Ես մանուկ ժամանակ շատ չարաճճի եմ եղել, հաճախ տնից փախնում էի ու գնում խաղալու մինչև ուշ իրիկուն: Անկեղծ ասած, շատ էի բարկացնում տնեցիներին: Օրվա ընթացքում ինձ մի երեք անգամ տուն էին բերում, բայց ես էլի փախչում էի: Իմ օրը շատ ուրախ ու զվարճալի էր անցնում, բայց տանեցիների համար երևի այդքան էլ չէ, քանի որ շատ էի ջղայնացնում նրանց: Սակայն ջղայնանալու հետ մեկ տեղ ինձ շատ էին երես տալիս:
Արդեն հինգ տարեկան էի: Մանկապարտեզ գնալու ժամանակն էր: Առաջին օրը, երբ գնացի մանկապարտեզ, այսօրվա պես հիշում եմ. բոլորի հետ կռվեցի, և այդ կռիվը իմ ու երեխաների մեջ շարունակվեց մինչև մտերմանալը: Օրերը անցնում էին հետաքրքիր, ու ամեն օրն ուներ իր պատմությունը: Մանկապարտեզում կազմակերպվում էին հանդեսներ, շատ-շատ էինք զվարճալի խաղեր խաղում: Մի օր դաստիարակները հայտնեցին, որ հանդես ենք անելու: Շատ ուրախացա, և ինձ չկորցնելով, հարցրեցի.
-Ինձ ի՞նչ դեր եք տալու:
Դաստիարակը պատասխանեց.
-Հակոբ ջան, քեզ այս անգամ թագավորի դեր ենք տալու:
Շատ ուրախացա, քանի որ թագավոր էի դառնալու այդ հանդեսում: Հանդեսի ժամանակ շատ լավ կատարեցի իմ դերը, չէ որ պատրաստվել էի մեկ շաբաթ: Անցավ որոշ ժամանակ: Սեպտեմբերն էր արդեն, և ես պետք է հրաժեշտ տայի դաստիարակներին ու երեխաներին, որովհետև դպրոց էի գնալու: Ուրախացել էի, որ գրել-կարդալ եմ: Ունեի գրքեր, տետրեր, գրիչներ, մի խոսքով, պատրաստ էի դպրոցին:
Դպրոցական առաջին օրը ձեռք բերեցի ընկերներ և ընկերուհիներ, նաև ծանոթացա ուսուցիչների հետ: Սիրեցի բոլոր ուսուցիչներին, բայց ամենաշատը սիրեցի իմ դասվարին: Դասերի վերջն էր: Արդեն գնում էի տուն իմ նոր ընկերների ու ընկերուհիների հետ: Ուրախ-ուրախ մտա տուն, որ պատմեմ իմ դպրոցական կյանքի առաջին օրվա մասին:
Բայց եղբայրս կանչեց ինձ իր մոտ և ասաց:
-Հակ ջան, քեզ խելոք կպահես մինչև գամ:
Միանգամից լրջացա ու հարցրեցի.
-Ո՞ւր ես գնում, Գևոր:
-Հակոբ ջան, երկու օրից ինձ բանակ են տանում, ու դու պետք է խոսք տաս, որ խելոք կմնաս:
Մի պահ լացեցի, որ եղբորս բանակ են տանում: Հետո պատասխանեցի.
-Խոսք եմ տալիս, ախպեր ջան, որ ինձ խելոք կպահեմ մինչև գալդ:
Ուրախությունս միանգամից ջուրն ընկավ, ես այդ օրը անգամ հաց չկերա տխրել էի, եղբորս բանակ են տանում:
Առավոտյան դպրոց գնալու ժամն էր, հիշում եմ այսօրվա պես, թե ոնց մայրս ձայն տվեց.
-Հակոբ, վեր կաց, գնա դպրոց: Ուշ է արդեն:
Ես քնաթաթախ ասացի.
-Մամ, դպրոց չեմ ուզում գնալ, որովհետև Գևորին վաղը բանակ են տանում:
Մի պահ աչքս բացեցի ու նայեցի մայրիկիս դեմքին: Զգացի, որ մայրս հուզվել էր, և շատ ազդվեցի: Փորձեցի հանգստացնել մայրիկիս:
Հաջորդ օրը առավոտյան հիշում եմ, բարեկամներով հավաքվել էինք, որ եղբորս բանակ ճանապարհենք: Եղբայրս մեկնեց ծառայության: Մի երկու օր հաց չկերա ու շատ էի տխրել, հետո քիչ-քիչ հասկացա, որ իմ եղբայրը գնացել է ծառայելու Հայոց բանակում, որ ես հանգիստ քնեմ:
Այդ օրվանից ես ասես փոխվեցի: Մեծացա, լրջացա: Օգնում էի տանեցիներին, էլ չարություն չէի անում: Կարճ ասած, արդեն փոքրիկ տղամարդ էի դարձել ու փոխարինում էի եղբորս:
Մանկությունս կարճ տևեց: