Sabina Davtyan

Մենք ծնվել ենք, որ …

Հարց, որի պատասխանը փնտրում եմ շատ երկար տարիներ ու այդպես էլ պատասախանը չեմ գտնում, ինչ-որ մեկն էլ ոչ մի հուշում չի տալիս, թե որտեղ փնտրեմ, կամ էլ ում դիմեմ:

Հարցը հետևյալն է. իսկ ինչո՞ւ ենք մենք ծնվել:  Ծնվել ենք, որպեսզի գնանք մանկապարտեզ, հետո դպրոց, համալսարան, հետո ամուսնություն, երեխաներ կամ հակառակը, ուղղակի ընտրել կարիերա, բայց չէ, մենք ծնվել ենք, որպեսզի ցավեցնենք միմյանց, իրար անվերջանալի հարվածներ, չլավացող վերքեր պարգևենք ու մեղադրենք գիտնականներին կամ էլ բժիշկներին, որ հիասթափության դեմ ոչ մի միջոց կամ դեղամիջոց չեն հայտնաբերել, կամ էլ հայտնագործել: Դե, մենք սիրում ենք հեշտ ճանապարհ ընտրել` մեղադրելով բոլորին մեր դժբախտության մեջ ու համար, բայց գլխավոր մեղավորին՝ ինքներս մեզ, երբեք մեղադրյալի աթոռին չենք նստեցնում… Մենք միշտ ինքներս մեզ ենք արդարացում…

Մենք ծնվել ենք, որպեսզի մեզ խոստանան սիրել ու երբեք բաց չթողնել, բայց վերջում ամենատականքի պես քեզ փոխում են մեկ ուրիշի հետ, ինչպես փոքր երեխան է իր ամենասիրելի խաղալիքի հետ կյանքի կարևոր պահերը կիսում, բաց չի թողնում երբեք մինչ այն պահը, երբ իր հայրիկը մի երեկո նրան ավելի վառ, գեղեցիկ խաղալիք է նվիրում: Երեխան հինը միանգամից դեն է նետում ու սկսում կարևորել նորը, բայց դա էլ այնքան ժամանակ է տևում,  մինչև հայրիկը օրերից մի օր էլի նոր խաղալիք է բերում… Կրկին սիրելի խաղալիքը անպիտան դարձավ, բայց գիտե՞ս, խոսքը հեչ էլ խաղալիքի մասին չէ…

Մենք ծնվել ենք, որ մեզ խոստանան պաշտպանել, բայց առաջին խնդրի դեպքում քեզ անպաշտպան ու լքված են թողնում, ինչպես հիմա երկրի վիճակն է…

Մենք ծնվել ենք, որպեսզի մեր վերքերը կյանքում չլավանան, հները միշտ թաց մնան, իսկ չորանալու դեպքում էլ հնի տեղը նոր մի վերք բացվի ավելի խորը, ավելի ցավոտ, ավելի արյունոտ…

Մենք ծնվել ենք, որպեսզի զգանք, թե ինչ հաճելի է, երբ քեզ սիրում են, բայց միաժամանակ, ինչ ցավոտ, երբ զգում ես, որ քեզ էլ չեն սիրում, կամ միգուցե քեզ երբեք չեն էլ սիրել…

Մենք ծնվել ենք, որպեսզի ինչ-որ մեկի սրտում մնանք, որպես հավերժ բնակիչ, իսկ մյուսի սրտում անցանկալի հյուրի նման, ով հարմար առիթ է փնտրում քեզ իր տնից դուրս հանելու…

Մենք ծնվել ենք, որպեսզի զգանք, թե ինչ է նշանակում կորցնել, որովհետև գտնելը միշտ էլ հեշտ է, իսկ պահելը միշտ չէ, որ ստացվում է…

Մենք ծնվել ենք, որպեսզի առանց սիրելիների գնալով ավելի խորտակվենք խավարի մեջ…

Մենք ծնվել ենք, որպեսզի անքուն գիշերներ անցկացնենք, դառը սուրճ խմենք ու հեռախոսը ձեռքներիցս չդնենք` հույս ունենալով, որ վերջապես կստանանք այդ գրողի տարած նամակը, զանգը, հանդիպման հրավերը,  անկախ եղանակային պայմաններից, հեռավորությունից ու գիշերվա ուշ ժամից: Սպասում ենք, որպեսզի գրկեն այնքան պինդ, որ բաժանման բոլոր օրերը հօդս ցնդեն, գալիս են, որպեսզի պատշգամբիդ ներքևում կամ դռան դիմաց քեզ սպասեն ու գիշերվա հազարին ուղղակի ասելու համար, որ եկել են… Եկել են, որ երբեք չգնան:

Բայց ցավոք սրտի, մենք ծնվել ենք, որպեսզի անթարթ նայենք այն պատշգամբից, կամ դռանը, որի մոտ նա երբեք  չի հայտնվելու:

Մենք ծնվել ենք, որպեսզի կրկնակի հիասթափվենք: Մենք ծնվել ենք, որպեսզի հպարտությունը սիրուց վեր դասենք ու մեռնենք հպարտ, այլ ոչ թե սիրված:

Մենք ծնվել ենք 21 տարի առաջ, որպեսզի գտնենք իրար կյանքի 21-րդ տարում ու հրաժեշտ տանք իրար նոր հանդիպած… Մենք ծնվել ենք ապացուցելու համար, որ սիրո համար պետք է բազմաթիվ պատերազմներ սկսել ու հաղթել, այնինչ մենք պատերազմում ենք, ոչ թե որպես դաշնակից, այլ որպես ոխերիմ թշնամի:

Ու ինչպես պատերազմի ընթացքում թշնամուց նոր տարածք գրավելուց կամ հինը վերադարձնելուց են դրոշ տեղադրում, այդպես է, դու որպես հաղթանակի վկա սրտիս փոքր հատված տարար, իսկ ես միայն մեկ փամփուշտ քեզանից, որը միշտ վզիս կախված կլինի՝ սրտիս շատ մոտ, որ ամեն անգամ փամփուշտի սառնությունն ու ծանրությունը զգալուց հիշեմ, որ չբուժվող վերքերը, երբեք ատրճանակների փամփուշտները չեն հասցնում, այլ սիրելի մարդիկ…

 

 

 

 

 

narek babayan

Ի՞շթար ես, է

Ոնց էլ չլինի, ձեր կյանքում գոնե մի անգամ ինչ-որ բանից բողոքած կլինեք։ Ու չփորձեք հակառակը համոզել, ես գիտեմ, որ հաստատ բողոքած կլինեք։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քարերից հետո բողոքն է իշխում։ Բոլորը միշտ, ինչ-որ բանից բողոքում են։ Կրակն ես ընկնում՝ մեկին հարցնում ես. «Ո՞նց ես»։ Լավագույն դեպքում դուք կստանաք` «Էլ ո՞նց պիտի լինեմ, ինչպես միշտ»։ Իսկ վատագույն դեպքում դուք մի երկու ժամով «ընկղմվում եք» այդ մարդու կենսագրության սև էջերի մեջ։ «Էս վատ ա, էն վատ ա, երկիրը երկիր չի», և այլն։ Հիշում եմ, երբ հայրս իր ծանոթներից մեկին հարցրեց. «Ո՞նց ես»։

-Ի՞շթար ես է, պատմի` շկամ…

-Էն ընչի՞ խարցուցիր, մկը լալը-շիվանը կտնեմ՝ կմնաս ծեռս շիվար։

Իրոք, ես արդեն հոգնել եմ։ Դպրոցականները դասերից են բողոքում, մեծահասակները՝ աշխատանքից, ծերերը՝ թոշակից։ Դե ես էլ սկսեմ բողոքել, տեսնեմ` դուրներդ գալի՞ս է, որ այդքան բողոք եք լսում։

«Գարունը ցեխ ա, ամառը շոգ ա, աշունն անձրև ա, ձմեռը` ցուրտ։ Սենց ո՞նց ապրենք»։ Այս խոսքերով սկսելու եմ բոլորին զզվացնել, որ հասկանան՝ ոչ ոքի հաճելի չի բողոքներ լսել, հերի՛ք է։  Վերջերս մի հետաքրքիր բան եմ տեսել համացանցում։ Հզոր մեքենայի վարորդը ուղղաթիռ էր ուզում, որ առանց խցանումների այստեղ ու այնտեղ գնար։ Ավելի համեստ մեքենայի վարորդը ավելի լավն էր ուզում։ Հեծանվորդը մեքենա էր ուզում, թեկուզ ամենավատը։ Հետիոտնը հեծանիվ էր ուզում… Եվ այդ ամենին հետևում էր մի հաշմանդամ, ով ուղղակի քայլել էր ուզում։ Ասածս ի՞նչ է։ Շուրջներդ նայեք, ուրախացեք նրանով, ինչ կա։ Հետևեք եղբորս օրինակին։ Նա «Ո՞նց ես» հարցին միշտ պատասխանում է` «Շատ լավ»։ Եվ ես նրան դեռ տխուր վիճակում չեմ տեսել։ Լավատես եղեք, ու ամեն ինչ լավ կլինի… էհ, հոգնել եմ նյութեր գրելուց։ Ուզում եմ տնօրեն դառնալ։