aniharutyunyanarm

Հարևանություն

 Գյուղացիները իրենց փողոցում կատարվող իրադարձությունները երբեք բաց չեն թողնում: Տղամարդկանց շրջանում հատկապես մեծ իրարանցում է առաջանում, երբ հարևաններից մեկի մեքենան փչանում է, հատկապես, երբ մեքենան վերջերս են գնել ու նոր մոդելի է: Բոլորը իրենց պարտքն են համարում հավաքվել ու կանգնել մեքենայի կողքին: Անգամ Արթուրը, որ ամբողջ կյանքում տրակտոր է վարել, խոր ու մտածկոտ հայացքով նայում է շարժիչին, «ապե»-ներով հագեցած խառը ու տարօրինակ նախադասություններ ասում ու նեղանում, որ իրեն չեն հասկանում: Ընդհանրապես, բոլորն էլ գալիս ու լուրջ հայացքով նայում են, սկզբում փորձում են առաջինը լուծումը գտնել ու հասկանալ, թե ի՞նչն է խնդիրը, բայց կամաց-կամաց սկսում են ուրիշ խոսակցություններով տարվել` մեքենային ու տիրոջը թողնելով մենակ:

Առհասարակ, ձմռան ցուրտ օրերից բացի` փողոցի անկյուններից մեկում միշտ տղամարդիկ են հավաքված, ու միշտ հեռվից մեկը` բարձր խոսելով ու գոռալով քննարկմանը մասնակցելով, ուշացած մոտենում է: Տղամարդիկ հարևանություն են անում փողոցում, կանայք` սուրճի սեղանի շուրջ կամ տան դռան դիմաց, երբ հարևանին տուն են ճանապարհում: Տղամարդիկ հարևանություն են անում մի կապոց խոտ ու բահ փոխանակելով, կանայք` շաքարավազ ու մերան: Տղամարդիկ վիճում են ու երեկոյան կովերին դաշտից տուն բերելիս բարձր ծիծաղում, կանայք վիճում են հավիտյանս հավիտենից: Հավաքված տղամարդիկ խոսում են ու երբեմն լսում իրար, կանայք միայն խոսում են։

Մեր փողոցում ամեն օր լուրջ հարցեր են լուծվում, որովհետև Հրաչը երկրի կառավարման լավագույն ծրագրերն ունի, միայն թե հավես չունի դրանք գրելու, ներկայացնելու. ինքը զբաղված է, հողը պիտի մշակի: Վրեժը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել հաստատ կարող է, բայց դե «զահլա չկա»` քաշքշուկների մեջ ընկնելու: Անուշը բավարարվում է միայն գյուղատնտեսական հարցերը քննարկելով, թե չէ` ամբողջ երկրի հոգսը մի քիչ շատ է իր ծերացած ուսերի համար։

Մեծ հարցերից իջնելով փոքր գյուղ՝ կանայք սկսում են ապրել բոլորի փոխարեն՝ եթե ես լինեի Գոհարի տեղը, տղային էդ աղջկա հետ չէի ամուսնացնի, ախր, դա հարսի փռած լվա՞ցք ա, ես բա էդպես կանեի՞։ Սուրճի բաժակները դատարկվում են մեկ օրվա հավաքված թեմաների հետ. բոլորի կյանքը քննարկված ու դատապարտված է, ճիշտն ու սխալը՝ որոշված, մնաց միայն փողոցի երկու երիտասարդների նոր-նոր սկսվող սերը բացահայտել, բայց սուրճն արդեն վերջացել է, ճաշն էլ վաղուց գազօջախին եռում է։

Գյուղում կանայք իրենց տղաներին հարսնացու են ընտրում ըստ աղջիկների` լավ եփել-թափելու, գործ անելու մակարդակի` բացի, ինչպես հասկացաք, Գոհարից: Գյուղում ապրող աղջիկները բակ ավլել, լվացք փռել ու եփել-թափել պիտի կարողանան, բայց ավելի լավ է` միայն եփել, իսկ եթե կենցաղային գործերը հիանալի անելուց բացի նաև հող մշակել կարողանան, այ դա իսկական երազանքների հարս է: Ո՞ւմ է հետաքրքիր աղջիկների սովորածը, կարդացածը, հավանած գրքերն ու սիրած ֆիլմերը: Գյուղի կանայք հիմնականում գործ անողներին են սիրում, որովհետև ոչինչ, որ իրենց հարսի հետ երկու բառ փոխանակելն անհնար է, ոչինչ, որ հարսի համար երեխա դաստիարակելն անհնար է, կարևորը առավոտյան 9-ին արդեն բակը մաքուր, ճաշը պատրաստ ու փոշիները սրբված լինեն: Բայց շատ մի մտածեք, ինչ էլ անեք, մեկ է` հարևանի հարսը, դե գիտեք, միշտ էլ լավն է:

Տղամարդիկ հարևանություն են անում Ամանորից Ամանոր` խոպանից վերադառնալիս, կանայք` տղամարդկանց սպասելով: Գյուղում տղամարդիկ իսկական հարևանություն անել գիտեն, կանայք էլ: