Անձրևը

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

-Եվիկ, ինչի՞ ես տխուր:

-Որովհետև անձրև ա գալիս:

-Բայց անձրևն ի՞նչ կապ ունի:

-Մամ, իմ տրամադրությունը անձրևի ժամանակ ընկնում ա, չեմ սիրում անձրև:

-Բայց ինչի՞: Անձրևն աշխարհի ամենասիրուն բաներից ա:

-Էէէէ, մամ….

Նորից անձրև է մեր Չարենցավան քաղաքում… Անտարբեր դեմքով մոտենում եմ փակելու պատուհանը, ու հանկարծ, կայծակնային արագությամբ մտքովս անցնում է. «Բայց սիրուն ա»…

Ախր, իրոք սիրուն ա: Անձրևաջրերի առուները, ծառերից թափվող հազարավոր ծաղկաթերթերը, կայծակը, շենքի դիմացը նստած դժգոհ դեմքով, թրջված կատուն, անակնկալի եկած տղան, որ հեծանիվով մնացել է անձրևի տակ, կողքի շենքից այն տարօրինակ կինը, որ օրեկան մի քանի անգամ լվացք է փռում (այն էլ՝ նույն լվացքը): Սիրուն ա էն 90-ականների մեքենան, որ արդեն մի քանի տարի տեղից չի շարժվել: Սիրուն ա «Ջանիկ կլուբը»: Կհարցնես՝ էդ ո՞րն ա: Էդ մեր թաղամասի ամենահայտնի դեմքի՝ Ջանիկ պապի ավտոտնակն ա, որտեղ հավաքվում են մեծերը՝ նարդի ու շախմատ խաղալու: Սիրուն են մեր շենքի հինգերորդ հարկում բույն դրած ճնճղուկները: Սիրուն ա կողքի շենքի ծառը, որի պտուղները երբեք չեն հասնում, քանի որ ծառը կրում է «6-րդ թաղի ցոգոլի ծառ» պատվանունը: Ու շատ ու շատ սիրուն մանրուքներ, որոնք նկատելու համար պետք է ուղղակի նկատել:

Ինչ որ մեկն այս վայրկյանին իր կեսի հետ քայլում է անձրևի տակ՝ թրջված, խառնված մազերով ու թաց հագուստով: Քայլում է ու մտածում, որ պետք է մինչև վերջ թրջվել, որովհետև այս անձրևը եզակի է, չկրկնվող: Մեկ ուրիշը, կոստյումը մինչև վերջին կոճակը կոճկած, փողկապն ուղղելով քայլում է փողոցով ու անիծում անձրևը՝ իր պլանները խանգարելու համար: Շտապում է, քայլում այնպես, որ չթրջվի: Իսկ անձրևը նույնն է, նույնն է ամենուր, աշխարհի որ ծայրին էլ լինես՝ քո անձրևը չի փոխի իր էությունը:

Հ.Գ. Նյութս բաց պատուհանի մոտ եմ գրում: Հիմա կհարցնես՝ «Չե՞ս մրսում», իսկ ես կասեմ՝ «Չեմ մրսում, ուղղակի խառնվում եմ անձրևի շշուկին»: