«Միասին» ճամբար, միասին ծնունդ, միասին հրաժեշտ

-Մանե, կցանկանա՞ս  ճամբար գնալ,- հարցրեց ինձ հայրս:

-Այո, կցանկանամ: Ի՞նչ ճամբար է: Որտե՞ղ է: Մենակ ե՞ս եմ գնում,- միանգամից տվեցի մի քանի հարցեր:

-Ճամբարը  «Միասին»-ն է կազմակերպում: «Գոյատևելու դասընթաց» թեմայով է լինելու ,- հայրս փորձեց հիշել իմ տրված հարցերը հերթականությամբ,- Սևանա լճի ափին է լինելու: Մենակ կարող ես գնալ, բայց Սարգիսին հարցնենք, նոր:

Երբ մենք հարցրեցինք եղբորս, նա համաձայնվեց:

Մեր համաձայնությունից  հետո, սահմանված կարգով  «Միասին»-ի  կենտրոնական գրասենյակ ներկայացրեցինք անհրաժեշտ փաստաթղթերը:

Մեզ այնտեղ ասացին, որ մեր ջոկատավարը մեզ  կզանգահարի: Շատ էի սպասում  ջոկատավարիս զանգին:
Եվ ահա: Վերջապե՜ս: Շատ սպասված զանգ …

«Անծանոթ համար է: Հետաքրքիր է, ո՞վ է: Իսկ միգուցե ջոկատավա՞րս է»: Մի ներքին ձայն ինձ ասում էր, որ այդ զանգի հեղինակը ջոկատավարս է :

Փաստորեն  իմ ներքին ձայնը ճիշտ էր: Վերջ, մենք գնում ենք ճամբար:

Ճամբարն սկսեց անախորժ դեպքով: 12-րդ ջոկի ավտոբուսը վթարի էր ենթարկվել: Բարեբախտաբար լուրջ վնասվածքներ ոչ-ոք չէր ստացել: Հիվանդանոց, բուժզննում, վախ, ստրես… Ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:

Չեմ նկարագրի մնացած օրերը: Միայն կնկարագրեմ ծննդյանս օրը:

Մի  աղջիկ, որը շատ երազանքներ ունի  ապագայի հետ կապված, որը չի կարողանում  ընտրություն կատարել  ազատության և սահմանափակ կյանք վարելու միջև, որը շատ է ուզում, բայց միևնույն ժամանակ չի ուզում, դառնում է 16 տարեկան:

Ճամբարում  ժամը 22:00- ին սկսվում  է ուրախ ժամանցը: Պարում ենք, լիցքաթափվում…

Պարելու ժամանակ հանկարծ  լսում եմ.

-Այսօր շատ հետաքրքիր և հաճելի մի անձնավորության ծննդյան օրն է: 15-րդ ջոկի Մանեի: Շնորհավորենք նրան,- լսելով այս նախադասությունը  ես միանգամից նայեցի  ժամին՝ կես գիշերն անց էր: Բոլորը սկսեցին շնորհավորել, գրկել, համբուրել…

Առաջինը ինձ շնորհավորեց  ջոկատի տղաներից մեկը, իսկ հետո ինձ գրկեց ջոկատավարուհիս՝ մի հաճելի, աշխույժ, էներգիայով  լեցուն անձ:

Հետո ջոկիս երեխաների կողմից շնորհավորանքի խոսքեր լսեցի: Մի խոսքով,  ծնունդս սկսեց լավ տպավորություններով:

Առավոտ… Ժամը 6:10…

Ինչպես միշտ, ես շուտ էի վեր կացել: Զանգ ստացա մայրիկիցս: Նրանք պետք է գային՝ տորթ, միրգ և էլի նման բաներ բերեին:

-Մամ, բարև:

-Բարի լույս: Ես քեզ չեմ շնորհավորելու: Չնեղանաս` դեռ դու չես ծնվել:

- Չեմ նեղանում: Դուք ե՞րբ եք գալու…

Ու մենք այսպես խոսեցինք մեկ ժամ, բայց մորս կողմից շնորհավորանքի խոսքեր չստացա:

Օրս սկսվեց հորս շնորհավորանքով և մորս չշնորհավորանքով:

Առավոտվա իրադարձությունների շարունակությունը մի քիչ  ձանձրացնող է: Զանգ… Շնորհավորում եմ… Հասնես նպատակներիդ…

Իսկ այ, կեսօրվա իրադարձությունները ինձ համար  անմոռանալի հուշերի աղբյուր դարձան:

Ովքեր որ ինձ ճանաչում են, գիտեն, որ ես լողալ չգիտեմ, բայց շատ եմ ուզում սովորել: Այդ օրը ես սովորեցի, բայց իհարկե, երեխաների օգնությամբ: Մարիամը, Օնիկը, Կարենը, Վահեն ինձ սովորեցրեցին ջրի վրա մարմինը պահելու նրբությունները, սովորեցրեցին նստել ջրի հատակին  և այլն:

-Ինձ բաց չթողնեք: Խեղդվում եմ: Վախենում եմ: Պինդ բռնեք,- նման խոսքեր իմ շուրթերից ոչ-ոք չի լսել:

Ես սիրում եմ  ջուրը… Պարելով ջրի մեջ ես հասկանում եմ, որ ազատ եմ, որ ճախրում եմ` թևեր ունեմ:

Մենք լողափից վերադարձանք տուն: Գրեցի տու՞ն: Անկեղծ ասած, այս ճամբարը  ինձ համար բոլորից առանձնացված մի քաղաք է «Միասին» անվամբ, իսկ իմ ջոկատը` երեք սենյականոց բնակարան: Ունենք մայր, բայց չունենք հայր՝ նա խոպան է գնացել: Ունենք երեխաների տեսականի՝ չար-չարաճճի, խելոք, համեստ, եփող-թափող  և այլն: Մի քիչ շեղվեցի  թեմայից: Տուն վերադառնալուց հետո մայրս զանգեց:

-Մենք հասնում ենք:

Նրանք եկան, նրանք գնացին, մենք քեֆ արեցինք, ուրախացանք, ծիծաղեցինք…

Նշեմ նաև, որ իմ ծննդյան օրը առաջին անգամ անձրև եկավ: Անձրևի պատճառով տեխնիկան փչացել էր: Եվ մենք չպարեցինք:

Անցավ այդ օրը… Անցան նաև այդ օրվա հաջորդ օրերը… Եկավ հրաժեշտի պահը…

Արցունքներ, հրաժեշտի խոսքեր, կրկին հանդիպման մտքեր, գրկախառնություններ…

Կհանդիպենք…