Ես ծնվել եմ քաղաք Եղեգնաձորում, բայց բնակվում եմ գյուղ Վերնաշենում: Ես շատ եմ սիրում իմ գյուղը: Վերնաշեն համայնքը գտնվում է Վայոց ձորի մարզի հյուսիս-արևելյան հատվածում: Հեռավորությունը մարզկենտրենից հինգ կիլոմետր է: Սահմանակից է Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին: Բարձրությունը ծովի մակարդակից 1450 մետր է: Գյուղի նախկին անվանումը եղել է Սրկողովք: Վերնաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թվականին, գյուղի անվանումը ստացել է «վերին շեն» բառերից: Գյուղի բնակիչների նախնիները եղել են Սալմաստ գավառից: Այժմ գյուղն ունի 1329 բնակիչ: Բնակիչների հիմնական զբաղմունքներն են խաղողագործությունը, անասնապահությունը: Գյուղի տարածքը կազմում է 523 հա: Գյուղի տարածքով անցնում է Սրկղունք գետը: Համայնքի հյուսիսային մասում գտնվում են Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիս-արևելյան մասում` Թանադե վանքը, Արկազ Սբ. Խաչ վանքը: Համայնքում է գտնվում նաև Գլաձորի համալսարանը: Սպիտակավորում է հանգչում Գարեգին Նժդեհի աճյունը: Վերնաշենցիների անվանել են «մատերիալիստներ», քանի որ շատ են հետաքրքրվել ուրիշների կյանքով և շատ էին բողոքում ուրիշներից:
Պապիկները

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի
Երբ հինգ-վեց տարեկան էի, շատ էի վախենում ծեր պապիկներից, որովհետև երբ չարություն էի անում, միշտ ասում էին, որ Մեշոկ պապին կգա ու ինձ կտանի մի մութ սենյակ: Այդ արտահայտությունից հետո ես մտածում էի, որ բոլոր պապիկներն են այդքան դաժան: Մի օր բակում խաղում էի, մեկ էլ մի ծեր պապիկ մոտեցավ ինձ: Ես տեսնելով նրան, սկսեցի լացել ու վազել դեպի տուն: Մայրս վախեցած դուրս եկավ, և ես նրան գրկեցի ու ասացի, որ մի պապիկ ուզում էր ինձ ծեծել: Այդ պահին շենքի դռնից ներս մտավ այդ պապիկը և քայլեց դեպի մեր կողմ:
-Բալիկ ջան, ինչի՞ ես վախենում, ես ընդամենը ուզում էի հարցնել, թե որտեղ է ապրում Արթուրը:
Ես ներս փախա: Մայրս ու պապիկը զրուցում էին, իսկ ես դռան ետևից լսում էի:
-Հայրիկ ջան, ի՞նչ է Ձեզ պետք,- ասաց մայրիկս:
-Աղջիկս, տղաս ընկերոջը նամակ է ուղարկել բանակից, ես էլ բերել էի, որ տայի նամակատեր Արթուրին:
-Բարձրացեք հինգերորդ հարկ, այնտեղ է ապրում Արթուրը:
Լսելով խոսակցությունը, ես հասկացա, որ այդ մարդը բոլորովին էլ վտանգավոր չէ, ընդհակառակը, շատ բարի ու հաճելի պապիկ էր: Այդ պապիկին հանդիպելուց հետո ես սկսեցի սիրել ծերերին, որովհետև նրանք ինձ համար աշխարհում ամենաբարի մարդիկ են:
Աշնանային տրամադրություն
Ազգը պիտի հերոսներ ունենա
Վերջերս հնարավորություն ունեցա հանդիպելու գեղանկարիչ Արարատ Սարգսյանի հետ: Մարդ, ում դժվար է միայն նկարիչ անվանելը: Արտիստի աշխատանքների թվին են դասվում մի շարք ֆիգուրատիվ և խորհրդանշական պատկերներ, ձեռակերտ գրքեր: Նրա աշխատանքները և նախագծերը ցուցադրվել են Եվրոպայի, Ամերիկայի և Արևելքի մի շարք երկրներում: Բավականին հետաքրքիր ու անկեղծ զրույց ունեցա նկարչի հետ: Չնայած նախապես հարցազրույցի պլաններ չունեի՝ առիթը բաց չթողեցի արվեստագետին մի քանի հարցեր տալ:
-Պարո՛ն Սարգսյան, ո՞րն է Ձեր արվեստի հիմնական թեման:
-Իմ հիմնական թեման նախատիպերի մասին է: Եթե անգամ բնություն եմ նկարում, ապա անպայման փնտրում եմ նախատիպը: Մեր օրերում դա շատ կարևոր է: Կարծում եմ, որ այդ գիտակցությունն էր, որ ինձ բերեց «Արքետիպեր» նախագիծը անելուն:
-Ինչի՞ մասին է «Արքետիպերը»: Կմանրամասնե՞ք:
-94թ.-ին արեցի «Արքետիպեր» նախագիծը: Արքետիպը նախատիպն է: Դրա մեջ ես հավաքեցի մոտ հարյուր լեզու՝ ուրարտական, մայաների, պոմպեյական և այլն: Հորդանանում ցուցադրության ժամանակ մի արաբ կնոջից թուղթ պատրաստել էի սովորել, և դա շատ հարմար եկավ իմ «Արքետիպերին»:
- Որքանով տեղյակ եմ ձեռակերտ գրքեր եք պատրաստում:
-Ես 10-12 տարբեր թեմաներով գրքեր ունեմ: Օրինակ՝«Կորուսյալ դրախտ», «Արձանագրություն և լանդշաֆտ», «Խաչքար» նախագիծը և այլն, իսկ ձեռակերտ գրքեր սովորել եմ պատրաստել Եվրոպայում: Հիմա Հայաստանում այդքան էլ դա տարածված չէ:
-Վերջերս բավականին քննարկվող է դարձել Ձեր «Խաչքար» նախագիծը: Ի՞նչը հանգեցրեց դրան:
-Երբ 2006թ.-ին տեսա, թե ինչպես են ազերի զինվորները ոչնչացնում Ջուղայի խաչքարերը, ափսոսանք ապրեցի ու բարկացա, որովհետև որպես արվեստագետ ես հո լավ գիտեի դրանց արժեքը: Աշխարհի ցանկացած թանգարան կուզենար գոնե մեկ հատ այդ խաչքարերից իր ցուցադրության մեջ ունենալ, ու դա մեծ հարստություն կլիներ: Եվ ես փորձեցի այդ խաչքարերը վերականգնել հին լուսանկարներից: Ինչպես բազմիցս ասել եմ, ես թուղթ եմ պատրաստում: Դրանցով ֆոտոներից պատրաստեցի մատրիցաներ, ու այդպես վերականգնեցի ուղիղ 36 խաչքար: 36-ը մեզ համար խորհրդանշական թիվ է համարվում:
Ես դա միշտ նմանեցնում եմ նրան, երբ երկու երեխաներ ավազի վրա խաղում են, մեկը մի բան է պատրաստում, ծնողները գովում են, մյուսը գալիս փշրում է: Մենք ամբողջ տարածաշրջանում մեծ հետք ենք թողել:
Այս նախագծով ես ուզեցի հակադրվել՝ ասելով, որ, եթե դուք ձեր ինքնությունը հաստատելու համար փչացնում եք ուրիշի արածը, ապա իմ ազգը իր ինքնությունը հաստատելու համար միշտ նոր բան է ստեղծում: Ես հոգին վերցրեցի ու դրեցի մի նոր, ուրիշ ֆիզիկայի մեջ:
-Ձեր կարծիքով արվեստագետը այսօր պիտի ավելի շատ գլոբա՞լ մտածի, թե՞ ազգային:
-Մինչև հայերեն չիմանաս, լավ անգլերեն չես խոսի: Ես պիտի իմը լավ իմանամ: Երբ 94թ.-ին արեցի «Արքետիպերը», ինձ համար շատ կարևոր էր գիտակցել, որ ես գիր ունեմ, որ ես ունեմ այբուբեն: Դա ուրիշ զգացողություն է: Կալիգրաֆիան կապ չունի այբուբենի հետ: Օրինակ, հրեական այբուբենը 20 տառից է և ունի 200 թվային կոդ, հայկականը չորս հատ ինն է…
Ես քսանից ավելի երկրում եմ արել այս նախագիծը ու բոլորին հետաքրքրել է, որովհետև իմ երկիրը դնում եմ գլոբալի մեջ:
-Դուք մեր ազգային էպոսին նվիրված աշխատանք ունեք…
-Այո՛, ես հավաքել եմ մեր էպոսը գյումրու բարբառով, կավի վրա նկարազարդումներ եմ արել՝ իմ ձեռքով քանդակած կաղապարների միջոցով: Ինքնության հիմքերը շատ կարևոր են: Պետք է ամեն կերպ հասնել դրանց:
-Ներեցեք, Դուք նաև քանդակո՞ւմ եք:
-Եթե դու արտիստ ես, ուրեմն պիտի տիրապետես ամեն ինչի: Եթե պետք լինի` կերգեմ էլ:
-Ի՞նչն է կարևոր մեզ համար այսօր:
-Հերոսները: Հերոսը նա է, ում մասին դու գիտես, ում ուզում ես նմանվել: Օրինակ, ռուսների համար Պուտինն է, գյումրեցիների համար՝ Յուրի Վարդանյանը …Ազգը պիտի հերոսներ ունենա…
…Երբ սովորում ենք ստեղծել դեռ փոքր հասակից
-Ակվարիումնե՛ր գնեք, հաջողություն բերող ակվարիումներ…
-Չե՞ք ուզում մեր գրչատուփերից գնել: Հայկական մոտիվներով գրչատուփեր…
-Լա՛վ էլի, գոնե մեկը գնեք. զեղչեր կանենք…
-Անտարբեր մի՛ անցեք, համեցե՛ք գնումների: Մեր գործարար ընկերությունը ձեզ է առաջարկում աշխարհի ամենաուրախ շապիկները…
-Մենք էլ դեղաբույսեր ու թուրմեր ենք վաճառում: Ամբողջը մենք ենք հավաքել, փաթեթավորել: Թուրմերն էլ ենք մենք սարքել: Շատ առողջարար են: Չե՞ք ուզի եղինջ կամ ասենք մասուր գնել…

Լուսանկարը՝ հեղինակի
Արդեն 15 տարի է, ինչ Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացնում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում ապրող մի շարք երիտասարդներ ստանում են տնտեսագիտական գիտելիքներ, ծանոթանում բիզնես հմտություններին, դաստիարակվում, որպես հասարակության նկատմամբ պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ:
Օրեր առաջ առիթ ունեցա մասնակցելու ՀՊՆ-ի կողմից կազմակերպված տոնավաճառին: Հայաստանի տարբեր անկյուններից եկած երիտասարդները ներկայացրել էին իրենց աշակերտական գործարար ընկերության կողմից թողարկած արտադրանքը: Ծրագրի պատասխանատուները՝ Արմինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, հերթով մոտենում էին երիտասարդներին, հարցուփորձ անում, խորհուրդներ տալիս, լսում նրանց հարցերը և հաճախ ինչ-որ բան գնում նրանցից: Անտարբեր չէր նաև հասարակությունը: Անցորդներից շատերը կանգ էին առնում աշակերտական ընկերության այս կամ այն տաղավարի մոտ, զննում առաջարկվող արտադրանքը, իրենց գոհունակությունը հայտնում նախաձեռնությունից, իսկ վերջում մի բան գնում և գոհ ժպիտներով հեռանում: Ես էլ մի քանի բան գնեցի, և՛ նրա համար, որ ուզում էի աջակցել երիտասարդներին, և՝ որ իսկապես լավն էին:

Լուսանկարը՝ հեղինակի
Ամեն կողմից անցորդներին առաջարկվում էին «կախարդական շարֆեր», «հայկական տիկնիկներ», «անմահական թուրմեր», «հրաշահամ փոխինձ», «երջանկություն բերող թևնոցներ» և այն ամենը, ինչ կարող է նույնիսկ մարդու երևակայությունից դուրս լինել: Հիշեցի, թե ինչպես ուղիղ մեկ տարի առաջ մեր գործարար ընկերությունն էլ գնորդներին առաջարկում էր «աշխարհի ամենագունավոր, ուրախ և հաջողակ դարձնող շարֆերը», ինչպես ամեն ինչ սկսեցինք համարյա ոչինչ չունենալով, ինչպես առաջին անգամ ձախողվեցինք ու հաղթանակ ունեցանք, ինչպես սովորեցինք ինքնուրույն ինչ-որ բան ստեղծել ու, թե ինչքա՜ն դժվար էր մեր առաջին արտադրանքը վաճառելը, որովհետև դրա հետ կապել էինք մեր ժամանակը, ջանքերը, ցանկություններն ու նպատակները: Ինչքա՜ն շատ էինք չարչարվել, և ինչքա՜ն վաստակած էր մեր առաջին շահույթը: Ժամանակը հետ տալով հիշեցի, թե ի՜նչ մեծ ոգևորությամբ հիմնեցինք մեր հասարակական կազմակերպությունը: Չնայած այնքան էլ մեծ շահույթ չունեինք, բայց պատասխանատու գտնվեցինք այն հասարակության նկատմամբ, որտեղ իրականացրել էինք մեր արտադրանքի վաճառքը և շահույթի մի մասով իրականացրեցինք կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն:

Լուսանկարը՝ հեղինակի
Մեզ համար ծրագրի ավարտը եղավ ՀՊՆ-ի կողմից կազմակերպված ամառային ճամբարը, որի ընթացքում մեր ստացած հիմնավոր գիտելիքներն ու փորձը ամբողջացան բիզնես ոլորտում արդեն հայտնի և հաջողակ գորածարարների անցկացրած սեմինարներով և խորհուրդներով:
Այդ օրը՝ տոնավաճառի ժամանակ, ես կարծես նույն զգացողություններն ու հուզումը, նույն ճանապարհը տեսա երիտասարդների աչքերում: Եվ այսպես, արդեն 15 տարի և 15 սերունդ…

Լուսանկարը՝ հեղինակի
Բնականաբար, մեզանից ոչ բոլորը կընտրեն ապագա տնտեսագետի մասնագիտությունը, բայց ջունիորցիներից շատերը արդեն ընտրել և դեռ ընտրելու են այդ ուղին: Հնարավոր է նաև, որ մեր կյանքում մենք կունենանք ավելի լավ նմանատիպ ծրագրեր և կրթական հնարավորություններ, բայց իր տեսակի մեջ ՀՊՆ-ը կմնա եզակի, որովհետև առաջին անգամ մեզանից շատերը հենց այստեղ սովորեցին հանդգնել լինել ստեղծագործական և ունեցան իրենց առաջին նվաճումը՝ պատանեկան նվաճումը Պատանեկան նվաճումների հետ:
Վազաշենս
Դուք գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Վազաշեն գյուղը: Վազաշենը գտնվում է Տավուշի մարզում: Ես յոթ տարի սովորել եմ Վազաշեն գյուղում: Իսկ 2014 թվականին եկել եմ Մեծամոր: Վազաշենում ուսումը լավ չէր, շատ առարկաներ ուսուցիչ չունեին: Եկա այստեղ ուսման մեջ առաջադիմություն ձեռք բերելու համար: Հայրս, եղբայրս և մայրս գյուղում են: Քույրս, ով ինձանից երկու տարի է մեծ, լավ ուսում ստանալու համար արդեն չորս տարի է սովորում է Մեծամորում: Հիմա ես ու քույրս այստեղ միասին ենք ապրում:
Ինձ շատ հուզում է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի վիճակը: Այնտեղ չկան աշխատատեղեր, մարդիկ աշխատանք չունեն և միայն փարոսների ու թոշակների միջոցով են իրենց ընտանիքները պահում: Ամեն օր մտածում եմ նրանց մասին: Եթե կարողանայի ինչ-որ բան ավելացնել գյուղում, ապա առաջինը աշխատատեղեր կստեղծեի: Եթե մարդիկ աշխատանք ունենան, իրենք էլ բոլորի պես կապրեն, ու ինձ նման ստիպված չեն լինի հեռանալ գյուղից ու ամբողջ օրը ընտանիքս, գյուղս, ընկերներիս կարոտել:

Սպասում
Մեկ օր Հաղթանակի զբոսայգում
Խարբերդի հատուկ կարիքներով երեխաների տան բնակիչները մեկ օրով այցելել են Հաղթանակի զբոսայգի։ Այցը կազմակերպվել էր Փարոս հիմնադրամի կողմից։
Լուսանկարները՝
Սիրան Մանուկյանի,
Դիանա Շահբազյանի
Աշխարհում իմ ամենասիրելի մարդը, ում կուզեի նմանվել

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի
Ես դեռ փոքր տարիքից երազում էի նմանվել տատիկիս՝ Ամայիս: Հիմա ավելի շատ է մեծացել ցանկությունս, որովհետև մեծացել եմ ու ավելի շատ բան եմ հասկանում: Ուզում եմ ունենալ նրա ընտանիքի նման մեծ ընտանիք, ստեղծել մի «պետություն» ու լինել ղեկավար, սիրել երեխաներիս ու թոռներիս հավասարաչափ: Բայց կուզենայի սիրել ամուսնուս, որովհետև Ամայս սիրելով չի ամուսնացել: Մի բան էլ կա, որով չեմ ուզում նմանվել. Ամայս մի քիչ թմբլիկ կին է: Մայրս պատմում է, որ երբ ես երեք տարեկան էի, հաց չէի ուտում: Ինձ հարցրել է.
-Աստղիկ ջան, ինչի՞ հաց չես ուտում:
Ես էլ պատասխանել եմ.
-Վախենում եմ՝ Ամայիս նման չաղ լինեմ:

Թեյը
Նկատե՞լ ես: Երբ անձրև է գալիս, թեյարաններում թեյը դառնում է ավելի անուշաբույր, ավելի համեղ ու ավելի հարազատ: Երբ դրսում անձրև է գալիս, ոչ մի թեյարանում թեյով լեզուդ չես վառի: Ինչի՞ց է այդպես: Դա ինձնից է ու քեզնից, իսկ թեյը պատրաստվում է նույն ձևով: Նույնիսկ ավելի անփույթ, քան սովորաբար: Սալահատակված փողոցների թեյարանները միշտ էլ հազիվ էն հասցնում եփել թեյը անձրևի ժամանակ, ուր մնաց, թե սեր խառնեն թեյին: Փաստորեն, ամեն ինչի մեղավորն այդ քո անիծյալ ներկայությունն է: Այնքան եմ սիրում քո գրողի տարած մեղավոր ներկայությունը:
Արդեն մի քանի տարի է, ինչ սովորության համաձայն, առանց անձրևանոց դուրս եմ գալիս ամենամռայլ եղանակներին ու քայլում: Իսկ դու վերևից տեսնում ես ու բարկանում, հետո խանդում, հետո սկսում նախանձել, ու այդ ամենն այնքան արագ, ինչքան արագ փոխում էիր պատվիրածդ թեյի տեսակները Տաք ձեռնոցների 5 հասցեի մեր մշտանձրև սրճարանում: Նկատե՞լ ես : Շարունակում եմ անձրևի ժամանակ թեյարան մտնել, պատվիրում եմ նույն թեյը, նստում մինչև թեյը սառչի ու դուրս գալիս:
Առանց քեզ թեյ խմելն անհնար է:
Գրողը տանի: Ինչքան եմ սիրում քո մեղավոր ներկայությունը…