Սիրում եմ դասից տուն վերադառնալիս խանութ մտնել և մի բան գնել, որ հասնեմ տուն և ուտեմ: Վերջին մեկ ամիսը խանութ մտնում եմ ոչ միայն սովորությունս իրագործելու, այլև մի քիչ տաքանալու, չէ՞ որ դրսում վախենալու ցուրտ է:
Մտա խանութ, ինչպես միշտ` հերթ էր։ Արդեն հարազատ են դարձել հատակ մաքրող տատիկն ու վաճառողը: Հատակն ինչպես վերջին երկու ամիսը՝ ցեխոտ էր։ Տատիկը մերթ աջից էր սրբում, մերթ` ձախից: Մտածեցի. «Խեղճ տատիկը շնչելու ժամանակ չունի, մաքրի, մաքրի, որ էլի մտնեն ցեխոտեն, էլի մաքրի»։ Այնուամենայնիվ, ոչինչ փոխել չենք կարող. ձմեռ է: Հերթի մեջ երկու պապիկ էին` բարի, տաք-տաք հագնված, մեկի գրպանից էլ թերթ էր կախվել: Անկախ իմ կամքից՝ լսեցի նրանց խոսակցությունը.
-Թոռս ամբողջ օրը էդ, չգիտեմինչական, մուլտիկներն ա նայում ու ընդօրինակում։ «Սպադռ մեն» ա, ինչ ա, չգիտեմ:
-Է՜հ, հայկական մուլտ ու կինոն միայն մենք գիտենք, մեր երեխեքը գիտեն: Թոռների համար հիմա դրանք հետաքրքիր չեն, նոր բաներ են առաջ եկել:
-Բայց ես չեմ թողնի, որ թոռս նայի ու ասի․«Ամենահզորը Սպայդռմենն ա»: Ի՞նչ ա, մենք ամենահզոր չունե՞նք, մենք Սասունցի Դավիթ չունե՞նք:
-Հակո՛բ, էսօր գնում եմ տուն, միացնեմ «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը, որ թոռս նայի ու ասի. «Ես Սասունցի Դավիթն եմ, ամենահզորը Սասունցի Դավիթն ա՛»:
Դուրս եկա խանութից: Մտածելու թեմա ունեի, ինչ-որ բան գնելու կարիք այլևս չկար: