Ապրել պատերազմից հետո

Պատերազմ… Մի բառ, բայց անքա՜ն ցավոտ։ Այնքան բան կա ասելու պատերազմի մասին… Մենք չէինք հասկանում այդ ամենը, անգամ Քառօրյայի ժամանակ չէինք գիտակցում` ինչ է կատարվում։ Այնինչ Աստված չխղճաց մեզ. ստիպեց գիտակցել այդ ցավը, ստիպեց հասկանալ` ինչ է նշանակում հոգու ցավ, երբ շատ ուժեղ է ցավում, բայց չես հասկանում որտեղդ… Ստիպեց ամեն անգամ փողոց դուրս գալիս, քայլելիս, խոսելիս հուզվել, ամեն անգամ ժպտալիս մեզ մեղավոր զգալ, չկարողանալ անցնել Հերոսների փողոցներով ու նայել նրանց հարազատների աչքերի մեջ։

Գնացին տղերքը… Չէ՛, պատերազմը տարավ, տարավ՝ անվերադարձ…

Սեպտեմբերի 27: Ահա սկսած այս չարաբաստիկ օրից երկիրս սև հագավ։ Սև հագավ նաև քաղաքս՝ փոքրիկ Եղվարդս։ Ո՞վ կմտածեր, որ մեր հասակակից «փոքր» տղաները այնքան մեծացան, որ իրենց կյանքը տվեցին մեզ համար… Մեր անմահ Հերոսներից է Լևոն Հովհաննիսյանը։

Լևոնը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 19֊ին Եղվարդ քաղաքում։ Միջնակարգ դպրոցին զուգահեռ հաճախել է նաև երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին, մասնակցել է մի շարք մրցույթների և փառատոնների, ինչպես նաև Վիքի խմբագիր էր։ Ընդամենը 3  ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսեց։ Պատերազմի առաջին օրերից եղել է առաջնագծում։ Սեպտեմբերի 27֊ից պարբերաբար զանգել է հարազատներին և ասել, որ ամեն ինչ կարգին է։ Սկզբում մորն ասել է, որ նորակոչիկներին դիրքեր չեն տարել, սակայն հայրը, ով պայմանագրային զինծառայող է, առաջին օրվանից էլ իմացել է, որ որդին առաջնածում է։ Ծնողները նրա զոհվելու կոնկրետ օրը չգիտեն։ Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 14֊ին և կրկին ասել, որ ամեն ինչ կարգին է։ Այդ օրվանից և պատերազմի ավարտից հետո երկար ժամանակ հարազատները ոչ մի լուր չեն ունեցել։ Դեկտեմբերի 14֊ին հայրը զանգ է ստացել արցախցի զինվորականներից մեկից, ով նրան ասել է, որ ցուցակներում կա Լևոն Հովհաննիսյան անուն-ազգանունով զինծառայող, ում մարմինը գտել են Հադրութի և Վարանդայի մեջտեղում գտնվող հատվածից։ Նրա գրպանում բանկային քարտ է եղել, և հենց այդ քարտի միջոցով էլ ճշտել են, որ այն իսկապես պատկանել է Լևոնին, և որ գտնված մարմինը Լևոնինն է։ Դեկտեմբերի 15-ին մարմինը ուղարկել են Սևանի դիահերձարան և ասել, որ պետք է սպասել ԴՆԹ  թեստի պատասխանին։ Սակայն հայրը չի սպասել և հաջորդ օրը գնացել է Սևան։ Դատաբժիշկը նրան ցույց է տվել Լևոնի լուսանկարները, և հայրը միանգամից ճանաչել է որդուն։

Լևոնին հուղարկավորել են դեկտեմբերի 19֊ին՝ իր ծննդյան օրը։ Հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 29֊ամյակի օրը, նրա քառասունքն էր։

Մենք շարունակում ենք ապրել… Կամ ուղղակի սպանել ժամանակը… Իսկ ի՞նչ է նշանակում ապրել պատերազմից հետո: Իսկ հնարավո՞ր է ապրել պատերազմից հետո…

Հարցեր, որոնք ունեն մխիթարություններ պատասխանների տեսքով, սակայն չունեն պատասխաններ։

Բոլորն են իրենց հարց տվել. ինչու՞ հենց դուք։ Ինչու՞ հենց մեր սերունդը։

Կարծում եմ մենք դարերի ամենաբախտավոր սերունդներից ենք, եթե ոչ՝ ամենաբախտավորը։ Մենք կարողացել ենք ճանաչել ՀԵՐՈՍՆԵՐԻ, նրանց հետ հաճախել նույն ուսումնական հաստատություն, ապրել նույն քաղաքում…

Բարձր երաժշտություն, ժպիտներ, ծիծաղ, ուրախ երեկոներ, տոներ. այս ամենը կորցրել են իրենց գույները։ Եթե անգամ ժպտում ենք կամ մասնակցում միջոցառումների, մեկ է, ցավը չի պակասում, որոշ դեպքերում նաև ավելանում է, երբ լսում ենք նրանց երգերը, կամ այն ստեղծագործությունները, որոնք նրանց կողմից հնչում էին հաճախ և անկրկնելի…

Այժմ բոլորը փախչում են. վախենում են նոր պատերազմից։ Ես չեմ մեղադրում  որևէ մեկին: Բոլորն էլ անհանգստանում են իրենց համար։ Բայց մի պահ եկեք մեզ հարց տանք. «Փախչելով ու՞մ ենք թողնում մեր երկիրը, մի՞թե մենք կարող ենք մեր տղաների կյանքի գնով պահված երկրում թույլ տալ, որ ապրեն թուրքն ու ադրբեջանցին»։ Եթե ուզում ենք առաջ շարժվել, թեկուզ միայն մեր Հերոսների համար, պետք է գիտակցենք, որ նրանք իրենց կյանքով ոչ թե մեզ նվիրել են ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ապրելու հնարավորություն, այլ դատապարտել են դրան։ Մենք չենք կարող մոռանալ ամեն ինչ, երկիրը թողնել և փախչել: Մենք չունենք դրա իրավունքը։ Մենք պետք է ապրենք մեր երկրում։ Ու պետք է ապրենք գիտակցելով, ոչ թե մտածելով, որ մեզ այստեղ «գերեզմաններն են պահում»…