Taguhi Agasyan

261. Արկած

Ամռան գալը իմ սիրելի` ամեն ինչից բողոքող հայ ազգի սրտում, նախ առաջացրեց երջանկություն, ապա դժգոհություն։ Ես որոշեցի հետ չմնալ ու բողոքել ուրիշների բողոքներից։

261-ը այն երթուղայինն է, որով ես ամեն օր գնում եմ համալսարան, ապա տուն գալիս։ Թեև 261-ը շատ հարմարավետ է, բայց երբ բազմությունը մի դժվարության է հանդիպում, առաջանում է կոնֆլիկտ։ Առաջին անգամ, երբ նման միջադեպի հանդիպեցի, միայն ժպտացի, այն էլ ուղևորներից մեկի կատակի վրա։ Երբ երկու կանայք իրար հետ բանավիճեցին, մի երիտասարդ ծիծաղելով ասաց.
-Լույսը դեռ նոր է բացվել…

261-ի համար կարևոր չէ, թե օրվա ինչ ժամ է. եթե ուղևորները դժգոհ են, ապա անպայման վիճելու են։ Իսկ վեճի ընթացքում ում մտքին ինչ գալիս է, բարձրաձայնում է։ Ահա ամառային փոքրիկ պատկեր։

- Պատուհանները կբացե՞ք, շոգից մեռնում ենք,- զայրացած հայտարարեց մի կին, որը դեռ նոր էր ներս մտել։
- Ես առողջական խնդիրներ ունեմ, եթե պատուհանը բացեմ, քամու տակ կմնամ,- հանգիստ տոնով պատասխանեց մեկ այլ տիկին։
- Հիմա ամբողջ ժողովուրդը խեղդվի, ինչ է թե` դու չմրսե՞ս,- ավելի զայրացավ առաջին կինը։
- Վարորդին ասեք, թող օդափոխիչը միացնի,- խորհուրդ տվեց պատուհանի կողքի տիկինը։
- Պետք է բոլոր պատուհանները փակեք, որ օդափոխիչը միացնելիս արդյունք ունենանք,- հայտարարեց վարորդը։
Ինչևէ, վարորդի հորդորին համաձայն` արեցինք այն, ինչ պետք է։ Հազիվ կրքերը մարեցին, երբ բախում սկսվեց մի տիկնոջ ու մի երիտասարդի միջև։
- Տղա ջան, որ այդպես հենվել ես ձողերին, ես չեմ կարողանում բռնվել, մի փոքր այն կողմ գնա…,- խոսքը դեռ կնոջ բերանում էր, երբ երիտասարդը պատասխանեց։
- Այսօր բոլորը զայրացած են։ Մեծ կին եք, բռնվել եմ, որ չընկնեմ Ձեզ վրա։
- Բայց ես զայրացած չխոսեցի, ուղղակի խնդրեցի, որ թույլ տաս բռնվեմ, թե չէ ես էլ կընկնեմ, – ասաց կինը։
Տղան միայն հոգոց հանելով մի կողմ գնաց։

Իսկ թե ամեն անգամ նմանատիպ վեճերի ժամանակ ով է մեղավոր,  ինչպես ասվում է հայտնի հումորում` ո՜չ ոք չգիտի։ Կարիք չկա մարդկանց կոպտել, այն էլ առանց ճանաչելու։ Պետք չէ ոչ էլ էգոիստ գտնվել ու բոլոր հարցերին նայել միայն մի անկյունից։ 261-ով մենք ամենաշատը անցնում ենք մեկ ժամվա ճանապարհ, և այդ մեկ ժամը պետք չէ անցկացնել ատելությամբ ու թշնամանքով։ Կարելի է երբեմն էլ զիջել, մանավանդ, որ այդ դեպքում չենք զրկվի մեր ուսադիրներից։ Եվ կապ չունի` դու որ համարի երթուղայինով ես գնում այս ու այն կողմ, կարևորը, որ չմոռանաս` այստեղ քեզ միշտ սպասվում է 261 արկած, որը պետք է արժանապատվությամբ անցնես։