Մեր նոր գործընկերները

Seek you seek you. Նրանց համար, ովքեր չգիտեն` սա մի ռադիոկանչ է, որի մասին լավ կիմանան ռադիոկապի սիրահարները` որոնում եմ մեկին, ում հետ կարող եմ հաղորդակցվել: Տարիներ առաջ այսպիսի մի «հաղորդագրություն» ստացավ «Մանանա» կենտրոնը Շվեդիայից: Seek you seek you-ն մշակութային կազմակերպություն է, որը զբաղվում է դպրոցականների մեդիա կրթությամբ, համատեղ ֆիլմեր և անիմացիաներ են նկարում: Անցյալ տարի էլ Երեխաների հաղորդակցության միջազգային օրը, երբ Հալլանդ երկրամասի Վարբերգ քաղաքի պատմական ամրոցի տարածքից եթեր էին մտել, ցուցադրեցին նաև մեր կենտրոնի ֆիլմերը: Մեր կենտրոնի աշխատանքները շվեդ երեխաները շատ հավանեցին, և ցանկություն կա նոր և ավելի երկարատև համագործակցության: Եվ այսպես, այս ամառ մեր գործընկերների հրավերով, ավելի մոտիկից ծանոթանալու միմյանց գործունեությանը, «Մանանա» կենտրոնի ներկայացուցիչները Շվեդիայում էին:

Շվեդական Հալլանդ երկրամասի մի փոքրիկ քաղաքում` Ֆալկենբերգում, հուլիս ամսվա սկզբին Seek you seek you մշակութային կազմակերպությունը, այդտեղի թաղամասերից մեկում, որտեղ մեծ մասամբ փախստականներ էին ապրում, կազմակերպել էր կինոյի դասընթացներ: Երեւի կռահում եք, որ դասընթացները հենց փախստականների համար էին, ավելի շուտ նրանց երեխաների: Երեխաները նախ մտածել էին ֆիլմերի գաղափարները, պատմություններ, թե ինչից են իրենք վախեցել և վախենում: Հետո պատմությունները դարձել էին սցենարներ, հենց իրենք էլ դարձել էին դերասաններ և նկարահանել ֆիլմերը: 

Seek you-ում հավաքված մարդիկ արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են, որոնք օգնում են երեխաներին ինքնաարտահայտվել: Օրինակ, Մարիա Էրիկսոնը նախկինում դերասանուհի է եղել, հետո Սթոքհոլմի դրամատիկական թատրոնում ռեժիսոր, դե, հիմա էլ հիմնել է այս կազմակերպությունը: Օսան սցենարիստ է, Յոստան` արվեստաբան, Մեհայլան` անիմատոր, Ինգմարը անիմացիոն եւ մոնտաժային ծրագրերի գիտակ, Բեատրիսը` կինոռեժիսոր: Սկզբունքը պարզ է` նրանք միավորվում են մի գաղափարի շուրջ եւ արվեստի միջոցով փորձում են վեր հանել հուզող խնդիրը: 

Վերջին դասընթացի թեման, որին նաեւ հրավիրված էր «Մանանա» կենտրոնը, երեխաների իրավունքներն էին: Քանի որ երեխաները ընդամենը 10-13 տարեկան էին, ֆիլմերը, որոնք ստեղծվեցին այդ ընթացքում, շատ ծիծաղելի եւ զավեշտալի էին: Դե, մենք էլ օգնում էինք նրանց տարբեր գաղափարային եւ մոնտաժային խորհուրդներով: Բացի այդ ներկայացրինք մեր կազմակերպությունը եւ մեր ֆիլմերից դիտեցինք: Հատկապես շատ հավանեցին Երեխաների իրավունքների մասին մեր ստեղծած շարքը:

Հուսով ենք կկարողանանք համագործակցության եզրեր գտնել եւ միասին հետաքրքիր ծրագրեր իրականացնել:

Seek you seek you, մենք այստեղ ենք և ընդունել ենք ձեր ռադիոկանչը: