Մեր նոր թղթակիցները

Հունիսի 25-28-ը «Մանանա» կենտրոնում անց էին կացվում Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի 17.am կայքի նոր թղթակիցների նախապատրաստման դասընթացները: Մասնակիցները տարբեր մարզերից էին`  Սյունիքից, Երևանից, Շիրակից, Լոռուց, Գեղարքունիքից, Արմավիրից, Արարատից, Արագածոտնից,Կոտայքից, Տավուշից և այլն:

Susanna Grigoryan

-Ես Սուսաննան եմ, տասնութ տարեկան եմ, Արագածոտնի մարզի Սասնաշեն գյուղից, հիմա սովորում եմ Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի արդեն երկրորդ կուրսում։

–Ի՞նչն է քեզ դրդել մասնակցելու 17.am-ի կազմակերպած դասընթացին։

-17.am կայքին հետևում եմ վաղուց, միշտ նյութերը կարդացել եմ, և ինձ միշտ հետաքրքրել են մասնակիցները և նրանց ներկայացրած թեմաները։ Միշտ ցանկացել եմ, որ մի օր ես էլ մի բան գրեմ, և իմ նյութն էլ հրապարակեն։ Այդ պատճառով, երբ տեսա դասընթացի հայտարարությունը, որոշեցի, որ դա շատ լավ առիթ է թղթակից դառնալու համար։

–Մասնագիտությամբ իրավաբան ես, բայց քեզ հետաքրքրում է նաև լրագրությո՞ւնը։

-Հաճախ ասում են, որ իրավաբանները ու լրագրողները գտնվում են բարիկադի հակառակ կողմերում, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում իրավաբանները և լրագրողները պետք է ընդհանուր ունակություններ ունենան միմյանց հետ շփվելու համար։ Լրագրությամբ շատ եմ հետաքրքրվում, նույնիսկ մտադրություն ունեմ որպես երկրորդ մասնագիտություն լրագրությունն ընտրելու։

–Այս դասընթացի ընթացքում դու ուսումնասիրում ես ֆոտոլրագրություն, կինոյի և լրագրության դասընթացների ես մասնակցում։ Այս երեք ուղղություններից ո՞րն ես նախնտրում դու։

-Առավել նախընտրում եմ լրագրությունը, սակայն լիարժեք լրագրող դառնալու համար ամեն դեպքում պետք է որոշակի գիտելիք ունենալ, ինչպես և բոլոր ոլորտներում։

–Դառնալով 17.am-ի թղթակից՝ որոշե՞լ ես, թե ինչ թեմաներով ես գրելու։

-Անկեղծ ասած՝ դեռևս չեմ որոշել, թե ինչի մասին կցանկանայի գրել, բայց կպատմեմ մեզ շրջապատող հետաքրքիր մարդկանց մասին, նրանց խնդիրների ու կենցաղի մասին։

–Այս դասընթացի ժամանակ ստացած գիտելիքները արդյոք բավարարում են քեզ։

-Կարծում եմ՝ դասընթացները տալիս են բոլոր բազային գիտելիքները՝ 17.am-ի թղթակից դառնալու համար, իհարկե, մենք բոլորս պետք է փորձենք հնարավորինս կատարելագործել դրանք։

Արմեն Հարությունյան

***

meri avetisyan

-Ես Մերի Ավետիսյանն եմ, Սևան քաղաքից։ Կայքի մասին իմացա, երբ մեր դպրոցում «Մանանա» կենտրոնը դասընթացներ կազմակերպեց: Ճիշտ է, հաճախ չէի հասցնում հոդվածներս ուղարկել, բայց երբ իմացա կազմակերպվող մրցույթի մասին, չուզեցի բաց թողնել ընձեռնված հնարավորությունը:

–Դասընթացներից ի՞նչ ակնկալիքներ ունես: 

–Ցանկություն ունեմ ձեռք բերել մասնագիտական հմտություններ և նոր ընկերներ:

–Ի՞նչ մասնագիտություն ես ընտրել, և արդյոք այստեղ ձեռք բերած գիտելիքներդ քեզ պետք կգան մասնագիտական բնագավառում։

-Ընտրել եմ սցենարիստի մասնագիտությունը: Կարծում եմ՝ այո, որովհետև սցենարիստը աշխատում է մարդու տեսակի, հոգեկերտվածքի հետ: Կառուցում է նրա ներաշխարհը:

–Քեզ ի՞նչ հարցեր են հուզում, որոնց մասին կցանկանաս բարձրաձայնել այս հարթակում: 

–Ուզում եմ ներկայացնել իմ համայնքում առկա խնդիրները, բայց միևնույն ժամանակ մարդկանց, ովքեր իրենց տաղանդով առանձնանում են և ստեղծում են քաղաքի յուրահատուկ կոլորիտը:

–Մոտիվացվա՞ծ ես այդ թեմաների մասին գրելու, դրանք հետազոտելու: 

-Այո՛, իհարկե, հետաքրքիր և վիճահարույց թեմաներ են, որոնք պետք է լուսաբանվեն:

–Ի՞նչ տպավորություն ունես դասընթացներից: 

-Շատ հետաքրքիր է անցնում ժամանակը, և ավելանում են գիտելիքներս ոլորտի վերաբերյալ: Հուսով եմ, որ այս ամենը կկրի շարունակական բնույթ և պատանի թղթակիցներին կայանալու հնարավորություն կտա:

Հայկանուշ Հովսեփյան

***

armen harutyunyan

Արմեն Հարությունյանը 21 տարեկան է, ապրում է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում: Նա «Մանանա» կենտրոնի կազմակերպած դասընթացների մասնակիցներից է: 

-Բարև: Անկեղծ ասած՝ 17.am-ին նոր եմ սկսել հետևել, իսկ դասընթացների մասին իմացել եմ Facebook-ից: Որոշեցի մասնակցել, քանի որ ցանկանում էի մասնագիտանալ ինձ հետաքրքիր ոլորտներում, բացի դրանից՝ մեզ հնարավորություն է տրվում ընկերներ ձեռք բերել Հայաստանի բոլոր մարզերից:

–Դասընթացի ընթացքում դու ուսումնասիրում ես ինչպես լրագրություն, այնպես էլ ֆոտոլրագրություն և ֆիլմ ստեղծելու հիմունքներ: Նշված ուղղություններից քեզ համար ո՞րն է առավել հետաքրքիր:

-Ինձ ավելի հետաքրքրում են լուսանկարչությունն ու ֆիլմարտադրությունը: Տվյալ ոլորտներով հետաքրքրվել եմ դեռևս փոքր տարիքից: 10 տարեկանից սկսած՝ ինքնուրույն ֆոտոներ էի անում, սցենար գրում, նունիսկ փոքրիկ հոլովակներ եմ նկարել:

–Իսկ արդեն մտածե՞լ ես, թե 17.am-ի թղթակից դառնալուց հետո ինչի մասին կցանկանայիր խոսել:

-Իհարկե, մտածել եմ: Ինձ առավել հոգեհարազատ է մարդկանց առօրյան լուսաբանելը: Ի՞նչ են մարդիկ մտածում, ի՞նչ են ցանկանում, ի՞նչն է նրանց հուզում: Նաև վստահ եմ, որ կան շատ մարդիկ, ովքեր ունեն թաքնված տաղանդներ, սակայն ճանաչված չեն: Կարծում եմ, որ կարող եմ նրանց օգնել ճանաչում ձեռք բերելու գործում:

–Ինձ հայտնի է, որ ցանկանում ես կրթությունդ շարունակել ռեժիսորի մասնագիտությամբ: Դասընթացից ստացած գիտելիքները օգտակար կլինե՞ն այդ ոլորտում:

-Իհարկե, շատ օգտակար կլինեն: Մենք ձեռք ենք բերում բազմաթիվ պրակտիկ գիտելիքներ, որոնք օգտակար են բոլոր ոլորտներում, այդ թվում նաև իմ ընտրած մասնագիտության մեջ: Իսկ այն բոլոր երիտասարդներին, ովքեր ունեն տաղանդ, սակայն չունեն համարձակություն կամ հնարավորություն այն արտահայտելու համար, խորհուրդ կտայի դիմել 17.am-ին՝ որպես ինքնաարտահայտման հիանալի հարթակի:

Սուսաննա Գրիգորյան 

***

anna vardanyan

Իմ այսօրվա զրուցակիցը 17-ի նոր թղթակիցներից Աննան է՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղից։ Նա դեռ 14 տարեկանում սկսել է իր համայնքում հիմնախնդիրներ ու դրանց տրվող հավանական լուծումներ գտնել:

Աննայի խոսքով՝ 17-ն էլ հասարակական կյանքին ինտեգրվելու մի միջոց է, բայց թղթակցելու որոշումը այլ դրդապատճառ է ունեցել։

-Լրագրությունն իմ ամեն ինչն է, ես շուրջս կատարվող ամեն իրադարձության փորձում եմ նայել լրագրողի աչքերով, պատկերացնել՝ ինչպես կլուսաբանեի, կմեկնաբանեի: Ուստի որոշեցի, որ 17-ը, լրագրողական կայք լինելով, ինձ մի քանի քայլ ավելի կմոտեցնի իմ երազանքին,- պատմում է Աննան:

–Կա՞ն կոնկրետ ոլորտներ կամ ժանրեր, որոնցում քեզ պատկերացնում կամ չես պատկերացնում լրագրությամբ զբաղվելիս:

-Սպորտային լրագրող չեմ դառնա, դա հաստատ է, սպորտից շատ հեռու եմ: Ինչ-որ կոնկրետ ժանր էլ չեմ կարողանա դեռ առանձնացնել:

–Աննա, ի՞նչ ես կարծում, ընտրածդ մասնագիտությունը ինչո՞վ կնպաստի համայնքիդ զարգացմանը, երբևէ մտածե՞լ ես այդ ուղղությամբ:

-Իմ համայնքն ինձ համար շատ կարևոր է, ու ես անընդհատ փորձում եմ ինչ-որ խնդիրներ հայտնաբերել ու դրանց համապատասխան լուծումներ գտնել: Օրինակ՝ վերջերս Արտենիում բացեցինք համայնքային կենտրոն, որը յուրահատուկ է իր տեսակով: Ֆինանսական որոշակի միջոցներ հայթայթելուց հետո մի գեղեցիկ ավտոբուս դարձավ մեր հավաքվելու հիմնական տեղերից մեկը: Հենց էնտեղ էլ մոտ ապագայում մի ծրագիր եմ պատրաստվում իրականացնել: Նկատել եմ, որ գյուղում մասնագիտական կողմնորոշման խնդիր կա, շատերը ծանոթ են սահմանափակ թվով մասնագիտությունների ու չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել, հետո փոշմանում են, բայց արդեն ուշ է լինում: Ահա դրա համար էլ որոշել եմ մասնագիտական կողմնորոշման դասեր անցկացնել: Կխոսեմ այս ու այն մասնագիտությունների մասին, կպատմեմ, կներկայացնեմ, թող իմանան, ճանաչեն ու ընտրության հնարավորություն ունենան:

–Դպրոցի, դասերի մասին ի՞նչ կասես, սիրելի առարկաներ ունե՞ս:

-Դպրոցում գերազանցիկ եմ: Գրականությունն ու ռուսաց լեզուն եմ շատ սիրում: Հետագայում էլ մտածում եմ, որ ընտրածս մասնագիտության մեջ պետք կգան:

–Իսկ ի՞նչ ես կարծում, եթե ապագայում հնարավորություն ունենաս Հայաստանից դուրս կրթություն ստանալու, հետ վերադառնալու ցանկություն կլինի՞:

-Համայնքս, երկիրս շատ եմ սիրում, բայց կուզեի բացահայտել նոր երկրներ, նոր քաղաքներ, ուստի չեմ շտապում որոշել՝ որտեղ և ինչ պայմաններում կցանկանայի շարունակել ուսումս: Համենայնդեպս, Արտենին չեմ մոռանա երբեք, դա միանշանակ է:

Անահիտ Բադալյան