մեր լեզուն ու գրականությունը։

Իմ աշակերտները շատ խելացի են, նրանցից յուրաքանչյուրը մի նոր հավատ է, նոր սեր մարդկային կյանքում։ Նրանք նաև չափազանց հոգատար են ու հնարամիտ։ Ես հասցրել եմ կարոտել նրանց արձակուրդների ընթացքում։ Դպրոցը մառախլապատ ու փոթորկահար անտառի է նման, երբ այնտեղ չկան աշակերտներ։

Երբեք չեմ մոռանա իմ առաջին դասը ու այն հարցերը, որոնք ուղղված էին ինձ։ Ժամանակի ընթացքում իմ աշակերտները ճանաչեցին ինձ, գուցե ոչ այնքան լավ, որքան կուզեի, բայց երբ ամեն անգամ նրանց շուրթերից լսվում է ինձ կանչող ձայնը, ես հասկանում եմ, որ դպրոցն այն վայրն է, որտեղ ես միշտ պետք է լինեմ։

Մինչև արձակուրդի սկսվելը` ունեցածս վերջին դասի ժամանակ, ես պատիվ ունեցա լսել նրանց երազանքների մասին։ Ես հավատում եմ աշակերտներիս երազանքների իրագործմանը։ Հավատում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կդառնա այն մարդը, ինչ որ ցանկանում է. բժիշկ, ծրագրավորող, հնէաբան, Մեծ մարդ…

Երևի նրանք պատկերացնել անգամ չեն կարող, թե ինչ հաճախ են ուսուցիչները հիշում նրանց, ժպտում նրանց ասած մի բառից, սիրում նրանց` բոլոր սովորական ու անսովոր հատկանիշները, ու կարոտում, կարոտում, կարոտում։

Ուսուցիչն այն արևն է, որ պետք է լինի ամեն դասարանում, բայց նրա շողերը աշակերտներն են, առանց որի արև չի լինում։

Կան ուսուցիչներ, որոնք հաճախ են ուզում լսել, թե ինչ հիացած են իրենցով աշակերտները, բայց չգիտես ինչու, վախենում են հիացական խոսքեր ասել այդ նույն աշակերտներին։ Ես նման վախեր չունեմ ու այսօր, ավելի քան երբևէ, ուզում եմ ասել իմ աշակերտներին, որ շնորհակալ եմ այդքան տարբեր ու յուրահատուկ լինելու համար, և ի վերջո, չնայած, որ նրանցից միայն մեկն է իրեն այդպես կոչում, բայց ես բոլորին տեսնում եմ հենց այդպես` ՇՔԵՂ։

davit ayvazyan

ԺԱՄԱՆԱԿԸ

Ժամանա՞կն է գնում արագ, թե՞ մենք ենք արագ ապրում, երևի մենք ենք արագ ապրում: Ժամանակը նման է պտտվող անիվի, ինչ-որ մի բան կորչում է որոշ ժամանակ, բայց հետո կրկին հայտնվում է որոշ ժամանակով, հանճարը մահանում է, գալիս է նոր հանճար:

«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին,
Բայց ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց…»

Որոշ մարդիկ մնում են կայուն:

Միշտ ցանկանում ենք հետ տալ ժամանակը, որպեսզի կրկին ներկա լինենք ուրախ պահերին, չհասկանալով, որ դեռ էլի ուրախ պահեր ունենք ապրելու: Դժգոհ ենք ժամանակից, որովհետև ժամանակը գնում է դանդաղ, իսկ մենք ուզում ենք արագ ապրել: Երանի վաղը այս ժամին, երանի մի շաբաթ հետո այս օրը, կանցնի մի օրն էլ, մի շաբաթն էլ, երանի երեկ այս ժամին, երանի նախորդ շաբաթ այս օրը…

2015/11/17

Erik Petrosyan

Իմ սուրբ հայրենիք

Եկել է այսօր

Մի մեծ ժամանակ,

Կանգնել է աշխարհն

Անդունդի եզրին:

Այդ ժամանակում

Մի շատ հին ազգ կա,

Որ սերել է Հայկյան նետից։

Ազգը չի տեսել

Խաղաղություն երբեք,

Փորձել են ջնջել

Նրան մայր հողից,

Կիսվել է հողը,

Մի բուռ է դարձել,

Բայց այդ ազգը կա

Հայրենի հողին։

Փորձել են նրան

Կրոնափոխ անել,

Նրանք զոհվել են

Հանուն հավատի։

Տանջամահ եղել,

Հավերժացել են

Ու սրբադասվել։

Իմ սուրբ հայրենիք,

Իմ մեծ հայրենիք․․․

nane exiazaryan

Եկեք հիշենք

Իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր մոռացել են այն փաստի մասին, որ Արցախը դեռ շրջափակման մեջ է։

Մետրո նստելիս տեսնում ես տարբեր մարդկանց, ու ինչքան մարդ՝ այնքան տրամադրություն ու դեմքի արտահայտություն։ Շատերը իրենց առօրյա հոգսերի մասին են մտածում, մյուսը, թե` երբ է վերջապես դիպլոմայինը սկսելու գրել, մեկը, թե` ինչ է ուտելու, մյուսն էլ, թե` բա ո՞նց կլինի էս երկրի վիճակը։ Մարդկանց մեծամասնությունը ոչ թե մոռացել է, այլ անզորության  պատճառով ուղղակի մոռացության են մատնել այդ փաստը, որ գոնե գիշերը քնելուց մի երկու բանի մասին ավելի քիչ մտածեն, որ կարողանան հանգիստ քնել։

Երբ դեռ շրջափակման սկիզբն էր, շատերն էին իրենց սոցհարթակներում տարածում տարբեր նյութեր, կոչեր, բայց հիմա շատ քչերի մոտ կարող ես տեսնել, որ օրինակ, 100 օրը արդեն լրացել է, ինչ Արցախում մարդիկ շրջափակման մեջ են։ Ես ինքս սոցցանցերից շատ չեմ օգտվում, բայց երբ հիմա մտնում եմ ու փորձում եմ տեղեկություններ իմանալ իրավիճակի մասին, թեկուզ մեդիա դաշտում շատ քիչ հոդվածներ եմ հանդիպում, որ իմ հետաքրքրության դաշտում են։ Կարելի է ասել, որ ավելի շատ բան իմանում եմ այնտեղ գտնվող  ընկերներիս ինստագրամյան «սթորի»-ներից, քան մեդիա դաշտից։

Ես հասկանում եմ, որ դու տանն ես ու ֆիզիկապես ոչինչ չես կարող անել, որ օգնես այնտեղ գտնվող մարդկանց, ու դա է քո այս պահին իրավիճակի մասին չմտածելու, չհիշելու պատճառը։ Բայց թեկուզ մի փոքրիկ գրառումը, որ անում ենք ամեն առիթի համար, մեկ անգամ ևս ընկերոջդ «սթորի»-ով կիսվելը, կամ հենց Արցախի մասին մի փոքրիկ հոդվածով կիսվելը չի կարող շատ ժամանակ պահանջել յուրաքանչյուրիցս։

Պետք չէ մոռանալ: Եթե չես կարող ինչ-որ բանով օգնել, պետք է անընդհատ հիշել և հիշեցնել, որպեսզի այն մարդիկ, ովքեր միգուցե ունենան միջոցներ, կարողանան օգնել։

Արցախում այս պահին գտնվող մարդիկ հաստատ ուժեղ են, ու մենք մեր՝ թեկուզ փոքրիկ քայլերով, պետք է դա հիշեցնենք բոլորին, ինքներս մեզ։

Եկեք օրվա մեջ հիշենք, թե ինչ է կատարվում աշխարհում ու մեր երկրում։

Արդեն 101 օր է` Արցախը շրջափակման մեջ է:

 

CaseKey 2023֊ի հայտերը բաց են ուսանողների համար

CaseKey ուսանողական Բիզնես Խնդիրների Լուծման մրցույթ 2023֊ի հայտերը արդեն բաց են։ Մրցույթին կարող են դիմել 17-24տ. ուսանողները և նորավարտները Հայաստանի բոլոր բուհերից։ Հայտերը բաց են ինչպես անհատների, այնպես էլ թիմերի համար։ Դիմումները կարող եք ներկայացնել այստեղ՝ https://bit.ly/CaseKey23apl

Այս տարի CaseKey֊ն կանցկացվի արդեն 3-րդ անգամ։ Նախորդ տարիների ընթացքում ծրագիրը ստացել է ավելի քան 700 հայտեր, և մրցույթին մասնակցել են ավելի քան 200 ուսանողներ: 2021 և 2022թ.-ի լավագույն մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր մեկնել են ԱՄՆ և մասնակցել Ֆլորիդայի համալսարանում կայացող ամենամյա միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթին։

Այս տարվա հայտադիմումները բաց կլինեն մինչ ապրիլի 14-ը, որից հետո կսկսվի հարցազրույցների փուլը։ Հարցազրույցի արդյունքում կձևավորվեն վերջնական թիմերը, և նրանց կկցվեն քոուչներ: Եզրափակիչ մրցույթը տեղի կունենա նոյեմբեր ամսին, սակայն մինչև դա մասնակիցները կունենան հագեցած ընթացք։

Ողջ մրցույթի ընթացքում մասնակիցները կմասնակցեն հայաստանի առաջատար մասնագետների և հիմնադիրների հետ թրեյնինգների, կլուծեն հայկական իրական բիզնեսների կողմից առաջադրված բիզնես խնդիրներ և կներկայացնեն լուծումները սեփականատերերին։ Հագեցած կրթական ծրագրից զատ մասնակիցները նաև կմասնակցեն #KeyChallenge ինտելեկտուալ խաղերի լիգային և կհրավիրվեն նեթվորքինգային միջոցառումների։

CaseKey֊ի նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է ձեռք բերել իրական աշխարհի բիզնես գիտելիքներ, ստանալ աշխատանքի հրավեր և ձեռք բերել ձեռնարկատիրական փորձ։

Նախատեսվում է 2024թ֊ին Հայաստանում անցկացնել միջազգային բիզնե ս խնդիրների լուծման մրցույթ և հրավիրել լավագույն համալսարանական թիմերին ողջ աշխարհից։