Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Գրեննիի նոր կացարանը

Սուրբ Ծննդյանը նախորդող շաբաթն էր: Հենց այս ժամանակ էր, երբ հասկացանք, որ հյուրընկալ ընտանիքիս տատիկին (Գրեննիին) ծերանոց տանելու ժամանակն էր: Հոսթ մայրս ու նրա քույրը վերջապես ընդունեցին դրա անհրաժեշտությունը, և մենք սկսեցինք մեր տատիկի տեղափոխման գործընթացը:

Բայց նախ ուզում եմ բացատրել «ծերանոց» երևույթի մասին ամերիկյան ու հայկական պատկերացումների տարբերությունը:

Ըստ հայկական պատկերացումների՝ ծերանոցը վայր է, որտեղ ապրում են լքված ու միայնակ տարեց մարդիկ, ովքեր չունեն իրենց մասին հոգ տանող որևէ մեկին: Ծնողին ծերանոց տանելը զավակի կողմից անպատվաբեր քայլ է համարվում:

Ծերանոցի մասին ամերիկյան պատկերացումները ճիշտ հակառակն են: Էստեղ հավաքվում են տարբեր կյանքի պատմություններ ունեցող տարեց մարդիկ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հոգալ սեփական կարիքները և ունեն օգնության կարիք: Ծերանոցը նոր ընկերներ ու ապրելու ցանկություն ձեռք բերելու լավագույն հնարավորություններից է:

Հա, ուրեմն, ժամանակն էր Գրեննիին ծերանոց տեղափոխելու: Նրա հիվանդությունը հիշողության ու տեսողության կորստի պատճառ էր դառնում, ինչը բարդացնում էր ինքնուրույն ապրուստն անգամ ամուսնու օգնության դեպքում: Նրա ամուսինը համաձայնվեց ապրել ծերանոցում՝ հանուն իր կնոջ կողքին լինելու և նրա մասին հոգ տանելու:

Սկսեցինք տեղափոխման ծանր գործընթացը: Պետք էր ծերանոց տեղափոխել նրանց սիրելի կահույքն ու այն բոլոր իրերը, որոնք կհիշեցնեին տան մասին և կօգնեին ավելի հեշտ հարմարվել օտար միջավայրին:

Մոտենում էր Սուրբ Ծննդյան տոնը: Գրեննին արդեն ծերանոցում էր իր ամուսնու հետ, ու մենք որոշեցինք նշել տոնը նրանց հետ՝ ծերանոցում: Հավաքեցինք նվերներն ու վաղ առավոտյան գնացինք ծերանոց: Գրեննիի ուրախությանը չափ չկար, փայլող աչքերով բացում էր նվերներն ու շնորհակալության խոսքեր կրկնում: Երբեմն մոռանում էր, թե որն ումից է, կամ բողոքում, որ տեսողությունը թույլ չի տալիս գնահատել նվերի ողջ հմայքը:

Իսկ մենք երջանիկ էինք, հենց միայն այն փաստից, որ մեր ներկայությունն այս փոքրամարմին, բայց անսահման բարի հոգով կնոջ երջանկության պատճառն էր: