Այս տարի ես ընդունվել եմ Ֆրանսիական քոլեջ: Առավոտները պետք է իջեցնեմ դասից ուշանալու հավանակությունը: Ասեմ, որ սկզբում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Չեմ հիշում՝ ես առաջ եղե՞լ էի Զեյթունում, թե՝ ոչ: Դրա համար մի ամիս հայրիկիս հետ էի գնում: Այն ժամանակ ավելի շատ էին դժվարությունները, որովհետև սեպտեմբերի սկիզբն էր: Բայց ես այդ մասին չեմ ուզում գրել: Ես ուզում եմ գրել այն մասին, թե ինչպես Նորքի 2-րդ զանգվածից ժամանակին հասնել Ֆրանսիական քոլեջ:
Նախևառաջ պետք է ճիշտ ժամանակին տնից դուրս գալ: Ես հիմնականում տնից դուրս եմ գալիս ժամը 8-ին: Իսկ եթե տնից դուրս գամ ժամը 8:05-8:10-ին, ապա ուշանալուս շանսերը կմեծանան:
Հետո պետք է ոտքով հասնեմ 63-ի կանգառ: Մեր տնից մինչև կանգառ հինգ րոպեի ճանապարհ է, չհաշված այն փաստը, որ իմ մենակ քայլելը վազելու հաշիվ է: Ճիշտն ասած, տնից դուրս գալուց ես չեմ նայում ժամացույցին, բայց մոտ երեք րոպե անց ես արդեն կանգառում եմ: Հիմնականում իմ բախտը չի բերում, և ես չեմ հասցնում նստել ժամը 8-ի «գազել»-ը: Երբ համարյա վազելով մոտենում եմ 63-ին, իսկ մյուս կողմից մի մարդ հանգիստ քայլերով մտնում է ներս ու նստում վերջին ազատ նստարանին: Ստիպված պետք է նստեմ 8:05-ի երթուղայինը: Այդ ժամանակ պետք է իմանալ, թե որն է հաջորդը: Հիմնականում ես գուշակում եմ: Մի անգամ նստել էի, իմ կարծիքով, ճիշտ ավտոմեքենան: Հետո տեսա, թե ինչպես էր մյուս 63-ը գնում: Բայց ես դուրս եկա, իմ կարծիքով, ճիշտ ավտոմեքենայից և հասցրեցի նստել իրականում ճիշտը:
Քանի որ նստեցի իրականում ճիշտ ավտոմեքենան, կարելի է սկսել 63-ի խաղը: «Իսկ ի՞նչ է 63-ի խաղը»,- կհարցնեք դուք:
«Գազել»-ը նստելու քայլերը կատարելուց հետո, ես այլևս ոչինչ չեմ կարող անել դասից ուշանալու հավանականությունը փոքրացնելու համար: Մնացածը վարորդից և խցանումներից է կախված: Ահա, թե ինչու հենց «63-ի խաղ»:
Առաջին արգելքը, որին վարորդը հանդիպում է՝ 135 դպրոցի խցանումն է: Այս շաբաթ դպրոցականները արձակուրդ են: Այս մի քանի օրը այնտեղ խցանում չի լինում:
Կանգառից մինչև Առևտրի քոլեջ 63-ը մարդկանց է հավաքում: Մարդիկ էլ, երևի, խաղի միջի կոպեկներն են: Հավաքում է մինչև ավտոմեքենայի մեջ շնչելու տեղ չի լինում: Ես նստած եմ լինում, բայց ինչ-որ մեկը պարտադիր վերևից շնչում է իմ վրա այնպես, որ ես չեմ կարողանում շնչել (ի դեպ, ես քամու ժամանակ էլ չեմ կարողանում շնչել): Մի անգամ էլ մեկը կծու ծամոն էր ծամում: Ես էլ ստիպված էի շնչել նրա արտաշնչած, խեղդող հոտը: Հա, ու մարդիկ կան, ովքեր իրենց պայուսակները հենում են իմ նստարանին: Գիտեմ, որ կանգնածներին անհարմար է, բայց ինձ էլ է տարածք հարկավոր: Հետո էլ ես ինքս պայուսակով եմ: Ի՞նչ են մտածում, որ կվերցնե՞մ իրենց պայուսակը:
Առևտրի քոլեջից մինչև Գայի արձան 63-ը խցանումների չի հանդիպում: Եթե վարորդը արագ է վարում, ապա ժամանակ է շահում, իսկ եթե՝ ոչ, ուրեմն ուշանալու հավանականությունը մեծանում է: Գայի արձանի մոտ սկսվում է խցանումը: Գայի արձանից մինչև Հայկի արձան ավտոմեքենան հասնում է 15 րոպեում: Դրա համար էլ 63-ը մինչև իմ կանգառը 20 րոպեի ճանապարհը 45 րոպեում է անցնում:
Մասիվի խցանումներն անցնելուց հետո ճանապարհին գրեթե խցանումներ չեն լինում: Մեքենան արագ է առաջ շարժվում: Մարդիկ էլ սկսում են իջնել ավտոմեքենայից: Իսկ հիմա, ուշադրություն: Շատ վարորդներ կան, ովքեր լավ չեն լսում կամ համարյա չեն լսում: Պետք է իմանալ ճիշտ «կանգառում կկանգնե՛ք» ասելու արվեստը: Երկու ամսվա ընթացքում ես կարողացա տիրապետել այդ «արվեստին»:
Հիմա պատմեմ մի փոքր պատմություն իմ ու հայրիկի հայտնագործության մասին: Ամեն անգամ ես ու հայրիկը իջնում էինք Ռայկոմի կանգառում: Հետո մենք պետք է անցնեինք 10-15 րոպեի ճանապարհ մինչև հասնեինք Ֆրանսիական քոլեջ: Այդ պատճառով ես մի անգամ (կյանքումս առաջին անգամ) 2 րոպեով ուշացա դասից: Տատիկը ասում էր, որ այնտեղ ավելի կարճ ճանապարհ կա: Մի անգամ ես ու հայրիկը քաջություն արեցինք և որոշեցինք մի կանգառ շուտ իջնել ու գտանք տատիկի ասած կարճ ճանապարհը: Այդ օրվանից ես էլ երբեք չեմ ուշացել:
Երբ դուրս եմ գալիս մեքենայից: Գնում եմ կարճ ճանապարհով և համարյա առաջինը (երբեմն նաև առաջինը) հասնում քոլեջ:
Սա էլ իմ պատմությունը 63-ի խաղի մասին: