Արև ա շողեր

Դպրոցներում գարնանային արձակուրդ է։ Այս ժամանակաշրջանը սիրելի է թերևս բոլոր աշակերտների համար։ Իմ աշակերտները բացառություն չեն։ Այո, իմ երազանքի ճանապարհին ես ունեցա իմ առաջին աշակերտներին, որոնց համար ժամանակավոր, բայց նաև վերջին ուսուցիչն եմ, քանի որ նրանք ավարտում են դպրոցը։

Բազում ֆիլմերից, գրքերից ու իրական պատմություններից ոգեշնչված` ես մտա դասարան` ևս մեկ անգամ սեփական օրինակով սովորեցնելու համար, թե ինչ կարևոր է սիրելը մեր լեզուն ու գրականությունը։

Իմ աշակերտները շատ խելացի են, նրանցից յուրաքանչյուրը մի նոր հավատ է, նոր սեր մարդկային կյանքում։ Նրանք նաև չափազանց հոգատար են ու հնարամիտ։ Ես հասցրել եմ կարոտել նրանց արձակուրդների ընթացքում։ Դպրոցը մառախլապատ ու փոթորկահար անտառի է նման, երբ այնտեղ չկան աշակերտներ։

Երբեք չեմ մոռանա իմ առաջին դասը ու այն հարցերը, որոնք ուղղված էին ինձ։ Ժամանակի ընթացքում իմ աշակերտները ճանաչեցին ինձ, գուցե ոչ այնքան լավ, որքան կուզեի, բայց երբ ամեն անգամ նրանց շուրթերից լսվում է ինձ կանչող ձայնը, ես հասկանում եմ, որ դպրոցն այն վայրն է, որտեղ ես միշտ պետք է լինեմ։

Մինչև արձակուրդի սկսվելը` ունեցածս վերջին դասի ժամանակ, ես պատիվ ունեցա լսել նրանց երազանքների մասին։ Ես հավատում եմ աշակերտներիս երազանքների իրագործմանը։ Հավատում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կդառնա այն մարդը, ինչ որ ցանկանում է. բժիշկ, ծրագրավորող, հնէաբան, Մեծ մարդ…

Երևի նրանք պատկերացնել անգամ չեն կարող, թե ինչ հաճախ են ուսուցիչները հիշում նրանց, ժպտում նրանց ասած մի բառից, սիրում նրանց` բոլոր սովորական ու անսովոր հատկանիշները, ու կարոտում, կարոտում, կարոտում։

Ուսուցիչն այն արևն է, որ պետք է լինի ամեն դասարանում, բայց նրա շողերը աշակերտներն են, առանց որի արև չի լինում։

Կան ուսուցիչներ, որոնք հաճախ են ուզում լսել, թե ինչ հիացած են իրենցով աշակերտները, բայց չգիտես ինչու, վախենում են հիացական խոսքեր ասել այդ նույն աշակերտներին։ Ես նման վախեր չունեմ ու այսօր, ավելի քան երբևէ, ուզում եմ ասել իմ աշակերտներին, որ շնորհակալ եմ այդքան տարբեր ու յուրահատուկ լինելու համար, և ի վերջո, չնայած, որ նրանցից միայն մեկն է իրեն այդպես կոչում, բայց ես բոլորին տեսնում եմ հենց այդպես` ՇՔԵՂ։