Gayane Avagyan

267-յան երթևեկ

Ավտոբուսում եմ, ինչպես միշտ՝ կանգնած, մտքումս հազարավոր դեմքեր ու դեպքեր են պտտվում, կողքիս մարդիկ են կանգնած, դիմացս մի կին է նստած՝ երեխան ծնկին: Փոքրիկը լուռ է, մայրը պինդ գրկել է նրան, ասես պաշտպանում է ինչ-որ բանից, ինչ-որ մեկից: Դե, մի հոգեբան ասում էր՝ ծնողների մոտ պաշտպանական ռեակցիան ուժեղ է, իրենց երեխաների մասին մտածում են այնպես, ինչպես իրենց:

Դուրս եմ նայում. մեքենաներ են շարժվում, մեկի միջից բարձր երաժշտություն է լսվում, որը ավտոբուսի ներսում գտնվող մարդկանցից ոչ ոքի ճաշակով չէ: Բոլորը ծիծաղում են, կնոջ հետևում նստած պապիկները լուռ են, երևի չեն էլ լսում: Ձեռքումս գիրք է, ուսիս՝ ծանր պայուսակ՝ լիքը տետրերով: Պապիկը վերցրեց գիրքը ձեռքիցս, պահեց իր մոտ, որ ավտոբուսի տատանումներից չընկնեմ, ավելի ճիշտ՝ չգցեմ ձեռքիցս գիրքը: Սկսեց կարդալ:

Մեքենան շարժվում է, վարորդը խոսում է հեռախոսով, կնոջը բացատրում, թե որտեղ է երեկ դրել հեռակառավարման վահանակը: Երևի գտավ, որովհետև վարորդը անջատեց հեռախոսն ու լռեց:

Մետրոյում հնչող կնոջ ձայնն այստեղ չկա: Ավտոբուսի ամեն ուղևոր գիտի ճանապարհը: Դեմքերը նույնն են, կարծես բոլորին գիտես, ճանաչում ես: Մեկ-մեկ էլ իրենց կյանքից որոշ դրվագներ ես հիշում, որովհետև նրանք չեն շտապում գնալ տուն և տանը պատմել իրենց օրը հարազատներին: Ավտոբուսում ժամերով խոսում են՝ կարծելով, որ կարող է տուն չհասնեն: Ամեն օր նույն ժամին` նույն մարդիկ: Նույնիսկ ես գիտեմ, որ այս կինը՝ երեխայի հետ, իջնելու է մեկ կանգառ հետո, դրա համար էլ կնոջ մոտ կանգնած եմ:

Իջավ կինը՝ երեխային պինդ իրեն սեղմած: Չուզելով վճարեց դրամը ու դեմքի նույն արտահայտությամբ գնաց:

Վերջապես նստեցի, չնայած՝ գիտեմ՝ տասը րոպեից ես էլ տեղ կհասնեմ:

Դիմացս պապիկն է նստած, վերցրեցի ձեռքից իմ գիրքը: Ժպտաց, ասաց՝ հետաքրքիր էր:

Մյուս պապիկի ձեռքում էլ դրամ է, նա էլ դրամն է պինդ պահում ձեռքում, շուռումուռ է տալիս, նայում, որ տեղում լինի, որ չկորչի հանկարծ: Գլուխը մեկ բարձրացնում է, նայում կողքի նստած ծեր կնոջը, հետո՝ պատուհանից դուրս, հետո նորից դրամին:

Մի տղա մոռացավ իր կանգառում իջնել, խնդրեց, որ վարորդը կանգնի կանգառից մի փոքր հեռու: Վարորդը բարկացավ ու չկանգնեցրեց մեքենան: Տղան բարկացած ասաց, որ էլ երբեք այդ ավտոբուսը չի նստի: Տուն վերադառնալիս նա նորից նույն ավտոբուսում էր:

Ինչ-որ մեկի ականջակալներից բոլորս երաժշտություն էինք լսում, իսկ նա ինքն իրեն ժպտում էր և գոհ-գոհ նայում շուրջը:

Մի աղջիկ էլ կանգնած սրբում էր արցունքները, որ հոսում էին ակնոցի տակից: Երևի դրել էր, որ ոչ ոք չտեսնի:

Հասա, իջնում եմ, չէ, չէ, սպասում եմ մի քանի րոպե, որ ինձնից առաջ գտնվող մարդիկ իջնեն:

Իջնում եմ, ագահորեն, կարոտած շնչում թարմ օդը: Ավտոբուսում օդին խառնվել էին տասնյակ օծանելիքի մասնիկներ, և յուրօրինակ վատ բույր էր ստացվել:

Մոռանում եմ ամեն բանի մասին ու շտապում:

Ավտոբուսի մարդիկ տարբեր են, ընդհանրապես՝ մարդիկ տարբեր են, բայց մի բան բոլորի մոտ ընդհանուր է. նրանք շտապում են, իսկ ավտոբուսը՝ ոչ: