Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու է մայրիկը բարկանում: Ես ու Մուշը ընդամենը գնացինք մինչև փողոցի ծայրը, որպեսզի Դավիթին ճանապարհենք: Ուղղակի հինգ րոպեով: Իսկ երկու ժամ հետո, երբ մենք վերադառնում էինք, մայրիկը տակնուվրա էր անում դպրոցը:
Նա մեզ էր ման գալիս, իսկ Մուշի ընկեր Հովիկը հոգեառ հրեշտակի նման գնում էր նրա հետևից: Նա առանց դադարի բուլկիներ էր խժռում և խոսում:
-Կորե՞լ են, Ռուզան մորաքույր: Դե, ոչինչ, մանյակն է տարել, էլի՜: Դրա մասին լսե՞լ եք:
Մայրիկս մի պահ քարանում է, նայում Հովիկի խոշոր, արագ-արագ շարժվող թշերին, փորձում է հասկանալ նրա ասածը: Իսկ Հովիկը շարունակում է:
-Էդ մանյակի վզի վրա մի մեծ ծակ կա: Էհ, Մուշի բախտը չբերեց, լավ տղա էր…
-Հովիկ, սուս մնա, էլի, ի՞նչ մանյակ:
-Ո՞նց թե՝ ինչ: Որ գողացավ՝ վերջ: Էլ չեք տեսնի: Էլ ման մի եկեք:
Մայրիկս փորձում է փախչել, բայց չի ստացվում:
Հովիկը կարծես թե լռեց, բայց մի պահ, ուղղակի պատառն էր կուլ տալիս:
-Դե լավ, Հովիկ: Մնա այստեղ, ես գնամ Մուշի հայրիկին զանգեմ: Որ Մուշենք գան, թող սպասեն:
-Չէ, էլ չեն գա: Մանյակից ո՞վ է փրկվել, որ իրենք փրկվեն: Մեր հայերենի ուսուցիչն էլ չկա, երևի մանյակի գործն է:
Մայրիկիս ոտքերը թուլացան:
-Զգույշ կլինեք,- նրա հետևից բղավեց Հովիկը,- մանյակը գուցե փրկագին ուզի: Բայց երևի բանը դրան չի հասնի: Մանյակներին փող պետք չէ:
Չգիտեմ, մայրիկը վերջին «խելամիտ» խորհուրդները լսեց, թե ոչ: Քիչ անց դպրոց էր սլանում հայրիկը, մեղմ ասած, գլուխը կորցրած:
Երբ ես ու Մուշը վերադառնում էինք, Հովիկը դեռ նստած էր դպրոցի բակում և մեծ ոգևորությամբ ուտում էր:
-Ա՜, եկաք: Դե, էլ արդեն վերջ, ուշացաք: Մամայիդ տարան հիվանդանոց, էլ չեք տեսնի: Հայրիկդ ոստիկանների հետ ձեզ ման է գալիս քաղաքում: Բայց այնքան հուզված էր, որ երևի… Խեղճ երեխեք, ձեզ երևի մանկատուն տանեն: Տատիկդ հո երեք երեխա չի՞ պահի: Հիմա ամեն բան այնքան թանկ է, որ: Մանկատունն իր դպրոցն ունի, երևի հենց էնտեղ էլ սովորեք: Մուշ, քո էն խաղը ինձ կտաս, չէ՞: Մանկատանը մեկ է, ձեռքիցդ կվերցնեն: Գոհ եղեք, որ ձեր ընտանիքից գոնե դուք կենդանի եք մնացել, թե չէ…
Լավ է, մայրիկը ժամանակին եկավ, թե չէ հիմա այս տողերը գրող չէր լինի: Ինչ մեծ երջանկություն, մենք գնում ենք տուն, մեր տուն…
Իսկ Հովիկը դեռ գալիս էր մեր հետևից, ախորժակով կուլ տալով հերթական բուլկին.
-Այս անգամ ձեր բախտը բերեց, բայց մյուս անգամ, որ փողոցային խուլիգանները բռնեն, էլ չեք պրծնի…
Գոռ Բաղդասարյան, 10տ.
1998 թ.