Ani avetisyan

Ինչ-որ բան այն չէ

Նույնը։

Այսքա՞ն։

Որ մեքենայի մեջ աչքերս փակ էլ զգում եմ կողքիս ամեն ծառը, խանութն ու նույնիսկ մտախոհ դեմքով մարդուն, ով
ամեն առավոտ այնտեղ է։ Ինչքան էլ անուշադիր եմ ներսում կատարվողին՝ գիտեմ ՝ ով որտեղ է նստելու, ով է տեղը
ուրիշին զիջելու, երբ է վերջապես սկսվելու վեճը, ոնց է ավարտվելու։
Վերադարձող ավտոբուսն էլ տեսնելիս 90 տոկոս ճշտությամբ ժամն եմ գուշակում։ Չնայած, առանց մեքենան
տեսնելու էլ դա մոտս լավ է ստացվում։ Չգիտեմ՝ ինչից է։
Երգացանկս ամեն օր խառնում եմ, թե չէ ռոբոտացումն ամբողջական կլիներ։ Կանգառում դեմքերն էլ են կրկնվում,
այնքան հաճախ, որ սկսում ես հոգնել։
Հետո մտածում ես՝ քեզ ի՞նչ։ Ապրիր, ոնց կաս։ Երգերդ, գրքերդ, ցանկությունդ ու երևակայությունդ էլ հերիք են, որ
քո կյանքը գոնե չկրկնվի։
․․․Համալսարանիս պատին Ռոբերտի նկարն է ու նկարի ներքևի տողերը, որ երբեք չեն հոգնեցի։ Հեղինակի
մակագրությունն էլ։
Ամեն օր նույն դեմքերն են՝ կարճ մազերով աղջիկներին տարօրինակ նայող։ Երկար մազերով տղաների մասին մտքում
ինչ-որ բաներ փսփսացող։ Նույնը՝ ականջակալներով քայլողներին էնպես նայող, ոնց որ «Ավատարի» հերոսներից
մեկին են տեսել։
Չնայած մեկ-մեկ կարելի է իրենց էլ սիրել։ Դե, երբ արևից շուտ ես արթնանում ու դասերից մի ժամ առաջ արդեն
համալսարանից հինգ րոպե հեռավորության վրա լինում։ Սիրուն է առանց շտապելու քայլել ու նայել շտապող
մարդկանց։ Իսկ էդպիսինները շատ են։ Ախր, մենք միշտ ենք շտապում։
Էդ օրերին գետնանցումներն էլ եմ սիրում, նա էլ, որ կիսաքանդ էր։ Որ երեկ վերանորոգում էին։ Իսկ նման
դեպքերում թափված փոշին ու ավազն էլ կարելի է սիրել։
Սկսում եմ երկու անգամ ավելի սիրել մեր երիտասարդությանը, որ ֆուտբոլ ու վոլեյբոլ խաղալով արևային
վահանակներ տարավ Արցախիս հյուսիս։ Գիտեմ՝ Արցախն էլ է նրան սիրում։
Ամեն օր, օրը հազար անգամ հինգ հարկ բարձրանալը չեմ կարող սիրել։ Փոխարենը հինգերորդ հարկի
հեռուստաստուդիան եմ սիրում։
Կրկնվող օրերի մեջ ռուսերենի դասերն եմ սիրում, ինչքան էլ չսիրեմ ռուսերենը։
Պատրիկ Ֆիորիի երգերն եմ սիրում՝ չսիրելով ֆրանսերենը։ Ֆիորիի հայկական ազգանունն եմ սիրում։
Սիրում եմ լսել վեճերը՝ Սարոյանը, Ազնավուրը հայ երաժիշտ ու գրող էին, թե՞ չէ։ Սիրում եմ մտքում կրկնել ՝
բոլորդ էլ ճիշտ եք, լռեք վերջապես։
Կյանքը, մարդկանց չեմ սիրում, երբ Զարայի պատմածն եմ հիշում՝ Քառօրյայի վիրավոր տղերքից մեկի մասին։
Չսիրել չեմ կարող նրանց հետ նույն իրականությունում ապրելուս փաստը։
Պատերազմը չեմ սիրում։ Առանց բացառությունների։
Բայց կյանքը միայն պատերազմը չէ, չէ՞։

Իսկ պատերազմը երևի միշտ էլ կյանք է եղել։