Երբ մանուկ էի, մտածում էի, որ կյանքը արդեն դասավորված մի ծրագրերի գիծ է, որ ինչ էլ անես, մեկ է, կանցնես քո ուղին, ամեն ինչ հարթ կլինի, կմեծանաս, աշխատանք կունենաս, և վերջ: Ու այդպես բոլոր մարդկանց կյանքերը նույն ծրագրով պլանավորված են, և միայն սպասում են մարդկանց իրենց ապրելուն: Բոլոր այդ կյանքերը ունեն հետաքրքիր ընթացք և երջանիկ ավարտ:
Կվազես քամու հետ հավասար, քեզ կորցնելով, և առանց վախի: Անգամ երբ կընկնես և կվնասես ծնկներդ, միշտ մայրիկդ կողքիդ կգտնվի և կտա քեզ դեղը` ծնկներիդ վերքերի դեմ:
Սակայն փոքր ժամանակ ինձ իրոք միայն ու միայն հուզում էին ծնկներիս վերքերը, և մայրիկի համբույրները, որպեսզի ցավն անցնի: Հետագայում մեծանալով ես հասկացա, որ կյանքը միշտ չէ, որ դասավորված է հեշտ, գեղեցիկ և ուրախ ավարտով: Որոշ Ժամանակ այն «վերքոտ ծնկներ» են` առանց համբույրների: Դժվար անցանելի ճանապարհներ: Ցեխոտ ոտքեր` մաշված կոշիկների մեջ: Անքուն գլուխներ: Կոտրված սրտեր առանց բացատրությունների: Այդ հին և շատ ծանոթ փայտե դուռն է` փոխված կողպեքով և քո անհամապատասխան բանալիով:
Ճիշտ է, կան անհոգ ապրողներ, որոնց համար կյանքը ուղղակի թեթև քայլվածք է բեմի վրա, բայց և կան երեխաներ, որոնք դեռ մանկություն չունենալով, ծանր աշխատանքներ են կատարում: Մարդիկ, ովքեր օրվա հացի գումար վաստակելուց հետո անգամ ուժ չեն ունենում այդ վաստակած հացն ուտելու:
Կյանքը իրականում շատ դժվար է: Ավելի ճիշտ ամենադժվար բանն է: Իսկ դու դրա հենց գլխավոր հերոսն ես, ով պետք է պատվով անցնի այդ ամեն փորձությունների միջով և վերջում հաղթական դրոշակը թափահարի:
Երևի հենց ցավը և տխրությունն են կյանքը դարձնում իրական: Իրական, այլ ոչ թե երևակայական մի երազ: Չէ՞ որ երազներից արթնանալու համար մենք միշտ կսմթում ենք մեզ: Երևի…
Հենց «երևին» է, որ ստիպում է շարունակել հուսալ: Կյանքը միշտ չէ, որ գեղեցիկ է լինում, ինչպես գովազդների գեղեցիկ և երջանիկ դեմքերը, ես դա արդեն հասկանում եմ: