Նելլի Բեգլարյանի բոլոր հրապարակումները

Վառարանի կողքին

 

Լուսանկարը՝Մարիամ Ղուկասյանի

Լուսանկարը՝Մարիամ Ղուկասյանի

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեր` Լոռու մարզի Վահագնի գյուղի ձմեռը էլ ավելի հեքիաթային էր: Ձյունը, որ Ամանորի գիշերը անակնկալի բերեց բոլորիս, գեղեցկացրեց շուրջ բոլորը, ամեն ինչ: Գյուղը ձմռանը ավելի շքեղ է դառնում. քայլում ես ձյունածածկ ճանապարհներով, ճանապարհի եզրերին ձյունից ծանրացած ծառեր են, իսկ ոտքերիդ տակ ճռճռում է ձյունը, ու մի խորհրդավոր լռություն է շրջապատում քեզ: Հատկապես  հաճելի է, երբ ձմռանը բռնում ես մառան տանող ճանապարհը, այնտեղ, ուր հիմնականում հանդիպում ես մայրիկիդ պատրաստած համեղ հյութերին ու պահածոներին: 

Երբ այլևս անելու ոչինչ չի մնում, այդ ժամանակ բոլորիս մոտ մի հանճարեղ գաղափար է ծագում: Հավաքվում ենք վառարանի շուրջը և սկսում մեր ամենասիրելի գործով զբաղվել: Մեկը կտրտում է կարտոֆիլը, մյուսը աղով համեմում է այն, իսկ ես սպասում եմ, թե երբ և ում է հասնելու առաջին «պլեճը», որն արդեն ավանդական է դարձել բոլորիս տներում:

Բայց դա իհարկե, չի փոխում գյուղի միապաղաղ կյանքը: Ձանձրույթն ու անգործությունը ավելի է ծանրանում մարդկանց վրա, և դրանից տհաճ ու դժվար, կարծում եմ, ոչինչ չկա: Անշուշտ, այդ ձանձրույթից հարկավոր  է ազատվել, և դրա տարբերակներից մեկն այն է, որ հավաքվենք  մտերիմներից մեկի տանը ու ստեղծված ջերմ մթնոլորտում դիտենք նարդու կամ թղթախաղի բուռն ու հետաքրքիր խաղերը: Բայց ինչքան էլ խոսեին այս մասին, հարցեր կան, որոնց պատասխանը ինձ նույնպես  հետաքրքրում է: Եվ զուտ հետաքրքրությունից դրդված որոշեցի մի քանի հարց ուղղել դասղեկիս՝ ընկեր Ավագյանին, ավելին իմանալու համար:

-Ձմռանը սկսում ենք նախապատրաստվել ամռանից: Ամռան և աշնան ընթացքում վառելիք  հայթայթելով` ձմռանը տաքանալու համար, ինչպես նաև պահածոներ, չրեր և մուրաբաներ  պատրաստելով:

-Ըստ ձեզ՝ ի՞նչ խնդիրներ ունի գյուղը ձմռան հետ կապված:

-Իմ կարծիքով, առաջնային է տների տաքացման խնդիրը: Շատերը չունեն գումար` վառելիք գնելու համար, մի կերպ են ծայրը ծայրին հասցնում:

Բացի այդ, գյուղում զբաղմունք չլինելու պատճառով ձմեռը անչափ հոգնեցնող է:

Գոնե երեխաների համար պետք է կազմակերպվեն ձմեռային խաղերի մրցույթներ, որոնց կկարողանային մասնակցել նաև մեծահասակներից նրանք, ովքեր կցանկանան:

Այո, զբաղվելու բան չկա, անկեղծ ասած, միայն վառարանի կողքին նստելով, նարդով ու թղթախաղով զբաղվելով, ձմռան օրերը պարզապես միապաղաղ գլորվում են:  Գործերով լեցուն տարվա ընթացքում մարդիկ գրեթե չեն հասցնում  հանգստանալ, և ձմեռը շատ լավ առիթ է մի փոքր  առօրյա գործերից կտրվելու: Բայց ժամանակը հագեցած անցկացնելու ոչ մի միջոց գյուղում չկա: Շուտով գարունը կգա, և գարնանային եռուզեռն ու կրկնապատկվող աշխատանքը երկար սպասեցնել չի տա:

Ինչ կլիներ, եթե…

Ուսումնական տարին, ինչպես ինքս ինձ խոստացել էի, սկսեցի բարձր գնահատականներով: Ճիշտ է, մի փոքր ծանրաբեռնված ենք լինում դասերով, բայց պետք է ասեմ, որ առանց դպրոցի ու դասերի, օրը իր իմաստը կորցնում է: Սեպտեմբերը սկսելուն պես ֆիզկուլտուրայի դասերը սկսեցինք անց կացնել բոլորովին նոր, հարմարավետ ու լուսավոր մարզադահլիճում: Ամեն ֆիզկուլտուրայի դասից հետո չենք ուզում դուրս գալ այնտեղից, դա երևի նրանից է, որ երբեք չեն ստեղծվել նման պայմաններ սպորտով զբաղվելու համար: Ասեմ ավելին, արդեն բասկետբոլի թիմ է ձևավորվում:

Դպրոցականների մեծամասնությունը ցանկություն է հայտնել ընդգրկվել այդ թիմերում: Գրեթե բոլորն էլ ուզում են իրենց ուժերը փորձել այդ բնագավառում. ոմանք ուղղակի ժամանակը անցկացնելու համար են գնում պարապմունքների, ոմանք էլ իրենց ապագան տեսնում են այդտեղ:

Ուսուցիչս՝ ընկեր Արսենյանը, խոստացել է միասնական և ուժեղ թիմ ստեղծել, բայց դրա հետ միասին միշտ շեշտում է, որ երեխաների քանակը կրճատվելու է, յուրաքանչյուր թիմում մնալու են միայն տասը լավագույն խաղացողները: Շատերից եմ լսել, որ, այսպես ասած, «գյուղի կաթ ու մածուն» կերած երեխաները ավելի ամրակազմ ու ճարպիկ են, քան՝ քաղաքաբնակները, և կարող են ավելի բարձր արդյունքների հասնել: ճիշտ է, առաջին հայացքից սովորական մարզադահլիճ է՝ գեղեցիկ վերանորոգված, բայց դրա պատերի ներսում ունենք մի մեծ խնդիր, որը մենք մեր սեփական ուժերով չենք կարող լուծել: Մեր միակ «ունեցվածքը» մի թենիսի սեղան է ու գնդակներ: Իսկ ինչ վերաբերում է գույք ունենալուն, դրա համար հովանավոր է հարկավոր, իսկ հովանավոր առայժմ չունենք: Սակայն երեխաների ցանկությամբ ու ֆիզկուլտուրայի ուսուցչի նախաձեռնությամբ որոշեցինք, որ բացվի բասկետբոլի խմբակ: Հիմա շատերիդ մոտ հարց կառաջանա, թե ինչո՞ւ հենց բասկետբոլ: Ասեմ, քանի որ միակ մարզաձևն է, որ խաղալու ժամանակ մարմնի բոլոր մկանները աշխատում են: Դրա համար էլ ընտրեցինք բասկետբոլը: Մարզվելու ենք շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ: Մինչդեռ շատ անելիքներ ունենք, և հեռահար նպատակների մասին դեռ վաղ է խոսել: Սա գյուղում առաջին խմբակն է, որ բացվել է, բայց միշտ չէ, որ բոլորի ունակություններն ու նպատակներն են համապատասխանում:

Օրինակ՝ ես չեմ կարողանում բասկետբոլ խաղալ: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդներին, այստեղ ցավալի իրավիճակ է տիրում: Համայնքում չկա որևէ զբաղմունք, և ես էլ դժգոհ եմ գյուղի այս վիճակից: իսկ եթե լիներ գոնե Արվեստի տուն, շատերի, այդ թվում նաև իմ կյանքը այլ կերպ կդասավորվեր: Ես կզարգացնեի իմ նկարչական ընդունակությունները:

Մեզ մնում է միայն զինվել համբերությամբ, և սպասել, որ մի լուսավոր օր մեզ համար էլ մի դուռ կբացվի:

Վահագնի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Ամեն բնակավայր ունի իր ծագումն ու պատմությունը, հետևաբար, Վահագնի գյուղը բացառություն չէ: Այն բավականին հին գյուղ է, որի կառուցման գործում մեծ դեր են ունեցել յոթ գերդաստանների ավագները՝ Քոչինը, Վարդումը, Փարեմուզը, Կոստանդը, Մարտիրոսը, Մոսինը և Կիրակոսը: Այդ յոթ գերդաստաններն իրենց ավագներով Ղարաբաղից տեղափոխվում են Լոռի: Երկար դեգերումներից հետո կանգ են առնում Շահալի բնակավայրում, որը հնում հայտնի է եղել Վերին Հագնի անունով: Կիրակոսի  գերդաստանից  են սերվում Առաքելը, Ներսեսը, Կախը և  Բեգլարը,  որոնք եղել  են  եղբայրներ, և  եկել են   Ղարաբաղից  Իջևանի  Սևքար  գյուղ,  այնտեղից  տեղափոխվել Դսեղ, և  վերջում  հաստատվել Շահալիում մինչ  օրս:   Օրինակ,  մենք՝  Բեգլարյաններս,  Բեգլարի  ծոռներն  ենք: Ունենք  մեծ  գերդաստան,  և  չենք  խզում  բարեկամական  կապերը  այդ  տոհմերի  հետ՝  համարելով  նրանց  մեր  արյունակիցն  ու  ազգականը:

Բնակավայրը գյուղ չի համարվել: 1806-1807 թվականներին յոթ ընտանիքներով կառուցում են Շահալիի եկեղեցին: Գերդաստանների ավագները հավաքվում են, և մի քանի հոգուց բաղկացած պատվիրակություն են ուղարկում կաթողիկոսի մոտ: Կաթողիկոսը հանձնարարում է Ղարաքիլիսայի քահանային՝ բնակավայրն ապահովել հոգևորականով, որպեսզի ծուխ (գյուղ) ձևավորվի: Ղարաքիլիսայի հոգևորականներից մեկը՝ տեր Հովհաննեսը, համաձայնվում է տեղափոխվել Վահագնի և դառնում է գյուղի առաջին քահանան: Այդ յոթ ընտանիքների աջակցությամբ անհայտ վարպետների կառուցած փոքրիկ եկեղեցին՝ Սբ. Նշանը, բավարարում էր համայնքի հոգևոր պահանջները: Զանգակատունը կառուցվում է ավելի ուշ՝ 1838 թվականին: Եկեղեցին գործել է մինչև 1922 թվականը: Այնուհետև այն վեր է ածվել կոլտնտեսության պահեստի: Տանիքը վերջնականապես փլվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ: Կանգուն են եկեղեցու պատերը և զանգակատունը: Գործում է 2000 թվականին հիմանդրված Ա. Քոչինյանի անվան միջնակարգ դպրոցը, որի աշակերտները հասել են մեծ հաջողությունների դպրոցում ստացած գիտելիքներով: Գյուղն ունի նորակառույց մանկապարտեզ, և մոտակա ժամանակահատվածում կհանձնվի շահագործման: Ունենք նաև հուշարձան՝ Վահագնիի փառքի հուշարձանը, այն միակն է Հայաստանում, որ խորհրդանշում է նաև Վահագն աստծուն: «Վահագն վիշապաքաղը» կանգնեցվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված վահագնեցիների հիշատակին: Այն իրենից ներկայացնում է հոյակապ համալիր՝ կազմված ճարտարապետական երկու լուծումներից: Վահագնը պատերազմում հաղթած, հերոսացած հայ մարտիկի խորհրդանիշ-կերպարն է, վիշապը՝ պարտված ու ոչնչացած ոսոխը: Համալիրն ամբողջանում է թանգարանային մասով: Այն կառուցվել է բացառապես ժողովրդից հանգանակած գումարներով: Հանգանակությանը մասնակցել են Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր վահագնեցիները: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1973 թվականի մայիսի 9-ին: Զոհվածների շարքերում է նաև ամբողջ Լոռու մարզից ռազմաճակատ մեկնած միակ կինը՝ Վահագնիի քաջարի դուստր, բուժքույր Մարուսյա Քոչինյանը: Այժմ հուշարձանը գտնվում է վթարային վիճակում: Գյուղն ունեցել է և հիմա էլ ունի մի շարք անվանի անձիք, որոնցից են՝ քաղաքական գործիչ՝ Անտոն Քոչինյանը, երգահան՝ գուսան Զաքարյանը, Հայրենական պատերազմի հերոս՝ Գառնիկ Վարդումյանը և գրող՝ Լիպարիտ Սարգսյանը: 2013 թվականին ասֆալտապատվեց գյուղի գլխավոր ճանապարհը, նույն թվականին մեծ շուքով նշվեց Ա. Քոչինյանի 100-ամյակը, որի հետ միաժամանակ դպրոցի բակում տեղադրվեց Ա. Քոչինյանի և գուսան Զաքարյանի կիսանդրիները: Համայնքում կա նաև հիվանդանոց, այն անվանվել է Մարուսյա Քոչինյանի անունով: Հիվանդանոցը սպասարկում է շրջակա հինգ գյուղերի բնակիչներին, բժիշկ՝ Աշոտ Հակոբյանի տնօրինությամբ : Արցախյան հերոսամարտին գյուղից շատերը մասնակցեցին, բայց ռազմաճակատ մեկնեցին և հերոսաբար կռվեցին մինչև կռվի ավարտը՝ Մանվել Աբրահամյանն ու Մանվել Հովհաննիսյանը: Այսօր էլ անկախ պետականության օրոք, երբ չկա կոլտնտեսություն, բնակչությունը չի դադարում զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ դրանով են ստեղծում օրվա հացը: Չնայած դրան, գյուղացիները խոստովանում են, որ անկախություն ձեռք բերելուց հետո կյանքը բավականին դժվարացել է: Չկա աշխատանք, մարդիկ մատնված են գործազրկության, այդ իսկ պատճառով լքում են հայրենիքը, որպեսզի գումար վաստակեն՝ ընտանիքի նյութական պահանջները ապահովելու համար: Ցավալի է, բայց փաստ, որ գյուղը լքում են մեծ մասամբ երիտասարդները, որոնք երբեմն էլ հեռանում են իրենց ընտանիքների հետ՝ անվերադարձ: Խմբակների բացակայությունն էլ ավելի վատ է անդրադառնում երեխաների ու երիտասարդների վրա, նրա համար, որ գյուղում չկա առանձնապես ոչ մի զբաղմունք: Դրա համար էլ շատ երիտասարդ ընտանիքներ իրենց երեխաների ապագան կերտելու համար տեղափոխվում են քաղաքներ: 2014 թվականից սկսած դպրոցին կից կառուցվում է սպորտդահլիճ, որը դպրոցահասակ երեխաներին հնարավորություն կտա մարզվել և իրենց ժամանակը արդյունավետ անցկացնել: Գյուղն օրեցօր դատարկվում է, բայց մենք մեր հույսը չենք կորցնում, և ապագային նայում ենք լավատեսորեն, սպասելով, որ մի օր բոլորը ետ կվերադառնան և կշենացնեն իրենց հայրենի օջախները:

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Նելլի Բեգլարյանի

Լուսանկարը՝ Նելլի Բեգլարյանի

Ինչպես է անցնում ամառը մեր գյուղում

 

Լուսանկարը՝ Նելլի Բեգլարյանի

Լուսանկարը՝ Նելլի Բեգլարյանի

Ամառ՝ տարվա  միակ  եղանակը, որ  չես  հասկանում , թե  ինչպես  անցավ: Դա  երևի  նրանից  է, որ  երկար  սպասված  արձակուրդների  մեծ  մասը  անց  ես   կացնում   դաշտերում՝ օգնելով  ծնողներին: Չնայած  եղանակային կտրուկ փոփոխություններին,  օրերը  մեր  գյուղում  անցնում  են  հիանալի: Գեղեցիկ  բնությունը  անմասն չի մնում  ժամանակդ  լավ  անցկացնելու  գործում:  Շրջապատված  լինելով  գողտրիկ  բնությամբ,  բավական  է  միայն  նստես  մի  ծառի  ստվերում,  փակես  աչքերդ  ու  հանգստանաս:  Հաճախակի  կազմակերպվում  են  ճամբարներ,  որտեղ  մեծ  սիրով  մասնակցում  են  գյուղի  փոքրիկ  բնակիչները,  երիտասարդները,  և  ինչու  չէ,  նաև  մեծահասակները՝  իրենց  փոքրիկ  ներդրումներով:  Չնայած  սրտի  թրթիռով  սպասում  էինք  Վարդավառին,  բայց  ամեն  արևոտ  օր  մեզ  համար  Վարդավառ  է:  Երեխաները   վազվզում  են  այս  ու  այն  կողմ՝  փոքրիկ  դույլերը  ձեռքներին  թրջված  հագուստով  ուրախանում  են  իրենց  խաղով,  և  ուրախացնում  ծնողներին՝  այդ  օրը  դարձնելով  նրանց  համար  կրկնակի  տոն:  Երեկոները  հավաքվում  ենք  խարույկի  շուրջը  և  լսում  մեծերի  հետաքրքիր  և  զվարճալի  պատմությունները:  Տրամադրությունդ  բարձրանում  է  հատկապես  այն  ժամանակ,  երբ  ականատես  ես  լինում  արևաշող  լուսաբացին  ու  մայրամուտին:  Եվ  այսպես  էլ  անցնում  է  ամառը  մեր  գյուղում՝ ճիշտ  է,  մի  փոքր  հոգսաշատ,  բայց  պայծառ  և  հրաշալի:

Լուսանկարը՝ Նելլի Բեգլարյանի

Լուսանկարը՝ Նելլի Բեգլարյանի