Շուրջ 4 տարի հաճախում եմ Օձունի Մշակույթի տան թատերական խմբակ, որի ղեկավարն է Գոհար Մայրանյանը: Հաճախ ենք կազմակերպում միջոցառումներ և ոչ միայն գյուղում, այլ նաև գյուղից դուրս: Մասնակցել ենք մրցույթների և շահել մրցանակներ: Քանի որ այս տարի Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցն էր, թատերական խմբակի ուժերով կազմակերպեցինք «Կոչեմ ապրողաց» միջոցառումը, որի բովանդակությունը ոչ միայն հիշատակմանն էր վերաբերվում, այլ նաև ոգեկոչմանը: Այդ միջոցառման մեջ ես ներկայացնում էի բուժքրոջ կերպար, խմբակի տարբեր անդամներ մարմնավորում էին տարբեր կերպարներ:
Կարող էինք այլ տարբեր բեմադրություններ ներկայացնել թեմային վերաբերող, սակայն չունենալով համապատասխան հագուստ և առարկաներ, չիրականացվեց մեր նպատակը:
Եվ առհասարակ, մեզ հուզում է այն հանգամանքը, որ չունենք հովանավորներ, որպեսզի խմբակի անդամների բեմական հագուստները, աքսեսուարները, դեկորները ավելացնենք, շատացնենք, ինչպես նաև ունենանք հնարավորություն մեկնել այլ բնակավայրեր` հանդես գալ այլ բեմերում: Մենք շատ ենք ուզում նաև իբրև հանդիսատես դիտել դասական և ժամանակակից դրամատուրգների պիեսներ, հասկանալ արհեստավարժ արտիստների անզուգական խաղը, որը մեզ հնարավորություն կտար ավելի լավ հասկանալ և ճիշտ ըմբռնել կերպար մարմնավորելու և դերասանի մասնագիտության նրբությունները:
Մեր խմբակը տարվա կտրվածքով շատ հաճախ է կազմակերպում միջոցառումներ, բայց հովանանոր ունենալու դեպքում կուզենայինք բեմադրել դասական գործ: Մեր խմբակի ղեկավարը մեծ ցանկություն ունի բեմադրելու Մուրացանի «Ռուզանը» կամ Անդերսենի « Ջրահարսը»-ը: Այդ ամենը իրականացնելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք:
Անահիտ Հովվյան
Լավագույն Չինումաչինը
2014թ. սեպտեմբերի 26-ին Երևանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպվել էր ամենամյա հեքիաթասացության մրցույթ-փառատոն «Երկնքից երեք խնձոր ընկավ»: Այդ մրցույթին Օձունի Մշակույթի տան թատերական խմբակի կողմից ներկայացանք ես` Մերի Նալբանդյանս և Արեն Դավթյանը, ով ներկա պահին ուսանում է Ջիվանու անվան դպրոցի ժողովրդական և գուսանական երգի բաժնում: Մենք ներկայացրել էինք Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը Լոռվա բարբառով: Ժյուրիին և հանդիսատեսին շատ էր դուր եկել մեր ելույթը: Մրցույթին մասնակցում էին 32 խումբ հանրապետության տարբեր մարզերից, Արցախից, Սփյուռքից, և այդ փառատոնի ժամանակ մենք շահեցինք հինգ մրցանակներից մեկը` «Լավագույն Չինումաչինի իմաստուն»:
Առաջիկա օրերին Լոռու մարզում կազմակերպվելու է ազգային ծեսերին և ավանդույթներին նվիրված միջոցառում, որին մենք կմասնակցենք և «Բարեկենդանը» հեքիաթի բեմադրությամբ, և ժողովրդական երգ ենք ներկայացնելու դուետով: Այժմ կատարում ենք նախապատրաստական աշխատանքներ մեր խմբակի ղեկավար ընկեր Գոհարի հետ, և հուսով եմ, որ այդ օրը լավագույնս կներկայանանք բազմահազար հանդիսատեսի առջև: Եվ ուզում եմ, որ անպայման մեր գյուղի և հատկապես մշակույթի տակ պատիվը բարձր պահենք:
Մերի Նալբանդյան







Վերջապես, երկար հանգստից հետո, որն արդեն ձանձրացնում էր, ես գտա ամառային դպրոց…
Արդեն դասից ուշացել էինք, և անգամ 17-րդ դպրոցի տեղը չգիտեինք, սակայն դա մեզ չխանգարեց, մի քանի զանգից և հարցուփորձից հետո մենք հայտնվեցինք ճիշտ տեղում: Բախտս բերեց…
Արդեն երեք օր է, ինչ ես մասնակցում եմ վեբ-ծրագրավորման դասընթացին: Այս ընթացքում ես ստացել եմ բազում նոր գիտելիքներ և հմտություններ: Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը շատ մեծ աշխատանք է կատարում, մենք 3 օրվա ընթացքում արդեն կարողանում ենք կայք ստեղծել, տեքստեր տեղադրել և դրանց հետ տարբեր ձևափոխություններ կատարել: Ես գտա ինձ հետաքրքիր և օգտակար տեխնոլոգիական գիտելիքներով լի ամառային դպրոցը, ծանոթացա նոր մարդկանց հետ: Բազում նոր տպավորությունները և հին ու նոր ընկերներիս հետ ժամանցը ամբողջովին լցրեցին իմ ազատ ժամանակը: Ձանձրույթը և պասիվ հանգիստը ինձ համար չեն, ես դրանում ևս մեկ անգամ համոզվեցի:


