Մեռած տերևները
Ես այնքան կուզեի, որ դու հիշեիր
Օրերն այն երջանիկ, երբ ընկերներ էինք,
Այդ ժամանակ կյանքն էր ավելի գեղեցիկ,
Ու արևն անգամ՝ ավելի պայծառ այսօրվանից:
Թիակով են հավաքվում մեռած տերևները,
Տեսնում ես՝ ես չեմ մոռացել,
Թիակով են հավաքվում մեռած տերևները,
Ինչպես և հուշերն ու ափսոսանքները:
Եվ քշում է նրանց հյուսիսային քամին
Մոռացության սառը գիշերին:
Տեսնում ես՝ ես չեմ մոռացել
Երգն այն, որ երգում էիր ինձ:
Դա մի երգ է, որ նման է մեզ,
Դու, որ ինձ սիրում էիր, ես, որ սիրում էի քեզ:
Մենք ապրում էինք երկուսս միասին՝
Ես, որ քեզ սիրում էի, դու, որ սիրում էիր ինձ:
Բայց կյանքը բաժանում է միմյանց սիրողներին՝
Կամացուկ, մեղմորեն, առանց աղմուկի:
Եվ ծովը ջնջում է ավազից
Ոտնահետքերը՝ բաժանված սիրահարների:
Մենք ապրում էինք երկուսս միասին՝
Ես, որ քեզ սիրում էի, դու, որ սիրում էիր ինձ:
Բայց կյանքը բաժանում է միմյանց սիրողներին՝
Կամացուկ, մեղմորեն, առանց աղմուկի:
Եվ ծովը ջնջում է ավազից
Ոտնահետքերը՝ բաժանված սիրահարների:
Թիակով են հավաքվում մեռած տերևները
Ինչպես և հուշերն ու ափսոսանքները,
Բայց իմ սերը՝ լռակյաց ու հավատարիմ,
Ժպտում է միշտ ու շնորհակալ է կյանքին:
Ես քեզ սիրում էի, դու գեղեցիկ էիր այդքան
Հիմա ինչպե՞ս ես ուզում, որ քեզ մոռանամ:
Կյանքն ավելի գեղեցիկ էր այդ ժամանակ,
Եվ արևը շողում էր ավելի պայծառ,
Դու իմ ընկերն էիր ամենաթանկ,
Իսկ հիմա ես կարող եմ միայն ափսոսալ:
Բայց երգը, որ երգում էիր ինձ,
Ես կլսեմ այն հավերժ, միշտ:
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Էլլա Մնացականյանի