tatev arakelyan

Արդեն 12-րդցի եմ

Արդեն 12-րդցի եմ։ Ոմանց մեջ ուրախություն, ոմանց մեջ տխրություն, ոմանց մեջ էլ անորոշություն առաջացնող նախադասություն։

Դե, ուրախություն, որովհետև վերջապես դուրս կգան դպրոցի պատերից ու կմտնեն ազատ կյանք, դպրոցի պատերի ներսում կթողնեն դպրոցական առօրյան, դպրոցական հանձնարարությունները։ Ոմանց համար տխրություն կառաջացնի, որովհետև այլևս երեխա չեն, չեն էլ կարող դառնալ երեխա, ու նորից 6 տարեկան՝ մի քիչ վախեցած, մի քիչ էլ հուզված չեն սպասի իրենց առաջին սեպտեմբերի 1-ին։ Ոմանց մոտ էլ անորոշություն կառաջանա, որովհետև նոր կյանք մտնելու ճանապարհը մի քիչ բարդ ու խնդիրներով կսկսվի, որոնք ցանկության դեպքում շատ արագ լուծում կգտնեն։

Արդեն տասներկուերորդցի եմ։

12 տարի առաջ էր, երբ ես սեպտեմբերի մեկին արթնացա, հագնվեցի, դպրոցական պայուսակս, որի մեջ մի քանի գրիչ ու տետր էր, գցեցի ուսիս ու գնացի դպրոց։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում, բայց մի բան հաստատ էր՝ գնում էի նոր ընկերներ, նոր գիտելիք ձեռք բերելու։

12 տարի եղել եմ Կեչուտի միջնակարգ դպրոցի սան ու հպարտ եմ եղել դրա համար։ 12 տարիների ընթացքում ունեցել ենք շատ դժվարություններ, եղել են և՛ լավ, և՛ վատ օրեր, և՛ ուրախ, և՛ տխուր օրեր։ 12 տարիների ընթացքում ինձ հնարավորություն ընձեռվեց ճանաչել այնպիսի մարդկանց, որոնք հետագայում իմ կողքին էին լինելու դժվար պահերին։ Այդ տարիների ընթացքում, երբ հոգնել եմ դպրոցական առօրյայից ու առաջադրանքներից, եղել են շատ ու շատ դեպքեր, երբ շատ եմ ցանկացել ավարտել դպրոցս, բայց երբ արդեն 12-րդ դասարանի աշակերտ եմ, էլ չեմ ուզում ավարտել ու դուրս գալ այն միջավայրից, որտեղ անցել է իմ մանկությունն ու պատանեկությունը։

12-րդցիների կյանքը մի քիչ տարբերվում է մյուս դպրոցականների կյանքից։ 12-րդցիները մյուս դպրոցականների նման չեն շտապում ավարտել ուսումնական շաբաթը, այլ վայելում են վերջին շաբաթները այդ պատերի ներսում։

Իմ դպրոցն ինձ շատ բան է տվել ու սովորեցրել։ Իմ դպրոցն ինձ տվել ու սովորեցրել է մարդկային էնպիսի արժեքներ, որոնք ինձ հետ կմնան մինչև կյանքի վերջ։ Իմ դպրոցում ինձ տվել են գիտելիք, որը ինձ կօգնի հետագայում լավ կրթություն ստանալու հարցում։

Երբ 12-րդ դասարանի աշակերտուհի եմ, հասկանում եմ, որ երբ դուրս գամ այդ պատերից, կկարոտեմ բոլորին, նախ և առաջ այն ուսուցիչներին, որոնք ինձ դասավանդել են։ Կկարոտեմ այն դասարանը, որտեղ մի ժամանակ անցել է իմ օրվա մեծ մասը։ Կկարոտեմ դասընկերներիս, որոնց հետ ունեցել եմ շատ ու շատ ուրախ ու տխուր ակնթարթներ։