Մենք ապրում ենք Հրազդանում: Ապրում ենք մի այնպիսի քաղաքում, որտեղ ճանապարհները 3D են: Հիմա ասեմ, թե ոնց մեր «բախտը բերեց» այս հարցում: Ուրեմն ավագանու ընտրությունների ժամանակ տեղ-տեղ ասֆալտ արեցին: Էնպիսի ասֆալտ, որ չուտես-չխմես, էդ ասֆալտի վրայով քայլես:
Ու քանի որ չափից շատ ‹‹սիրում›› ու մտածում են մեր մասին մեր իշխանությունները, որոշել են Հրազդանում չվերանորոգել ճանապարհները, որ ոտքներս դնենք թե չէ, միանգամից կոտրվի: Դե կոտրված ոտքով կարող ես քեզ համար հանգիստ պառկել տանը, հանգստանալ, գիրք կարդալ կամ հեռուստացույց դիտել: 3 մետր փոս գնացած ընտիր ճանապարհների շնորհիվ կարող ենք մեր հագուստը անձրևային եղանակներին ներկել նոր գույնով՝ ասենք, ցեխագույնով: Մեզ մոտ նաև գործում է «հատուկ ակցիա»: Շնորհիվ փոսերում գոյացած լճակների կարող ենք դուրս գալ փողոց, և՛ լողանալ, և՛ լողալ սովորել, արևային եղանակներին էլ կարող ենք արևայրուք ընդունել: Անգամ ասեմ, որ եթե շատ փնտրենք, ձուկ էլ կարող ենք գտնել: Եթե այդքան ժամանակ լճակները գոյություն ունեն, ուրեմն հաստատ բուսական ու կենդանական աշխարհ կլինի մեջը: Բակերում արդեն ոչ թե ավտոմեքենաներ են կայանում, այլ նավակներ: 2000-ական թվականներին Հրազդանում անձրևային եղանակներին կոշիկները չկեղտոտելու համար պոլիեթիլենային տոպրակներ էին հագնում ոտքերին: Դե ինչ, ոնց հասկանում ենք, հինը չի ուզում լքել մեզ: Չնայած հիմա էլ կարող ենք հագնել կրկնակոշիկներ ու անունն էլ դնել՝ fashion Հրազդան:
Համոզված եմ, որ եթե «Տիտանիկ» նավը մեր ժամանակներում գոյություն ունենար, ապա հենց մեր ջրափոսերից մեկում վաղուց խորտակվել էր։