seda mkhitaryan

Գիտելի՞ք թե՞ հիշողություն

Միասնական քննությունների թեստային կառուցվածքի ու շտեմարանների վերաբերյալ միշտ եղել են բողոքներ ու քննադատություններ։ Այս թեմայի շուրջ զրուցեցինք Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտ, դիմորդ Մանե Բաբաջանյանի հետ։ 

-Որո՞նք են շտեմարանների դրական և բացասական կողմերը։

-Շտեմարանների դրական կողմն այն է, որ քննության ժամանակ հարցերը սպասելի են, որովհետև դրանք շտեմարանի հարցերից են։ Իսկ դա օգտակար է նրանով, որ անհասկանալի բաներն էլ արդեն պարզաբանված են։ Բացասական կողմերից մեկն այն է, որ հաճախ հարցերը կազմված են լինում ոչ հստակ, հետևաբար, ճիշտ պատասխանը գտնելը բարդանում է։ Լինում են դեպքեր, որ պատասխանի տարբերակների մեջ լինում են բառեր, որոնք օրինակ, և՛ շաղկապ են, և՛ վերաբերական, ու սովորողին կարող է շփոթության մեջ գցել, թե այդ դեպքում այդ բառը որպես ինչ դիտարկել։

-Ինչպիսի՞ ազդեցություն են ունենում շտեմարանները աշակերտի վերլուծական մտածողության վրա։

-Շտեմարանների ազդեցությունը հիմնականում բացասական է։ Երեխան սովորում է առանց տրամաբանելու ու շատ դեպքերում առանց հասկանալու ստանդարտ պատասխաններ է անգիր անում։ Մեր խմբի երեխաներից մեկը գիտեր, որ Խորենացու «Թեպետ և եմք ածու փոքր» հատվածը վեց նախադասությունից է բաղկացած։ Բայց ոչ նախադասություններն էր հասկանում, ոչ էլ դրանց բովանդակությունը։

-Ինչքա՞ն ժամանակ է պետք աշակերտին շտեմարանով կրկնություն անելու համար` քննություններին ընդառաջ:

-Հստակ ժամանակ դժվար է նշել, կարծում եմ, կախված է երեխայի ընդունակություններից։ Եթե նորմալ պարապում ես, 3-4 օրն էլ բավական է։

-Շտեմարանների գների հետ կապված ի՞նչ կասեք։

-Շտեմարանների գների հետ կապված բողոքները առաջ են գալիս, երբ լինում են նոր հրատարակություններ, ու աշակերտը ստիպված է լինում նույն տարում և՛ նախորդ տարվանը գնել, և՛ նոր հրատարակվածը։ Սա ոչ բոլորին է հասանելի լինում։

-Նախկինում ընդունելության քննությունների ձևն այլ է եղել, որ տարբերակն եք նախընտրում Դուք։

-Անկեղծ ասած, ինձ համար ավելի նախընտրելի են առանց շտեմարանների քննությունները, որովհետև այդպես ավելի ռեալ կարելի է գնահատել աշակերտի գիտելիքները և այն պոտենցիալը, որը նա ունի: Թե չէ այսպես բոլորն անգիր արած պատասխաններով գնում են քննության ու շատ դեպքերում մի քանի օր հետո ամբողջը մոռանում են, որովհետև հիմքը ամուր չէ։

Այսպիսով` շտեմարանները և միասնական քննությունների թեստային համակարգը ամբողջությամբ չեն ստուգում դիմորդի գիտելիքները, դրանք մեծամասամբ հիմնված են ոչ թե տրամաբանության ու ինտելեկտի, այլ հիշողության վրա։

Մի քանի օրից քննություններ են: Մաղթում ենք բոլոր դիմորդներին հաջողություններ, և հուսանք, կրթական բարեփոխումները այս անգամ չեն շրջանցի քննական համակարգը: