Էսօր ` ժամը 9:37, արթնացա ու սկսեցի ինքս ինձ հետ մենախոսել ու արագ-արագ հագնվել.
-Արդեն համարյա կես ժամ ուշացել եմ նախաճաշից, թուհ, ոնց ա էս քնկոտությունս ինձ խանգարում….
-Այ, աղջիկ ջան, դու արդեն տանն ես,- պատասխանեցի ինքս ինձ: Մի պահ սթափվեցի ու ու նորից պառկեցի, սկսեցի վերլուծել մեր 7-օրյա մեդիա ճամբարը…
Առաջին օրը այդ մեկ շաբաթը այնքան հեռու էր թվում, կարծես թե, մի հավերժություն, սակայն օրերի քանակը արագ փոքրանում էր, իսկ բաժանման տագնապը` մեծանում:
Հիմա տանը նստած հավաքում եմ նյութս ու կարծես թե, «փշերի վրա լինեմ»:
Գիտեք, մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ այս ամենը ժամանակավոր է, և ընդհանրապես ամեն բան ժամանակավոր է, բայց կապվածությունը, ընդհանուր հուշերը, ծիծաղելի դեպքերը դժվար է բաժանումից հետո «մարսելը»:
Օրինակ, հիմա իմ ականջներում լսվում է ճամբարակիցներիս ձայները, ծիծաղը, մեկնաբանությունները, և ինչու չէ, նաև «մուննաթը»:
Աչքերիս առաջ տեսնում եմ նրանց պայծառ դեմքերը… Ու պարտադիր չի ամեն հարմար ու անհարմար պահին ասել` կարոտել եմ, կարծում եմ, որ այս զգացողությունները լիովին բավարար են հասկանալու ու գիտակցելու համար, որ, իրոք, կարոտում ես:
Վերադարձա իմ քաղաք ` Հրազդան, մեկ էլ տեսնեմ` ճանապարհներներ են վերանորոգում, ասֆալտ են փռում, չգիտեմ` ինչ են անում: Պահո… Իմ գնալու հե՞տ էր կապված էս ամենը, թե՞ գալու: Ով իմանա: Իրականում, եթե ես այստեղ լինեի, հաստատ չէի նկատի այս փոփոխությունները:
Ասածս ինչ է. որպեսզի մենք մեկի կամ ինչ-որ երևույթի բացակայությունը նկատենք, հարկավոր է հեռանալ: Վերադառնալով` սկսում ես հասկանալ, գնահատել:
Այսպես էլ ճամբարն էր…
Վերադարձա տուն ու սկսեցի գիտակցել, որ ինձ ինչ-որ բան պակասում է, կիսատության զգացումը խեղդում է: